Ինչ է ֆուտբոլն ու ինչու ենք այդքան տառապում նրա ձեռքը

Ինչ է ֆուտբոլն ու ինչու ենք այդքան տառապում նրա ձեռքը

Ինչքան էլ նեղսրտենք, որ չունենք զարգացած ֆուտբոլ, այդուամենայնիվ հայ հասարակությունը բավականին հետաքրքրված է ամենամասսայական մարզաձևով: Վեճերն ու քննարկումներն այս կամ այլ ֆուտբոլիստի, թիմի ու խաղի մասին անպակաս են ընտանիքներում, աշխատավայրերում որտեղ առնվազն երկուսը անտարբեր չեն ֆուտբոլային խաղադաշտերում ու դրանց սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Մյուս կողմից ֆուտբոլային նմանատիպ զրույցների ու դեբատների գլխավոր մեղավորները չեն ներկայացնում Հայաստանն ու ոչ մի ընդհանուր բան չունեն մերօրյա հայկական ֆուտբոլի հետ: Իր եվրոպական վոյաժով բացը փորձեց լրացնել Հենրիկ Մխիթարյանը, բայց ամբողջությամբ տիրել դաշտին չհաջողվեց ու չէր էլ կարող: Հնարավոր չէր ու չէ: Ճիշտ այնպես, ինչպես ազգային հավաքականում, որտեղ արդեն երեսուն տարեկանը հատած խաղացողից պահանջում էին/են ամեն ինչ ու ամենաբարձր որակով, հաճախ անհիմն ու անիմաստ: Այնպես, ինչպես հայկական ֆուտբոլային անհամերաշխ ընտանիքում, որտեղ բոլորը բոլորին կոչ են անում կրկնել ու անցնել Մխիթարյանի ճանապարհով: Խորհրդատուների այս անհասցե կոչերը ոչ ավելին են քան պարզապես կոչեր ու շատ դեպքերում ոչ մի կերպ չեն տեղավորվում ֆուտբոլ ունենալու պահանջների տրամաբանության մեջ:

Ինչ է ֆուտբոլը, ինչու ենք այդքան տառապում նրա ձեռքը, ինչու այն չի զարգանում մեզ մոտ և վերջապես ինչու չենք համակերպվում այն մտքի հետ, որ այն մերը չէ (լավ, վաղուց մերը չէ) ու չէր էլ կարող լինել` հաշվի առնելով տարիներ շարունակ մեր երկրի ու ազգի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները, որոնք հետևանք են բնական, քաղաքական, տնտեսական ու սոցիալական աղետների, որոնք հաղթահարելուց ու ֆուտբոլը ազգային մտածելակերպի մաս դարձնելուց հետո միայն հնարավոր կլինի մտածել այն զարգացնելու մասին:

Ֆուտբոլը սկզբում ժամանցի յուրօրինակ միջոց է եղել, ընթացքում սիրվել ու գերել է շատերին, ոմանց համար դարձել ազգային արժեք ու առանձնահատկություն: Իր անբացատրելի ու անբնական ուժով դեպի իրեն է ձգել բոլորին` անկախ տարիքից, ազգությունից ու կրոնական պատկանելիությունից` իր տեղն ու դիրքը հաստատելով աշխարհի բոլոր անկյուններում: Լինելով սոցիալական երևույթ` ֆուտբոլն ընդգրկել է հասարակության բոլոր շերտերը առաջին հերթին իր մատչելիությամբ ու հասանելիությամբ: Խաղացել են այնտեղ, որտեղ հարմար է եղել ու ինչով հարմար է եղել, տարբեր ժամանակներում գործող կանոնները փոփոխել` ելնելով պայմաններից ու հնարավորություններից: Տարեցտարի ֆուտբոլը սկսել է կրել ավելի մասսայական բնույթ, բուռն զարգացում ապրել`դա ենթադրող ու դրան հարող բոլոր ատրիբուտներով ու երևույթներով հանդերձ:

Որտեղ ֆուտբոլ շատ են խաղացել, այնտեղից էլ սկսել են դուրս գալ մեծ թվով ֆուտբոլիստներ ու մարզիչներ, որոնք համալրելով իրենց գյուղերի, քաղաքների թիմերն ու երկրների հավաքականները սկսել են իրենց ֆուտբոլային հմտությունները հրամցնել մյուսներին: Օրեցօր աճող մրցակցության պայմաններում ավելի են կատարելագործվել` ընթացքում ձևավորելով իրենց հատուկ ոճն ու ընտրել զարգացման տարբեր ուղղություններ: Իհարկե ոչ բոլորին է հաջողվել դա միանգամից անել կամ ընդհանրապես անել` կախված աշխարհագրական դիրքից ու աշխարհաքաղաքական գործընթացներից, հնարավորություններից ու պայմաններից, սակայն մի բան անհերքելի է, որ դա լավագույնս հաջողվել է այն երկրներին, որտեղ ֆուտբոլը ազգային մտածելակերպի անբաժան մաս է կազմել` անկախ տարատեսակ դժվարություններին ու խոչընդոտներին:

Շատ տարիներ առաջ բրազիլացի Ժոան Սալդանյան, խոսելով բրազիլական ֆուտբոլի մասին, նշել է, որ այն յուրատիպ է, մյուս երկրների ֆուտբոլից տարբերվող ու բացատրել՝ ինչով: Յուրաքանչյուր երկիր ունի իրեն հատուկ ֆուտբոլը, այնգամ այն դեպքում, երբ օգտվում է բոլորի կողմից ընդունված մարտավարական համակարգերից ու մեթոդներից: Այստեղ տեղի է ունենում երաժշտության մեջ հանդիպող երևույթը` նոտաները նույնն են, նվագախմբի գործիքավորումը` նույնպես, բայց յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական ազգային երաժշտությունը: Յուրաքանչյուր երկրի ֆուտբոլ նույնպես իր ազգային առանձնահատկություններն ունի, սակայն բրազիլական ֆուտբոլի տարբերությունը մյուսներից, ըստ Սալդանյայի, որոշվում է ոչ միայն այդ սկզբունքով: Նախ բրազիլացի խաղացողները շատ վաղ հասակից են սկսում ֆուտբոլ խաղալ ու ընդհանրապես բրազիլացի մանուկը սոցիալական ծանր դրության հետևանքով չափազանց շուտ է մեծանում, հետո կլիմայական պայմաններն են նպաստում ֆուտբոլով զբաղվելուն, բարենպաստ են խաղացողների ֆիզիկական զարգացման համար, մկանները ճկուն են, որոնք նման կլիմայական պայմաններում տաքանում են ինքնաբերաբար և ամենակարևորը` ֆուտբոլը Բրազիլիայում միայն ժողովրդական արվեստի սովորական տարատեսակ չէ, այն անհամեմատ ավելի խորը երևույթ է` ժողովրդական կիրք` շատերի համար դեպի բարեկեցիկ կյանք տանող թերևս ամենահասանելի ճանապարհ:

Պատահական չէ, որ մինչ օրս բրազիլական ֆուտբոլը հանդիսանում է եվրոպական ֆուտբոլային ընտանիքը տաղանդավոր խաղացողներով համալրող հիմնական մատակարարներից մեկը: Նույնիսկ Հայաստանի նման փոքր երկիրը ժամանակին չդիմացավ գայթակղությանն ու հույսեր կապեց բրազիլացու հետ, որը պակաս արժանապատվությամբ չներկայացրեց մեր հավաքականը, ինչպես դա կաներ իր հայրենիքի` Բրազիլիայի ազգային հավաքականի գույները պաշտպանելիս: Սա խոսում է նրանց նպատակասլացության ու մարզական չարությամբ օժտված լինելու, չհանձնող բնավորության ու կամային բարձր որակների մասին:

Հայաստանն էլ իրեն հատուկ ֆուտբոլն ունի, սակայն այն անհամեմատ ավելի խորը երևույթ չէ, քան ժողովրդական արվեստի ու մարզաշխարհի մնացած ճյուղերը, որոնցով մոլորակը ճանաչում է մեր երկիրը: Ցեղասպանությունների, պատերազմների, երկրաշարժերի միջով անցած երկրում, որը մինչ օրս զգում է դրանց հետևանքները, գոյությունը, դարավոր պատմությունը, կրոնն ու մշակույթը պահելու օրհասական խնդիր ունի լուծելու, որի սերունդներ կորցրած ժողովուրդը սոցիալական ու տնտեսական ծանր դրությունից օրվա հացը վաստակելու միջոց է տեսել արտագաղթը, ֆուտբոլը չէր ու չի կարող լինել առաջնահերթություն, ժողովրդական կիրք, առավել ևս ազգային մտածելակերպի անբաժան մաս:

Նույնիսկ նման պայմաններում միշտ գտնվել են նրանք, որոնք իրենց սուրբ պարտականությունն են համարել կանխել ֆուտբոլի մահը Հայաստանում ու, նրան շունչ տալով, հույս փայփայել, որ այն մի օր կկայանա երկրում, սակայն տարբեր ժամանակահատվածների թելադրած պայմաններից ելնելով ընթացքն ինչ-որ կետում ընդհատվել է` ստիպելով ամեն անգամ սկսել ելակետից մարդկային ու նյութատեխնիկական անդառնալի կորուստներով: Անցած դարի երկրորդ տասնամյակի մարդկային կոտորածի ու հաջորդ տասնամյակի վերջին տեղի ունեցած արհավիրքի դառը հետևանքները դեռ չմարսած հայ ֆուտբոլիստն ու մարզիչը ստիպված են եղել գնդակը փոխարինել զենքով, իսկ խաղադաշտը ռազմաճակատով ու միայն հայրենականի ավարտից հետո հաջորդ երեք տասնամյակում են կարողացել մի փոքր շունչ քաշել` գրելով հայկական ֆուտբոլի պատմության ամենափառավոր էջերը: Սակայն ութսունութի երկրաշարժը, արցախյան գոյամարտն ու հետխորհրդային ծանր տարիները վերջնականապես հյուծեցին երկիրն ու նրա ֆուտբոլը: Նվիրյալների շնորհիվ միայն այն պահպանեց գոյությունը, բայց անասելի արագությամբ զարգացող մարզաձևի օրվա մարտահրավերներին դիմակայել այլևս անհնար էր:

Տարիներ շարունակ մարդկային, նյութական կորուստներ կրած, հնարավորությունների բացակայության, շատ հաճախ հանդիպող արհեստական խոչընդոտների արդյունքում` պայմանավորված գրված ու չգրված օրենքներով, հայկական ֆուտբոլը մշտապես եղել է հետապնդողի դերում ու թերևս կարող է հպարտանալ միայն լոկալ հաղթանակներով` լինի թիմային, թե անհատական: Մի իրավիճակում ենք, երբ համարյա կես դար է անցել, բայց հայ ֆուտբոլասերը դեռ ապրում է խորհրդային տարիներին Երևանի «Արարատի» նվաճումների մասին հիշողություններով, ամեն շաբաթ աղոթում, որ Հենրիկ Մխիթարյանը վնասվածք չստանա ու շարունակի խաղալ ինչքան հնարավոր է երկար: Հետխորհրդային տարածքում հայկական ֆուտբոլը ասոցացվում է Երևանի «Արարատի» ու միայն նրա հետ, որից այսօր ոչինչ չի մնացել, իսկ ֆուտբոլային աշխարհը Հայաստանի ու նրա ֆուտբոլի մասին իմացավ շնորհիվ Մխիթարյանի, որի տաղանդը սկսեց աչք ծակել բրազիլական ֆուտբոլին ծանոթանալուց ու նրանով վարակվելուց հետո: Մինչ այդ հեռանկարային խաղացողներից էր, որին մարզիչները, ինչպես շատերին, լավ ապագա էին խոստանում…

Շարունակելի

Հաբեթ Հարությունյան

wp-apeth