«Թիմս օգնեց, որ կարիերաս փրկեմ». «Շիրակը»՝ կյանքի դպրոց

«Թիմս օգնեց, որ կարիերաս փրկեմ». «Շիրակը»՝ կյանքի դպրոց

… աղետալի պայմաններում են աշխատել ու մարզվել: Սա միաբերան կրկնում են բոլորը, որոնք անցել են ֆուտբոլային այդ դժոխքի միջով: Բացերը փակելու համար այլընտրանքային լուծումներ են գտել՝ ժամանակահատվածի ֆուտբոլային շատ կանոններին ու ֆիզիկայի օրենքներին հակառակ: Ժամանակի ֆուտբոլային մարտիկներին մինչ օրս անհայտ է՝ ինչպես էին այդ ժամանակ իրենց մարզիչներն Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ գործը գլուխ բերում, մարզումային գործընթաց կազմակերպում: Կատարյալ չի եղել ամեն ինչ, բայց առավելագույնն արվել է: Անելանելի թվացող իրավիճակներից նույնիսկ Գառնիկ Խաչատրյանը գտել է ելքեր՝ փորձելով ինչ-որ կերպ հեշտացնել մարզիչների գործն ու օգնել ֆուտբոլիստներին կատարելագործվել:

  • Թեթև ատլետիկայի մարզիչների հետ պայմանավորվել էի: Մեր մարզումներից բացի տղաները գնում էին նաև ատլետիկայի մարզումների: Նրանցից նույնպես շնորհակալ եմ, իրենց լուման նույնպես ունեն մեր հաջողություններում: Զգում էի, որ կա դրա կարիքը,- հիշում է Գառնիկ Խաչատրյանը:

Փոխադարձ հարգանքն ու վստահությունն են եղել հիմքում: Մեկը մյուսին օգնելիս հաճույք են ստացել, թև ու թիկունք եղել՝ խաղացողից մարզիչ, մարզչից ղեկավար:  Ուրախացել են մյուսի հաջողությունով, կանգնել նրա կողքին՝ ամենադժվար պահին:

  • Գառնիկ Խաչատրյանն ընկեր էր մեզի, մեծ ընկեր: Այն մարդն է, որը սովորեցրել է, որ պետք է դուրս գանք խաղադաշտ կրելու համար ու ամեն ինչ էրել է դրա համար: Շատ մեծ լումա է ունեցե մեր մեջ հաղթողի հոգեբանություն սերմանելու հարցում: 59 խաղ անընդմեջ պարտություն չենք ունեցե: Ինքը կրվել չէր սիրե, թիմն էլ ըդպես էր դարձրե: Ոչոքին՝ պարտություն էր իրա համար,- հիշում է Արթուր Պետրոսյանը:

Աշխատել են մի միջավայրում, որտեղ մարզիչները լրացուցիչ ջանք չեն թափել սաներին տրամադրելու համար: Մարզումներ ամենացրտին ու ցեխի մեջ, սառը ասֆալտին ու դա չի հոգնեցրել: Չի հոգնեցրել անգամ նրանց, որոնք ստիպված են եղել լրացուցիչ մարզվել ընկերներից հետ չմնալու համար: Հարկ եղած դեպքում նախագահը նույնիսկ չի սպասել, կաշխատեն նրանք թույլ կողմերի վրա, թե՝ ոչ: Հաճախ անձամբ է ղեկավարել գործընթացը:

  • Ուղարկում էինք խաղացողներին Մայր Հայաստան, աստիճաններով բարձրանում, իջնում էին: Կամացկամաց ավելացնում էինք: Շատ սիրով անում էին: Օրինակ Արարատ Հարությունյանը: Տեխնիկապես պատրաստված էր, բայց ֆիզիկապես զիջում էր, նույնը Ֆելիքս Խոջոյանը: Կրոսային վազքեր էինք անում, ես էլ խաղացողերի հետ միասին: Վազում էինք մինչև Թորոս, ծանր էր՝ հաշվի առնելով այն, որ բարձունքները շատ էին: Բացառությամբ մեկերկուսի բոլորը դիմանում էին,- պատմում է  Գառնիկ Խաչատրյանը:

Մի օր, սակայն, մինչև վերջ «դիմանում են» բոլորն՝ ի զարմանս Գառնիկ Խաչատրյանի, որն երբեմն գործընթացը ղեկավարել է մեքենայից: Ֆուտբոլիստներն ունեցել են առաջադրանք. յուրաքանչյուր ազդանշանի ժամանակ մի քանի մետր արագացում: Կարճ ժամանակ անց տղաները կորում են Խաչատրյանի տեսադաշտից:

  • Մենք վազեինկը, Խաչատրյանն ավտոյով ետևներիցս գուկար: Ամեն սիգնալին արագացում պտի էնեինք: Կես ճամփա չէինք հասե՝ սիգնալը սիգնալի ետևից ու ըտպես համարյա մինչև վերջ: Վրեկս վիճակ չէր մնացե: Հետո պարզվեց, օր սիգնալների մեծ մասը վաբշե մեզի հետ կապ չի ունեցե: Խաչատրյանը՝ մեծ շրջապատի մարդ, ավտոն էլ սաղ գիտեին: Պռոստը դիմացից եկող ավտոները սիգնալով բարև են տվել, Խաչատրյանն էլ պատասխան սիգնալ է տվե…,- ծիծաղով հիշում են շիրակցիները:

Սա խոսում է նաև աշխատասիրության մասին: Տղաները դրանով աչքի են ընկել, մինչդեռ առանց դրա հնարավոր չէր շատ բանի հասնել: Հայաստանը նոր էր անկախացել, Եվրոպայում շատերը չէին էլ ճանաչում երկիրը: Այս առումով ևս դժվար է եղել, որ շիրակցիները դուրս գնան, սակայն ակումբի ղեկավարությունը վստահեցրել է, որ եթե նույնիսկ չնչին հնարավորություն լինի դուրս գնալու, ապա ամեն ինչով կաջակցեն: Տղաները հավատարիմ էին «Շիրակին», խաղում էին առանց որևէ ակնկալիքի ու պատրաստ էին իրենց վերջին հարվածը ֆուտբոլում անել հարազատ թիմի մարզաշապիկով, բայց կար նաև հարցի սոցիալական կողմը՝ չնայած նրան, որ ակումբի ղեկավարությունը հնարավորն ու անհնարինն արել է տղաների հոգսերն ինչ-որ չափով թեթևացնելու համար:

Ի դեպ, ուշադրության կենտրոնում են եղել բոլորն առանց բացառության ու գտնվել են հավասար պայմաններում:  Աշխատավարձերի հետ կապված Գառնիկ Խաչատրյանն իր մոտեցումն է ունեցել, հիմա նման բան նույնիսկ դժվար է պատկերացնել: Անհնար է ստեղծել կամ ունենալ թիմ, որտեղ նման կերպ կաշխատեն: Եղել է հավասարություն: Հարություն Վարդանյանից, Արթուր Պետրոսյանից սկսած մինչև վերջին պահեստայինը: Ճշմարիտ է ասված՝ սիրում ենք ֆուտբոլը, որովհետև խաղադաշտում բոլորս հավասար ենք:

  • Երևանից Հարութին ու Արթուրին առաջարկել են տեղափոխվել մայրաքաղաք: Նրանց խոստացել են տուն, մեքենա, գումար: Այս մասին ես հետո եմ իմացել: Երկուսն էլ պատասխանել են, որ Հայաստանում նույնիսկ առանց գումար կխաղան միայն «Շիրակում»: Մնացածի մասին խոսելն ավելորդ է: Շնորհակալ եմ, որ գնահատել են իմ աշխատանքը ու առաջարկված հարստության հետ չեն փոխել: Հիմա նման մարդիկ քիչ կան,– ասում է Գառնիկ Խաչատրյանը:

Դուրս գնալու առաջին հնարավորությունը ստացել է Արթուր Պետրոսյանը: Նա իր խաղով գրավել է ոչ ավելի, ոչ պակաս Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Լուրը միանգամից լայն արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում ու հետխորհրդային երկրներում, այլ նաև Եվրոպայում:  Ֆրանսիական «Ֆրանս Պրես» պարբերականը նույնիսկ հասցրել է շփոթել Արթուր Պետրոսյանին մեկ այլ խաղացողի հետ՝ նշելով, որ «Արսենալ» ակումբը փորձաշրջանի է հրավիրել ֆրանսիական «Կանի» հայազգի հարձակվող Պասկալ Պետրոսյանին։ Աղբյուրը նույնիսկ պնդել է, որ 22-ամյա Պետրոսյանն «Արսենալում» անցկացնելու է երկու շաբաթ և միայն փորձաշրջանից հետո պարզ կլինի կմնա խաղացողը Լոնդոնում, թե՝ ոչ: Նմանատիպ բովանդակությամբ տեղեկություն են տարածել նաև եվրոպական այլ պարբերականներ, մինչդեռ Հայաստանում բոլորը գիտեին, թե իրականում ում ծառայություններով է հետաքրքրված «Արսենալը» ու ով է մեկնել Լոնդոն փորձաշրջանի: Հայկական «Ֆուտբոլ» շաբաթաթերթից այդուամենայնիվ որոշել են ստուգել տեղեկությունն ու կապվել են Պասկալ Պետրոսյանի գործակալի հետ: Վերջինս հաստատել է, որ Պասկալը ոչ մի տեղ չի մեկնել: Հետագայում հերքվել է նաև «Կանալ+» հեռուստաալիքի տեղեկությունը՝ համաձայն որի, Վենգերը ժամանել է Ֆրանսիա Պասկալին իր թիմ հրավիրելու համար։ Պարզվել է, որ մարզիչը պարզապես այցելել է իր դստերը։ Այնուհետեւ «Ֆուտբոլ» շաբաթաթերթից կապվել են Արթուր Պետրոսյանի հետ, որը տեղեկացրել է, որ մեկ շաբաթ է, ինչ «Արսենալի» հրավերով գտնվում է Անգլիայում և փորձաշրջան է անցնում: Ֆուտբոլիստը հավելել է, որ սկզբում մեկնել է Մոսկվա, որտեղ անգլիական «Արսենալի» ղեկավարության խնդրանքով, շատ արագ՝ ընդամենը մեկ օրում, ստացել է մուտքի թույլտվություն։

  • Ակումբը նախապես ինքնաթիռի «բիզնես» կարգի տոմս էր գնել Անգլիա մեկնելու և վերադարձի համար։ Լոնդոնի օդանավակայանում ինձ դիմավորեց ակումբի վարորդը։ Ապրում եմ քաղաքի մերձակայքում գտնվող հինգ աստղանի հարմարավետ հյուրանոցում։ Առավոտյան այստեղ են հավաքվում «Արսենալի» բոլոր ֆուտբոլիստները, նախաճաշում ենք, այնուհետև գնում մարզումների։ Ինձ թիմի տղաներին ներկայացրեց գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։ Թիմում փորձարկվում են ևս երկու նորեկ ֆուտբոլիստ ազգությամբ կամերունցի և ֆրանսիացի։ Լեգեոնականների հետ պարապում է երկրորդ մարզիչը։ Ուզում եմ ձեզ հետ կիսել ուրախությունս, քանի որ կարծիքն իմ մասին հենց առաջին օրերից դրական է։ Անկախ այն բանից կհաստատվեմ «Արսենալում», թե ոչ, հպարտ եմ, որ մարզվում եմ այսպիսի հեղինակավոր ակումբում, այնպիսի ճանաչված ֆուտբոլիստների հետ։ Թեև նեղվում եմ անգլերենից, սակայն խաղընկերներիս օգնությամբ բացը լրացնում եմ։ Երկկողմանի խաղ ունեցանք։ Ինձ ընդգրկեցին առաջին թիմում։ «Փորձությունս» հաջող անցավ։ Խաղի ընթացքում ինձ հաջողվեց օգտագործել նախընտրածս հնարքը՝ արագ խաբսերով ու երկար ուղերթով կտրելանցնել 50-60 մետր տարածություն։ «Մեր» թիմը հաղթեց 4:2 հաշվով, երկու գոլ խփվեց իմ փոխանցումներով։ Հանդիպման լավագույն ֆուտբոլիստը, կարծում եմ Դենիս Բերգկամպն էր, իսկ ես նշվեցի լավագույն եռյակում։ Իմ փորձաշրջանն «Արսենալում» կշարունակվի ևս մեկ շաբաթ,- «Ֆուտբոլ» շաբաթաթերթին պատմել է Արթուր Պետրոսյանը:

Թվում էր՝ ուրորէ կկայանա հետխորհրդային ֆուտբոլի ամենասպասված ու առաջին խոշոր տրանսֆերը, սակայն մի օրում ամեն ինչ փոխվել է: Սա այն դեպքում, երբ «Արսենալը» պատրաստ է եղել պայմանագիր ստորագրել գյումրեցի ֆուտբոլիստի հետ: Անգլիական կողմը հրաժարվել է վճարել միլիոններ Պետրոսյանի տեղափոխության համար, որը, «Շիրակից» գաղտնի, պահանջել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այդ ժամանակվա ներկայացուցիչները՝ նախագահ Արմենակ Սարգսյանի գլխավորությամբ:

Սա այն դեպքում, երբ Գյումրին ներկայացնող ակումբի ղեկավարությունը, անկախ խոչընդոտներից ու խնդիրներից, փորձել է ամեն ինչ անել ֆուտբոլիստին օգնելու համար: Նույնիսկ հասցրել են համագործակցել ՖԻՖԱ-ի արտոնագիր ունեցող գործակալ Ֆիլիպ Հուբերի հետ, որն ակումբի անունից պետք է համաձայնեցներ պայմանները՝ կապված Արթուր Պետրոսյանի հնարավոր ցանկացած տրանսֆերի հետ դեպի գերմանական, անգլիական, իտալական, ֆրանսիական, իսպանական, ավստրիական և շվեյցարական ակումբներ: Ի դեպ, փաստաթղթում նշվում է, որ վերը նշվածից բացի ակումբն որևէ այլ բան չի լիազորել գործակալին, իսկ ցանկացած պայմանագիր կարող է ստանալ իրավական ուժ, երբ այնտեղ կլինի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ստորագրությունը:

  • Մեծ հոգեբանական հարված էր,  մոտիվացիան կորավ: «Արսենալից» հետո 17 օր անցավ, վերադարձա «Շիրակ»: Պայմանագրի պայմանները ասել էին, մի օրում ամեն ինչ փոխվեց: Մի տարի նման ծանր վիճակում էի, խաղադաշտում ստվերս էր: Թիմս օգնեց, որ կարիերաս փրկեմ, շարունակեմ խաղալ: Սաղի մասին է խոսքը. ընկերներս, մարզիչներս, նախագահը: Հավաքականի տղաներն ու մարզիչները նույնպես օգնեցին, որ ոտքի կանգնեմ:  Ե՛վ «Շիրակի»,  և՛ հավաքականի խաղերի ժամանակ կթվար թե ֆանատներն ընձի կաջակցեն: Դա էլ էր մեծ էներգիա, օր չհանձնվեի, բայց հավատացեք շատ դժվար էր: Խաղադաշտում էի, բայց ներկա չէի: Զգում էի, որ էն ֆուտբոլը չէ, որ կարող էի խաղալ: Եթե 2-3 տարի էլ Հայաստանում խաղայի, կարիերաս կավարտեի,- հիշում է Պետրոսյանը:

Միահամուռ ուժերով հաջողվում է օգնել Պետրոսյանին կրկին հավատալ իր ուժերին: Վաղուց ժամանակն էր, որ նա ուժերը փորձեր արտասահմանում: Հասցնում է մի քանի ամիս Իսրայելում խաղալ, հետո տեղափոխվում է Ռուսաստան: Կարճ ժամանակ անց վերադառնում է հարազատ «Շիրակ» և միայն դրանից հետո մեկնում Շվեյցարիա, որտեղ արդեն խաղում էր Հարություն Վարդանյանը:

  • Իսրայելում ու Ռուսաստանում շատ չմնացի, բայց հասցրեցի հասկանալ, որ որպեսզի արտասահմանում հաջողության հասնես, մի երկու գլուխ բարձր պետք է լինես, խաղադաշտում պտի վազես, ագրեսիվ լինես, գումարած խաղային բոլոր որակները: Սկզբից «Յանգ Բոյզն» էր: Որակական առումով ու ամեն ինչով տարբերվում էր: Շատ կարևոր էր լեզու իմանալը: Այնտեղ որտեղ աշխատում ես ու ապրում, պտի լեզուն իմանաս: Առաջին օրվանից դրա վրա եմ աշխատել: Պայմանագիր ստորագրեցի, բայց դրանից երկու ամիս անց նոր եկնել եմ: Երկու ամիս սովորեցի գերմաներեն: Դրսից եկել ես, դու պտի ապացուցես՝ դու ով ես: Պայմանները համեմատելի չեն, մանավանդ էն ժամանակ: Մի քիչ հեշտացավ գործս այն առումով, որ Հարութն ընտեղ էր, ամեն ինչում կօգներ, սովորելու, թարգմանելու և այլ հարցերով: Լրիվ ուրիշ աշխարհ էր: Բայց դրան զուգահեռ, երբեք չպետք է մոռանաս անցյալդ ու որտեղից ես դուրս եկել: Ես գնացել եմ «Ցյուրիխ» ու «Յանգ Բոյզ», բայց սկսել եմ «Շիրակում», իսկ «Շիրակի» հետ մեկտեղ հավաքականում: Էդ հոգեբանությամբ մարդ եմ ու վստահ եմ՝ դա իմ մարզիչների ու մասնավորապես Գառնիկ Խաչատրյանի հետ մարդկային շփումների ու նրա տված դաստիարակության արդյունքն է: Մայր Հայաստանի աստիճաններով ելնելը, ձմեռվա վազքերը, Թորոսը: Իրան սիգնալ կուտային, մենք ռիվոկ կենեինք: Դրա արդյունքն էր, որ երբ Շվեյցարիայում էի խաղում, ասում էին՝ ձիու սիրտ ունի: Նրանից շատ բան եմ սովորել: Կարելի է ասել՝ նա միայն ղեկավար չէր, մեր ուսուցիչն էր, իսկ «Շիրակը»՝ կյանքի դպրոցը:: Մենք մի թիմ ենք, մի ոգի ունենք, իրար պտի օգնենք: Դա էր, երևի, լեննականցու դաստիարակությունը, նրա ուժը…,- ասում է Արթուր Պետրոսյանը:

Հաբեթ Հարությունյան

wp-apeth