Ցավալի միջադեպերի պատճառը միայն բանակում չպետք է փնտրել
Վերջին շրջանում բանակում տեղի ունեցող ողբերգալի դեպքերը ոմանք ուզում են պայմանավորել ինչ-որ դավադրություններով կամ քաղաքական դրդապատճառներով։ Ու ցավալին այստեղ նրանում է, որ տեղի ու անտեղի սկսել է քննադատվել բանակը դու դրա սպայական կազմը։
Սպայական կազմի քննադատության հետ կապված ստորև տեղադրում ենք նախկինում սպա աշխատած, Տիգրան Արեգունու բավական կոշտ հոտվածը։ Իսկ ես կփորձեմ մոտենալ բանակային խնդրին այլ տեսակետից։
Խորապես համոզված եմ, որ միջանձնային անառողջ հարաբերությունները երկրի ցանկացած ոլորոտում, այդ թվում բանակում, ունեն շատ ավելի լուրջ խորքային պատճառներ։ Ցանկացած մարդու գործողություն պայմանավորված է նրա աշխարհընկալումից, մտածելակերպից, զարգացման ու արժեքային մակարդակից։ Այս ամենը մարդու մոտ ձևավորվում են վաղ տարիքում՝ մանկապարտեզում, դպրոցում, սոցիալական միջավայրում, մեր օրերում նաև՝ համացանցի ու մեդիադաշտի օգնությամբ։ Պետք է փաստել, որ բոլոր այս ոլորտներում մեր պետությունը կատարելապես ձախողված է։ Մեր երիտասարդների արժեքային ձևավորումը պայմանավորում են այսօր այնպիսի ուժեր, որոնց բնավ ձեռնտու չէ ուժեղ հայի գոյությունը։ Պետք է նաև փաստել, որ սա համաշխարհային՝ անդեմ ու անարժեք մարդու ձևավորման տենդենց է։
Հետևաբար ցանկացած տեսակի ներանձնային ճգնաժամի լուծում՝ այդ թվում բանակում, պետք է լուծել հայ մարդու ճիշտ աշխարհընկալման ձևավորման օգնությամբ։ Իսկ դա հնարավոր է միայն պետական ազգանպաստ քաղաքականության ու համազգային ջանքերի շնորհիվ։
Բանակում տեղի ունեցող ցավալի միջադեպերի պատճառը միայն բանակում չպետք է փնտրել։
Բանակ է գնացել 2000-ականների սերունդը։ Հենց 2000-ականներից սկսած՝ հեռուստատեսությամբ մեծ թափ հավաքեցին անորակ, գռեհիկ, լպիրշ ու անարժեք սերիալները։ Այդ աղբը լցվել է մեր ջահելների ուղեղը, այդ աղբը դարձել է մերօրյա սերունդի կյանքի արժեքը։ Էլ չհաշված ավերված ու անմխիթար կրթական համակարգը, որը փորձարարական լաբորատորիա է եղել ամեն նորանշանակ նախարարի համար։ Դպրոցը վաղուց կորցրել է իր իրական նշանակությունը։ Դե իսկ ազգային գաղափարախոսություն տերմինն անգամ այսօր շատ քչերին է հուզում։
Բանակային երկու տարիները շատ քիչ են զինվորին վերադաստիարակելու համար։ Զինվորը պետք է գնա բանակ արդեն դաստիարակված՝ հասկանալով, թե ինչի համար է ծառայում, ինչ են իրենցից ներկայացնում բանակը, պետությունը կամ մերձավորին սեփական անձի պես սիրելը։
Լուսավորության նախարարություն- ահա իրական զինվոր դաստիարակելու և բանակի մարտունակությունը բարձրացնելու առաջին ինստիտուտը։
Մարդու արժեքային համակարգը կարող է փոխվել անգամ մի որակյալ ֆիլմ նայելուց կամ սեփական պատմության հերոսական դրվագներին ծանոթանալուց։ Միակ բանը, որ դեռ մեր ձեռքից չեն առել, դա գենետիկան է։ Իսկ գենետիկան ի զորու է շատ կարճ ժամանակահատվածում ամբոխացած ժողովրդին կրկին ազգի վերածել։
Իզուր չի ասել Նժդեհը, թե «տվեք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մի հատիկ սերունդ, և ես կապահովեմ Ազգիս տեղը արևի տակ»։
Նույն ողբերգական զոհերը մենք ունենք նաև խաղաղ պայմաններում, ուղղակի դրա վրա ուշադրություն դարձնողներն են քիչ։ Անկապ բառի ու արտահայտության համար այսօրվա սերունդը պատրաստ է դանակը մտցնել դիմացինի սիրտը ու պարծենալ, թե «ճշտի» համար է արել։
Լուսավորության նախարարությունը կարող է դառնալ Ազգային անվտանգությունը ապահովող թիվ մեկ ինստիտուտը։