Զգուշացեք շաքարից

Զգուշացեք շաքարից

Ժամանակին «սպիտակ ոսկի» համարվող շաքարը այսօր ավելի հաճախ սկսել է ստանալ «սպիտակ մահ» անունը: Թերեւս դա անհիմն չէ:

Մի քիչ պատմություն

Մարդու համար քաղցրահամ սնունդը միշտ էլ հաճելի է եղել, և մարդկությունը դարեր ի վեր փորձել է գտնել բույսերից քաղցրահամ նյութեր ստանալու միջոցներ։

Հին աշխարհում քաղցր հյութեր էին քամում արմավենուց, կեչուց, իսկ հնդիկները շաքար ստանում էին եղեգից։ Նրանք հավաքում էին եղեգաշաքարի հյութը, եփում էին մինչև սպիտակ բյուրեղանման հատիկների առաջացումը։ Եվրոպացիները շաքարին ծանոթացան Ալեքսանդր Մակեդոնացու՝ Հնդկաստան կատարած արշավանքների շնորհիվ և հենց «րՈւՈՐ» բառն էլ հնդկական ծագում ունի՝ «sazkara», որը նշանակում է «քաղցր»։

Միջին դարերում շաքարը Եվրոպա էր տեղափոխվում արաբական երկրներից՝ Եգիպտոսից և Սիրիայից։

Շաքարի պատմության մեջ շրջադարձային եղավ Ամերիկայի հայտնաբերումը։ 1493-ին Քրիստափոր Կոլումբոսը շաքարի եղեգը տեղափոխեց Ամերիկայի արևադարձային շրջան, ուր եվրոպական տերությունները ստեղծեցին շաքարեղեգի հսկա պլանտացիաներ։ Չորս դար շարունակ շաքարը համարվել է ճոխության առարկա, էկզոտիկ համեմունք, որը բավականին թանկ արժեք է ունեցել։ Օրինակ Անգլիայում 14-րդ դարում 1 թեյի գդալ շաքարն արժեցել է մոտ 1 դոլար և հասանելի է եղել միայն ունևոր խավին։ Միայն 1747 թվականին գերմանացի քիմիկոս Անդրեաս Մարգգրաֆը ճակնդեղից ստացավ քաղցրահամ նյութ և համեմատելով եղեգից ստացված շաքարի հետ հայտարարեց, որ դրանք համարժեք նյութեր են։ Այս հայտնագործությունը հնարավորություն տվեց շաքար ստանալ ճակնդեղից, ստեղծվեցին գործարաններ, և այլևս շաքարը դարձավ ավելի մատչելի ու հասանելի բնակչությանը։

Օրը 16 գդալ

Վերջին 50 տարում շաքարի պահանջարկը և արտադրությունը կրկնակի անգամ ամբողջ աշխարհում ավելացել է։ Եթե օգտագործվող շաքարի քանակը հաշվենք թեյի գդալներով, ապա կստացվի, որ մեզանից յուրաքանչյուրը, այդ թվում երեխաները, միջինում օգտագործում են օրը 16 թեյի գդալ շաքար։

Շաքարը իրենից ներկայացնում է սախարոզա, որը կազմված է գլյուկոզայից և ֆրուկտոզայից։ Այն պատկանում է արագ յուրացվող շաքարների խմբին։ Մեր օրգանիզը շաքար է ստանում ոչ միայն շաքարավազ օգտագործելիս, այլև ավելի շատ՝ տարբեր սննդամթերքների, օրինակ՝ քաղցր հյութերի, խմորեղենի, տարբեր թանձրահյութերի, թխվածքների, մուրաբաների, ջեմերի, շոկոլադի, կարամելի հետ։ Կարևոր մի փաստ։ Շաքարը կարող է առաջացնել «հակում», և նրա պակասը լրացնելու համար պահանջվում է կրկնակի չափաքանակ։ Այդպիսի «քաղցր կյանքից» հատկապես շատ տուժում են երեխաները։

Մանկական ճարպակալումների թիվը սկսել է շեշտակիորեն աճել։
Տղամարդիկ այսօր օրական ընդունում են միջինում 190 կիլոկալորիա ավել, քան 25 տարի առաջ, կանայք՝ 335 կիլոկալորիա, դեռահաս տղաները՝ 335 կիլոկալորիա։ Ահա այն հարցի պատասխանը, թե ինչու բնակչության 60 տոկոսն ունի ավելցուկային քաշ, իսկ դեռահասները կորցնում են իրենց սլացիկությունը, դառնում սակավաշարժ և հաճախակի հիվանդացող։

«Քաղցր կյանքի» դառը հետեւանքները

Ըստ գիտնականների վերջին հետազոտությունների արդյունքների՝ շաքարային դիաբետով հիվանդների թիվը աշխարհում ավելացել է։ Հիվանդացության աճի մեջ մեծ դեր է խաղացել սննդում շաքարի և ածխաջրերով հարուստ այլ սննդամթերքների առատ օգտագործումը։

Աշխարհում գրանցված շաքարային դիաբետի դեպքերի 25 տոկոսը կապված է ոչ թե ժառանգական նախատրամադրվածության, այլ ոչ ճիշտ սննդի հետ։ Եթե օրգանիզմն ամեն օր ստանում է 150 կկալ ավելցուկ պարզ շաքարների ձևով, ապա շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը մեծանում է 11 անգամ։

Շատ երեխաներ, այդ թվում նախադպրոցական հասակի, նախաճաշի և ճաշի փոխարեն ընտրում են քաղցր ըմպելիքներ, թխվածքներ, տարբեր տեսակի քաղցրեղեն, դրանով իսկ նպաստելով ավելորդ քաշի կուտակմանը, որից ազատվելը հետագայում լինում է առավել բարդ և դառնում է ճարպակալման պատճառ։

Շաքարները լինում են տարբեր տեսակի, և բոլորն էլ պատկանում են ածխաջրատների խմբին։ Դրանք սննդային նյութեր են, որոնք օրգանիզմում ընթացող նյութափոխանակության պրոցեսների վրա ունեն տարբեր ազդեցություն։

Ածխաջրատները լինում են պարզ (մոնոսախարիդներ) և բարդ (պոլիսախարիդներ)։

Բարդ ածխաջրատները կազմված են 2 կամ մի քանի միմյանց կպած պարզ ածխաջրատներից (օրինակ՝ օսլա)։

Քաղցր համ ունեն պարզ ածխաջրատները (գլյուկոզա, ֆրուկտոզա), իսկ բարդ ածխաջրատները քաղցր համ են ստանում, երբ օրգանիզմում քայքայվում են՝ դառնալով պարզ ածխաջրատներ։

Կենցաղում մեր սննդի ռացիոնում մեծամասամբ օգտագործում ենք սախարոզա, որը գլյուկոզայի և ֆրուկտոզայի, միասնությունն է։ Սախարոզան մեր կողմից օգտագործվող շաքարն է, որը բացի պարզ ձևով օգտագործելուց օրգանիզմը ստանում է նաև թխվածքների, մուրաբաների, ջեմերի, քաղցր ըմպելիքների, պաղպաղակի, շոկոլադի, կոնֆետների և այլ քաղցրահամ սննդամթերքի միջոցով։ Բացի այդ սախարոզա կա նաև բանջարեղենում, օրինակ՝ բազուկի 100 գրամում՝ 12 գրամ, գազարի 100 գրամում՝ 3,7 գրամ, մրգերից բանանի 100 գրամում՝ 13,7 գրամ, խնձորի 100 գրամում՝ 3,0 գրամ։

Գլյուկոզա. — Սա այն փոքրիկ աղյուսն է, որից կազմված են պոլիսախարիդները (բարդ շաքարները)։ Գլյուկոզան լինելով պարզ շաքար պատկանում է արագ յուրացվող շաքարների դասին։ Այն շատ արագ ներծծվում է ստամոքս-աղիքային տրակտից և անցնում է արյան մեջ, իսկ այնուհետև` տարբեր օրգանների բջիջների և հյուսվածքների մեջ։ Գլյուկոզայի յուրացման ժամանակ առաջացող էներգիան ամենահեշտ և արագ ստացվող էներգիայի աղբյուրն է օրգանիզմի համար, քան մնացած ածխաջրատներից առաջացած էներգիան։

Գլյուկոզան անհրաժեշտ է կենտրոնական նյարդային համակարգի, մկանային համակարգի աշխատանքի համար, սակայն նրա ավելցուկային քանակները օգտակար չեն օրգանիզմի համար, դրանք վերածվում են ճարպաթթուների և տրիգլիցերիդների։ Այդ իսկ պատճառով էլ շաքարի մեծ քանակներ օգտագործելու դեպքում օրգանիզմում մեծանում է ճարպակալման և ավելցուկային քաշի առաջացման հավանականությունը։

Շաքարի (սախարոզայի) կազմության մեջ մտնող մյուս պարզ շաքարը ֆրուկտոզան է, որը նույնպես արագ յուրացվող շաքար է և արագ էներգիա է տալիս, չնայած գլյուկոզայի համեմատությամբ ավելի դանդաղ է յուրացվում, բացի այդ ֆրուկտոզայի յուրացման մեխանիզմում ինսուլինը չի մասնակցում։

100 գրամ շաքարը պարունակում է 374 կիլոկալորիա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս կրճատել շաքարի քանակը՝ օրվա նորման հասցնելով 30 գրամի (6 թեյի գդալ), քանի որ մեր կյանքը դարձել է պասիվ, այդքան էներգիա չենք օգտագործում, և շաքարը օրգանիզմում դառնում է ճարպ։

Ուսումնասիրելով տարիների ընթացքում ունեցած բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա՝ շաքարը այժմ համարում են «քաղցր թույն»։ Շատերը թերևս չգիտեն, որ շաքարի յուրացման համար օրգանիզմը ծախսում է մեծ քանակությամբ կալցիում, որը թուլացնում է ոսկրային համակարգը։

Շաքարը մեծ վնաս է հասցնում ատամի էմալին, ունի էմալը քայքայող հատկություն։ Բացի այդ շաքարը նպաստում է բերանի խոռոչում թթվության բարձրացմանը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում ախտածին մանրէների բազմացման համար։

Շաքարի ավելցուկային քանակները նպաստում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը, քայքայում են արյունատար անոթների պատերը։

Շաքարի ավելցուկը նվազեցնում է իմուն համակարգի ուժը մոտ 17 անգամ։ Որքան մեծ է շաքարի քանակը արյան մեջ, այնքան թույլ է իմունիտետը։

Շաքարի ավելցուկային քանակը նպաստում է արագ ծերացմանը, այն թուլացնում է հյուսվածքների առաձգականությունը։

Օրգանիզմն առողջ պահելու համար պետք է խուսափել շաքարի չարաշահումներից, և մեզանից յուրաքանչյուրն իր համար պետք է անի ճիշտ եզրակացություն՝ կարգավորելով քաղցրի օգտագործումը։

wpn-zarhing