Անցում էկոնոմ ռեժիմի. Ի՞նչ է լինելու առաջնության լարված վերջաբանից հետո

Անցում էկոնոմ ռեժիմի. Ի՞նչ է լինելու առաջնության լարված վերջաբանից հետո

Կորոնավիրուսը ստիպեց արգելակել բոլորին առանց բացառության: Շատերն այս ընթացքում վերանայեցին իրենց մոտեցումներն այս կամ այն հարցի շուրջ, ոմանք արեցին անհրաժեշտ հետևություններ, ոմանք այդ ճանապարհին են, ոմանք էլ դեռ սպասում են հրաշքի: Թերևս հստակ է մի բան ու սա կրկնում են գրեթե բոլորը. այլևս չի լինելու այնպես, ինչպես թագավարակից  առաջ  էր:  Սա վերաբերում է նաև ֆուտբոլային աշխարհին, որի մաս է կազմում նաև հայկական ֆուտբոլը: Ստացվում է՝ այստեղ նույնպես փոփոխություններն անխուսափելի են՝ սկսած մոտեցումներից մինչև երազանքներ: Նույնիսկ առաջնության լարված վերջաբանն ապագայի հետ կապված մեծ հույսեր չի արթնացնում՝ ելնելով մի շարք ակումբներում ստեղծված իրավիճակից: Չի բացառվում, որ ոգևորվածությանը կփոխարինի խորը հիասթափությունը, եթե ընթացքում թույլ տված բացթողումներից ճիշտ հետևություններ չարվեն:

Վերանայել մոտեցումները. անցում էկոնոմ ռեժիմի

Զարգացման կամ գոնե ունեցածը պահելու ինչ ընթացք, որ ընտրել էր ֆուտբոլային Հայաստանն այլևս գոյություն չունի թագաձև պատնեշին բախվելուց հետո:  Այն շրջանցել հնարավոր չէր, իսկ այլընտրանքային ճանապարհներն առայժմ մշուշոտ են, մեծ մասը՝ անհայտ: Ընթացքն արգելակեց մի կետում, երբ դեռ շատ հարցեր չունեին կոնկրետ պատասխաններ, չկար հետագայում դրա արդյունավետությունը կամ ձախողումը գնահատելու որևէ սանդղակ: Հեռու էր կատարյալ լինելուց՝ անկախ իր հաղթական անցյալից:  Ֆինանսական հոսքերի կրճատումը մի, ժամանակի անխիղճ ու անորոշ ընթացքն էլ մյուս կողմից հայկական ֆուտբոլում խաղացողներին կանգնեցրել են լուրջ խնդրի առաջ:

Լինել-չլինելու առկախված հարցն ինքնին ենթադրում է «իսպանացման» պրոցեսի սառեցում առնվազն այն մասով, որ մանկապատանեկան թիմերը շարունակում են չխաղալ: Կան ակումբներ, որոնք մոտ են լուծարման, իսկ թունելում լույսը, կարծես, չի երևում: Անցած մի քանի ամիսը բավական էր պահի լրջությունը գիտակցելու համար և թվում է՝ ժամանակն է խոսել հնարավոր ելքերի մասին, լավ գոնե դրանք քննարկման առարկա դարձնել՝ ելնելով նրանից, որ իրավիճակը մեկ ակնթարթում կարող է դառնալ անվերահսկելի, իսկ կորուստներն՝ անդառնալի:

Մինչ այդ պետք է հասկանալ, թե ինչ է մտածում այս մասին հայկական ֆուտբոլի էլիտան: Ունեցած սուղ պայմաններով մնում ենք «թանկարժեք իսպանացիների» հույսին, թե՝ ոչ: Եթե այո, ապա ինչու և հանուն ինչի, եթե ոչ, ապա ինչպես ենք պատկերացնում ապագան՝ արդեն ծախսած միլիոններով հանդերձ: Վերջը ինչ եղավ «մելենդեսյան ծրագիրը»: Հասա՞վ տեղ, թե՝ոչ: Եթե հասել է, ինչ է լինելու դրա ճակատագիրը, եթե ոչ, ապա ինչու և այսպես շարունակ:

Անցումն էկոնոմ ռեժիմի՝ օրվա հրամայականն է, հետևաբար կորուստները նվազագույնին հասցնելու և «ջրի մակերեսին» մնալու համար պետք է վերանայել մոտեցումներն ու գոնե հիմա ականջահաճո զրույցները փոխարինել թիրախային կոնկրետ քայլերով: Իսպանական մեթոդները, ժպիտներն ու գրկախառնությունները լավ են ու հաճելի, սակայն դրանից շատ բան չի փոխվում, երբ չկա հետևողականություն, վերահսկողություն, պատասխանատվության հարց: Եվ, ամենագլխավորը,  խնդիրները որոնք կային նախկինում, կան նաև այսօր, դրանց թիվը տարբեր դրսևորումներով ավելացան մինչև համաճարակը և, այո, պետք է հրաժարվել «անվճար տալիս ենք, օգտվեք»-ի նման անհեռանկար կոչերից, որոնք ավելի շուտ պատասխանատվությունը մեկ ուրիշի վրա գցելու տպավարություն են թողնում:

Ի՞նչ ընթացք է վերցրել ազգային ընտրանին

Պատկերը նույնն է, կորոնավարակն էլ մի կողմից: Այո, թերևս Խուակին Կապառոսն է միացել «խնջույքին» իր հսկայական փորձով և հավանություն տվել Սոլոմոն Իմե Ուդոյի՝ հավաքական հրավիրվելուն: Այս մասով հետաքրքիր էր հասկանալ՝ արդյոք իսպանացի մասնագետն է նիգերիացու խաղը դիտելուց հետո հուշել ֆեդերացիայի ներկայացուցիչներին զբաղվել հարցով, թե տեղի է ունեցել հակառակ պրոցեսը և ֆեդերացիան նման մտադրություն ունեցել է ավելի վաղ: Մեր հարցմանն ի պատասխան ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հայտնեցին. «ՀՖՖն մինչ այս տարի չէր կարող ունենալ Սոլոմոն Ուդոյին հավաքական հրավիրելու մտադրություն, քանի որ չէր լրացել տվյալ երկրում 18 տարին լրանալուց հետո 5 տարի անընդմեջ բնակվելու՝ այդպիսի ընթացակարգի համար պարտադիր համարվող ժամկետը: Բնականաբար, Խոակին Կապառոսը հավանություն է տվել Սոլոմոն Ուդոյի՝ հավաքական հրավիրվելուն»:

Պատասխանից ցանկանում էինք հասկանալ՝ արդյոք ՀՖՖ-ն ունի մշակված նման ծրագիր՝  հնարավորության ու անհրաժեշտության դեպքում քաղաքացիություն շնորհել լեգեոներներին (որոնցից, կարծում ենք, աֆրիկացիները հատկապես դեմ չպետք է լինեն) և հավաքականում խաղալու առաջարկ անել: Եվ ավելի վաղ ասելով բնականաբար ի նկատի չենք ունեցել 2015 կամ 2017 թվականը և պարզ է, որ հարցը տալուց հաշվի ենք առել Ուդոյի՝ Հայաստանում բնակվելու ու Հայաստանի առաջնությունում խաղալու տարիները, հետևաբար անհասկանալի է, թե ինչու ՀՖՖ-ն չէր կարող (եթե իհարկե չեն աշխատում կամ մտածում կադրային բացերը նաև այս կերպ փակելու ուղղությամբ) առնվազն նման մտադրություն ունենալ և հնարավորության դեպքում, եթե թեկնածուն արժանի է հրավերին, առաջարկ անել՝ հաշվի առնելով առաջին հերթին Մարկոս Պիզելիի հաջողված փորձը:

Պատասխանից կարելի է ենթադրել, որ ֆեդերացիան է հուշել մարզչին, որ կա նման տարբերակ, ինչին Կապառոսը հավանություն է տվել, հետևաբար կառույցում ըստ ամենայնի սկսած 2020 թվականի հունվարի 1-ից կամ, օրինակ, մարտի 13-ից կամ մայիսի 23-ից սկսել են մտածել կադրային բացերը նաև այս կերպ փակելու ուղղությամբ: Մի բան, ինչ մեր օրերում անում են եվրոպական շատ ավելի հզոր ֆուտբոլային երկրներ՝ մտադրված, մշակված ու ավելի հասկանալի ձևով:

Պետք չէ բացառել նաև այն, որ ի սկզբանե մարզչի ցանկությունն է եղել, որ հնարավորության դեպքում կառույցը զբաղվի այս հարցով և ֆեդերացիան գնացել է ընդառաջ: Միամիտ չպետք է լինել կարծելու համար, որ Կապառոսը հերթական մարզիչն է, որը մտածում է հավաքականում սերնդափոխության կամ հաջորդ մրցափուլի համար նոր թիմ կառուցելու արդեն ծեծված թեմաներով հայ ֆուտբոլասերին «կերակրելու» մասին և գրեթե կասկած չկա, որ նրա հայաստանյան առաքելության հիմքում չոր պրագմատիզմն է: Վերջինիս գործոնն ու հեղինակությունը, իհարկե, իր դերը խաղում է նորեկներով թիմը համալրելու գործընթացում, սակայն ապագայի հետ կապված հարցն է առկախ, առավել ևս, երբ դեռ պարզ չէ թե ինչպես է դասավորվելու Մելենդեսի ու նրա ընկերների ապագան «Ավանում»:

Անկախ ամեն ինչից նիգերիացուն որպես թեկնածու դիտարկելը արդեն ինչ-որ քայլ է՝ միտված ապագային: Լավ է, թե՝ վատ այլ հարց է, սակայն նման գործընթացները որպես կանոն պետք է լինեն մշակված, հասկանալի ու ընկալելի: Մմում է հուսալ, որ  հնարավորության դեպքում Ուդոն կարդարացնի մարզիչների սպասելիքները, ինչպես դա ժամանակին արեց «Շիրակում»: Հիշեցնենք, որ կիսապաշտպանի հայաստանյան կարիերայի սկզբը բավականին «քարքարոտ էր»: Նախ փորձաշրջանից հետո նրա որակները չտպավորեցին Երևանի «Բանանցի» մարզիչներին, իսկ հետո «Ուլիսում» նա անցկացրեց մի քանի ոչ արդյունավետ ամիս: Թվում էր՝ հայրենիք վերադառնալու ժամանակն է, սակայն այստեղ աշխատեց Բիչախչյանի մարզչական հոտառությունը:

Ուդոն խնդրեց ու ստացավ իրեն դրսևորելու հնարավորություն՝ համաձայնելով խաղալ բավականին քիչ աշխատավարձի դիմաց: «Շիրակը» պատրաստ էր թարմացված պայմաններով երկարաժամկետ պայմանագիր առաջարկել Ուդոյին, եթե վերջինս մոտակա կես տարում ապացուցեր, որ կարող է: Ժամանակը ցույց տվեց, որ կողմերն երկուստեք ճիշտ ընտրություն են կատարել: Թերևս այս պատմության մեջ շիրակցի ֆուտբոլասերներին դուր չեկավ այն ժամանակահատվածը, երբ հայտնի իրադարձություններից հետո Ուդոն որոշեց տեղափոխվել հենց «Բանանց» («Ուրարտու»): Այժմ նա կրկին «Շիրակում» է ու ինչպես Բիչախչյանն է օրերես vnews-ի հետ զրույցում ասել. «Ուդոն շատ պատվախնդիր տղա է և հուսախաբ չի անի»:

Հաբեթ Հարությունյան

wp-apeth