Նոր աշխարհ՝ նոր կանոններով (մաս 2)

Նոր աշխարհ՝ նոր կանոններով (մաս 2)

Ինչպես նշեցինք հոդվածի առաջին մասում (սկիզբն այստեղ:), այս ամենի արդյունքում առայժմ միակ շահող երկիրը Չինաստանն է։ Սակայն միայն Չինաստանով չի սահմանափակվում Կորոնավիրուսի շահառուների ցուցակը։ Այսօր փլուզվում է աշխարհի ֆինանսատնտեսական ամբողջ համակարգը՝ ազդարարելով համաշխարհային նոր բարեփոխումների ու հնից ազատվելու անհրաժեշտության մասին։ Ինչ էր իրենից ներկայացնում հին համակարգը՝ սպառողական աշխարհ, որտեղ ամեն ինչ ուղղված էր մարդկանց կարիքների բավարարմանը։ Սակայն այդ կարիքները միանգամայն տարբերվում էին բնական կարիքներից։

Մարդիկ վերջին տարիներին իրենց գումարների առյուծի բաժինը ծախսում էին այնպիսի իրերի ու ծառայություների վրա, որոնք ոչ մի կենսական նշանակություն չունեն։

Մարդիկ այդ ամենի համար կարող էին ծախսել անգամ իրենց ապագայի ռեսուրսները՝ վարկերի ու պարտքերի տակ մտնելով։ Այս ամենը ապահովում էր աշխարհի տնտեսության անընդհատական աճը, ֆինանսական շուկաներն այս ամենի արդյունքում անընդհատ ուռչում էին ու այժմ եկել է դրանց պայթյունի ժամանակը։ Կորոնավիրուսն ընդամենը գործոն էր, որն արագացրեց համաշխարհային ճգնաժամի գալուստը։ Ու անգամ այսքանից հետո ես մնում եմ այն համոզմանը, որ այդ վարակն իրականում այնքան էլ սարսափելի չէ, սարսափելին այն համակարգն է, որի մեջ մենք այսօր ապրում ենք։ Կապիտալիստական աշխարհում բժշկական համակարգը ևս վերածված է բիզնեսի։ Ներկայիս բժշկության սկզբունքը ոչ թե մարդկանց հիմնավորապես բուժելն է, այլ այդ բուժման ձգձգման արդյունքում գումար աշխատելը։ ժամանակակից բժշկությանը ձեռք է տալիս պայքարել ոչ թե հիվանդության պատճառի, այլ հետևանքների դեմ՝ այդ կերպ դիզելով միլիարդավոր դոլարներ։ Ինչու Չինաստանում բժշկական համակարգը կոլապսի չենթարկվեց, իսկ Իտալիայում ՝ այո։ Պատճառը հենց դա է:

Չինաստանում առողջապահության ոլորտը խստորեն վերահսկում է պետությունը, իսկ զարգացած Եվրոպայում՝ բիզնեսը։ Հենց դա է պատճառը, որ Եվրոպան աչքի առաջ կոտորվում է Կորոնավիրուսի պատճառով, իսկ Չինաստանը ազդարարում է համաճարակի ավարտի մասին։ Նույն կապիտալիստական ճանապարհով էր վերջին տարիներին առաջ շարժվում նաև Հայաստանի առողջապահությունը։ Հիշենք թեկուզ, թե քանի հիվանդանոց է փակվել վերջին մի քանի տարիներին միայն Գյումրիում։ ԽՍՀՄ-ը միգուցե ուներ բազմաթիվ արատներ, սակայն այն, ինչը վերաբերում էր քաղպաշտպանությանը կամ առողջապահությանը, կարելի է ասել՝ բավական արդյունավետ էր։ ԽՍՀՄ-ում բժիշկը ստանում էր ստանդարտ աշխատավարձ՝ անկախ իր հիվանդների թվից ու հենց նրա շահերի մեջ էր մտնում մարդկանց բուժել այնպես, որ երկրորդ անգամ հիվանդանոց գալու կարիք չլիներ։ Այսօր պատկերը տրամաբանորեն հակառակն է՝ բժիշկը ստանում է աշխատավարձ՝ կախված հիվանդների թվից։ Հետևաբար նաև բժիշկներին ձեռնտու է հիվանդների թվի աճը։ Կրճատված հիվանդանոցների թիվը, ինչպես նաև բժշկական համակարգի շուկայականացումն են հենց այսօր պատճառը, որ մեր առողջապահության նախարարությունն ու կառավարությունը արտակարգ իրավիճակ են մտցրել, որպեսզի կարողանան դուրս գալ հիվանդների աննախադեպ թվով աճի տակից։

Երբ ասում են, որ կորոնավիրուսի մահացության ցուցանիշն ավելի բարձր է, քան հասարակ գրիպինը, չպետք է այս տեսակետը միանշանակ պնդել։ Քանի որ մահացության ցուցանիշը հաշվում են՝ բացահայտված հիվանդների թվի մեջ, այնինչ շատ ու շատ մարդիկ կան, որոնք հիվանդանում են բայց այդպես էլ չեն իմանում իրենց հիվանդության մասին։ Կորոնավիրուսի միակ առանձնահատկությունը հենց այն է, որ հիվանդները շատ արագ են ավելանում ու առողջապահական համակարգը չի հասցնում բոլորին սպասարկել։ Ընթացքում հիվանդանում ու շարքից դուրս են գալիս հենց բժիշկներն ու ստացվում է այնպես, որ հասարակ սրսկում անգամ հնարավոր չէ անել հերթի կանգնած բազմահազար հիվանդներին։ Հենց այսպիսի կոլապսի առաջ կանգնեց Իտալիան։ Այս վտանգը նշմարել են նաև Հայաստանում։ Հիվանդների ամենօրյա կայուն աճը բավական մտահոգիչ է։ Եթե տոկոսային առումով վերլուծենք մեր երկրում ստեղծված իրավիճակը՝ ընդհանուր հիվանդ-բնակչության թիվ հարաբերակցության առումով, ապա մենք աշխարհում առաջատար դիրքերում կհայտնվենք։

Մյուս կողմից պետք չէ նաև բացառել, որ մերոնք աշխատում են բավական թափանցիկ ու արդյունավետ, այդ իսկ պատճառով թաքնված հիվանդների թիվը շատ ավելի քիչ է, քան այլ երկրներում։ Այժմ պայքար է գնում ուղղակի հիվանդների թիվը զսպելու և հերթականությամբ բոլորին սպասարկելու մասին։ Այս քողի ներքո ազգային ժողովում առաջ է տարվում այնպիսի մի նախագիծ, որն ուղղակիորեն ոտնահարում է մարդկանց հիմնարար ազատությունները։ Օրենքի փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում միջամտել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև հաղորդակցության գաղտնիության իրավունքներին։

Ստեղծվել է միասնական մեկ հարթակ, որտեղ հավաքագրվելու են տվյալներ հաճախորդի ՝ անկախ նրանից անձը վարակակիր է, թե կոնտակտավոր, հեռախոսահամարները` քաղաքացու տեղորոշման համար, անձանց հեռախոսային խոսակցության սկիզբը և ավարտը, բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները, անձանց հետազոտություն անցնելու մասին տվյալները:

Շարունակությունը՝ Նոր աշխարհ՝ նոր կանոններով (մաս 3)

wpn-zarhing