Հայտնի են հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների ժամկետները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են 2021-2022 ուսումնական տարվա՝ 2022 թվականի հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և իրականացման կարգը:
12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):
12-րդ դասարանում սովորողները հունվար ամսին հանձնում են պետական ավարտական քննություններ.
- «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 11.01.2022 թ.,
- «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 12.01.2022 թ.,
- «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ), 14.01.2022 թ.,
- Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն»)՝ բանավոր (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար), քննաշրջանի ընթացքում,
- «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար), քննաշրջանի ընթացքում, սովորողի ընտրությամբ:
12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը՝ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված շտեմարաններից և հաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից: Ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարանների ռուսերենի բանավոր («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ հաստատության առարկայական մեթոդական միավորումները` ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի և նյութերի հիման վրա:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, մտավոր հետամնացություն ունեցող սովորողներն ուսումնական հաստատությունն ավարտում են անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈՒՊ):
Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին:
Պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Այդպիսի կենտրոն է դառնում յուրաքանչյուր հաստատություն: Քննության մասնակից սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված սովորողների թիվը չի կարող գերազանցել 20-ը. պետք է խստորեն պահպանվեն հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը: