Կյանքից հեռացել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:
«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի կոմպոզիտորի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին: Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով»,- ասված է հաղորդագրությունում:
Կոմպոզիտորի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանը:
«Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Գյումրու պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանի մահվան մասին: Հայկական երգարվեստի մեծանուն գործիչը, նոր շունչ տալով շիրազյան ձոնին, Գյումրուն և գյումրեցիներին նվիրել է «Գյումրի-Լենինական» օրհներգը՝ դրանով իսկ հավետ մնալով քաղաքի պատմության էջերում, վայելելով գյումրեցիների անսահման սերն ու երախտիքը: Անգնահատելի է կոմպոզիտորի ավանդը հայկական երգարվեստում, հայկական մշակույթի հանրահռչակման և երաժշտարվեստի զարգացման գործում: Խորապես ցավակցում և կիսում եմ Վլադիլեն Բալյանի հարազատների, մտերիմների, գործընկերների և նրա երգարվեստի սիրահարների վիշտը»,- ասված է ցավակցական ուղերձում: