Ծագումով գյումրեցի ենք

Ծագումով գյումրեցի ենք

Հարգելի ընթերցողներ, սկսում ենք տպագրել հատվածներ Ռուբեն Գասպարյանի «Ծագումով գյումրեցի ենք» գրքից: Այն կկտրի ձեզ առօրյա հոգսերից եւ կտանի իր ուրույն աշխարհը, ձեր ունեցած լիաթոք ծիծաղով կհաղթեք տխրությանը: Կարդացեք եւ վայելեք, այն գրված է գյումրեցիների մասին, գյումրեցիների համար:

Ռուբեն Գասպարյան, մականունը՝ Ղուրբան

Լոս-Անջելեսի «Ուրախ Գյումրի» հեռուստածրագրի տնօրեն, կինոդերասան, գեղանկարիչ, պարուսույց, սպորտի վարպետ (սուսերամարտի գծով), ֆուտբոլի հանրապետական կարգի մրցավար, բարերար, ԽԱՇԻ համաշխարհային ֆեդերացիայի նախագահ, վաստակավոր ԹԱՄԱԴԱ։

Ծնվել է 1946-ին, հայրաքաղաք Լենինականում (Գյումրի)։ Սովորել է Գյումրիի թիվ 5 միջնակարգ դպրոցում, ապա՝ Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում։ 1967-ից ապրել է Երևանում։ Նկարահանվել է շուրջ 30 գեղարվեստական ֆիլմերում, 10 «բումերանգ» մանրապատումներում և 6 վավերագրական կինոնկարներում։

1994-ից տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Լոս-Անջելեսում նկարահանել է «Իմ Գյումրի» վավերագրական ֆիլմը, որտեղ հանդես է գալիս որպես սցենարիստ և գլխավոր դերակատար։ Նա բազում հետաքրքիր միջոցառումների հեղինակ է ԱՄՆ-ում։

Լոս-անջելեսցիները լավ են հիշում, թե ինչպես 1998-ի դեկտեմբերի 13-ին, «Անուշ» ռեստորանում, հանդիսավորությամբ տոնվեց «մեծ խաշի» 3000 տարին։ Ղուրբանի շնորհիվ, 1700 հոգուց բաղկացած մի ամբողջ սրահ հոտնկայս ծափահարեց գյումրեցի մեծանուն սրախոս՝ Պոլոզ-Մուկուչի 120-ամյա հոբելյանին՝ գնահատելով Շիրակ աշխարհի անսպառ ու անկրկնելի հումորը։

Նորից Ղուրբանի նախաձեռնությամբ «Ուրախ Գյումրիի» գրասենյակում հղացավ «Գյումրի Միություն» ստեղծելու հայրենանվեր գաղափարը։

Մեծ է նաև Ղուրբանի բարեգործական գործունեությունը։ Այս տարիների ընթացքում նա երեք կոնտեյներ օգնություն է ուղարկել Գյումրու հիվանդանոցներին, ծերանոցներին, մանկատներին, ինչպես նաև թիվ 5-րդ դպրոցին։ Նրա շնորհիվ մի քանի տարի անընդմեջ, Գյումրիի շատ անապահով ընտանիքներ և կազմակերպություններ Սուրբ Զատիկին իրենց սեղանների վրա վայելեցին մեր հայկական լավաշն ու ձուն։

Նրա հովանավորչական հրավերով Լոս-Անջելես են եկել մեր անվանի կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանը, Ռուբեն Գևորգյանցը, Ալբերտ Մկրտչյանը, ժողովրդական դերասաններ Մհեր Մկրտչյանը, Կարպ Խաչվանքյանը, աճպարար Ռաֆայել Պետրոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության «Սարդարապատ» համույթը, «Հրաշք» մանկական համույթը և շատ ուրիշներ։

Այսօր Ղուրբանի տնօրինությամբ գործող «Ուրախ Գյումրի» հեռուստածրագիրը սիրելի և հոգեհարազատ է ոչ միայն Լոս-Անջելեսում:

Ռուբեն Գասպարյանը՝ Ղուրբանը, ամուսնացած է, ունի հրաշալի ընտանիք։ Զավակներն են Լիլիթը և Կարենը։ Կինը՝ էլմիրա Գասպարյանը, լինելով «Ուրախ Գյումրի» հեռուստածրագրի հաղորդավարուհին և պատասխանատուն, բարոյապես միշտ թև ու թիկունք է իր ամուսնուն և իր ընտանիքին։

Ահա թե քանի անուն ունի Ոուբեն Գասպարյանը։ Նայած ով որ անունն է նախընտրում կամ հիշում. Ղուրբան, Զուլում, Ջիգյար, Ջեյրան, Ղայդին, Ղարիբ, Ղոչաղ, Մատաղ, Բազարի Արսենի տղա Պլոն։

«Ծագումով գյումրեցի ենք» (մաս 2)

«Ծագումով գյումրեցի ենք» (մաս 3)

wpn-zarhing