«Ծագումով գյումրեցի ենք»

«Ծագումով գյումրեցի ենք» (մաս 1)

«Ծագումով գյումրեցի ենք» (մաս 2)

Ծիծաղով Է ապրում գյումրեցին

Ծիծաղով է ծնվում գյումրեցին, ծիծաղով շնչում, ծիծաղով ապրում, ծիծաղով հյուրասիրում, ծիծաղով լացում, ծիծաղով էլ մեռնում։

Ամեն մի տհաճ երևույթ ծիծաղի է փոխում և ծիծաղով խաղաղեցնում վեճ ու խոսակցություն։ Ասեմ, որ մեծ խոսելն ու գլուխ գովելը նույնպես Գյումրիից է դուրս եկել, դե ով ունենար գյումրեցու պես գլուխ, որ չգովար։ Գյումրեցին սիրում է ամեն ինչի մեծը՝ և լավի, և վատի ու ասում է. «Նույնիսկ մարդու հոգեառն էլ բդի մեծ եղնի»։

Գյումրեցիք թասիբ ու ղեյրաթով ժողովուրդ են։

Երբ գյումրեցին եկեղեցի է գնում, առաջինը աղոթում է ծնողների համար, երկրորդը՝ բարեկամների, ապա մտերիմների ու հարևանների, նոր իր ընտանիքի անդամների, և վերջում՝ իր համար։

Ասեմ, որ Լենինական անունը վերցված է լեն ու բոլ բառակապակցությունից, իսկ ինչո՞ւ Գյումրի, որովհետև էնտեղ լիքը գյումրեցի կապրի։

Երբ Ղուրբանին հարցնում են, թե Գյումրիում ինչ լավ բան կա, նա պատասխանում է. «Շատ լավ բաներ կան, օրինակ, լավ գերեզմանատներ կան, կմտնես, մեռնելդ կուգա»։

Այ, եթե երկրաշարժ չեղներ, Գյումրին Լաս-Վեգասի պես քաղաք կեղներ։ Իսկ երկրաշարժը շատերի համար ժաշք էր, շատերի համար էլ՝ հրաշք։ Երկրաշարժին խալխի մեռելների հաշվին շատ մարդ հարստացավ։

Շատ յոլ ու ղայդով քաղաք էր Գյումրին։

Օրինակ, Աստված մի արասցե, եթե մեկի տունը մարդ էր մեռնում, հանգուցյալի հարազատները տեղյակ չէին լինում, թե մեռելը ոնց էր թաղվում։ Ծանոթ, բարեկամ, մտերիմ, հարազատ, հավաքվում, հոգում էին ծախսերը և մեռելի տիրոջ հոգսը թեթևացնում։

Սա մի բացառիկ երևույթ էր, որը հատուկ էր միայն Գյումրուն ու գյումրեցուն։
Գյումրեցոնց ժամադրության ձևն ու տեղը մեկն էր.
«Ծո, իրիկունը վարը կեղնիս»։

Գյումրեցիք, շատ յուրահատուկ մարդիկ են։

Երբեմն մեկը մեկի հետ խոսում են յոթհարկանի հայհոյանքներով, սակայն էդ քյուֆուրի մեջ անգամ քնքշանք ու գուրգուրանք կա, աղ ու համեմունք կա, որը նորից յուրահատուկ է միայն գյումրեցիներին։

Գյումրեցիք հետաքրքիր ժողովուրդ են։

Օրինակ, նայում ես, գեղեցիկ հագնված, տեսակ-տեսակ կոստյումներով, սպիտակ վերնաշապիկներով ու փողկապներով, կարծես պաշտոնյա են և գիտական աշխատող, քայլում են փողոցով, հանդիպում ընկերներով, բարևում, ողջագուրվում և ասում.
«Ի՞նչխ ես, ոռի տղա…»։

Հբը, ըսիկ մենակ գյումրեցին կեներ։

Շատ հետաքրքիր ադաթներ ուներ գյումրեցին։ Օրինակ, երբ գնում էին աղջիկ տեսնելու, գնում էին ամբողջ հարազատներով։ Եվ հարազատներից ամեն մեկն իր հերթին չափում էր աղջկա խելքն ու տնտղում, թե արդյո՞ք ամեն ինչ տեղն է։ Մեկը ջուր էր ուզում և ասում.

«Աղջիկ ջան, տար էս կռուշկեն զարկե վեդրոյի գլխին, ջուրմ բեր»։

Ու նայում, թե աղջիկը ինչխ բդի ջուր բերե. խելքը տեղն է, թե կռուշկեն բդի վեդրոյին զարկե։ Կամ դիտավորյալ բանմ կուզեն, որ աղջիկը գնա գա, տեսնեն՝ ոտքերը ծուռ է, քոռ է, թոփալ է, թե ամեն ինչ նորմալ է։ Իսկ եթե տղայի դուրը գալիս էր, հատուկ ձև գոյություն ուներ, հանում էր շախմատաձև թաշկինակը ու քիթը սրբում։ Դա հավանության նշան էր։ Հետո տղային ու աղջկան թողնում էին առանձին սենյակում՝ ծանոթանալու միմյանց հետ։ Հարսանիքից մի քանի օր հետո աղջկա հարազատները հարսի օժիտը տանում էին տղայի տուն։ Աղջկա ունևոր լինելը պարզվում էր նրանից, թե քանի ձեռք բրդից անկողին է տարել, քանի հատ բարձ, քանի դյուժին սրբիչ, քանի դյուժին ներքնաշոր։ Հարսանիքից մեկ օր առաջ քավորը, ազապբաշին ու փեսայի ընկերները, դուդուկների նվագակցությամբ փեսային տանում են բաղնիք լողացնելու, որը կոչվում էր «փեսա-բաղնիս»։
Նույն ձևով քավորկինն էր հարսին տանում բաղնիք լողացնելու։ Այս անգամ թառի, քյամանչայի ու դաֆի նվագի տակ, որը կոչվում էր «հարսն-բաղնիս»։ Այսպիսի հետաքրքիր սովորույթ կար։

Հարսանիքի տերն ու տիրակալը քավորն էր։ Նա հարսանիքի մասնակիցների կենացները պետք է խմեր ճյուղ առ ճյուղ, թուփ առ թուփ և բոլորն էլ պետք է արտահայտվեին, իրենց շնորհակալությունները հայտնեին։ Հարսանիքը պարտադիր շարունակվում էր մինչև լույս, քանի որ հատուկ մոմերով պար կա, որը կոչվում էր «Առավոտլուսուն»։ Այդ պարը պարում էին շրջան կազմած, դրսում, լույսը բացվելուն պես, ու հետն էլ երգում էին. «Չեմ ու չեմ, չեմ ու չեմ, չեմ կընա խաղա», «Ծաղիկ ունեմ ալա է» երգերը։ Ընդունված էր, որ ամեն մի կենացից հետո նվագողները պետք է տուշ նվագեին։ Եթե մարդը հարգված էր կամ լավ շաբաշ տվող էր, տուշը երկար էին նվագում։ Իսկ վերջում հայտնի «ճամփու-ղայդեն» երաժշտության տակ, քավորին ու խնամիներին տուն էին տանում։ Երբ հարսանքավորները տուն էին վերադառնում, հարևան-բարեկամները հարցնում էին, թե վերջում կռիվ եղա՞վ։ Եթե կռիվ է եղել, ուրեմն ղայդին, հետաքրքիր հարսանիք է եղել։ Հարսանիքի երկրորդ օրը, նորից մեծ ծախս էին անում, ավելի մտերիմ մարդկանցով «Ազաբ բաշու մայմեն» էին բացում ու նորից շարունակում քեֆ ուրախությունը, այն, ինչ հատուկ է էդ հող ու ջրին։

Շարունակելի