Կսկսվի՞ արդյոք երկրորդը ալիքը. Որտեղի՞ց է կորոնավիրուսը հայտնվել Պեկինում

Կսկսվի՞ արդյոք երկրորդը ալիքը. Որտեղի՞ց է կորոնավիրուսը հայտնվել Պեկինում

Երբ հունիսի 15-ից եվրոպական մի շարք երկրներ հանեցին կորոնավիրուսային համաճարակի պատճառով կիրառված սահմանափակումները, Չինաստանի մայրաքաղաքում գրանցվեց COVID-19-ի նոր բռնկում: Կրկին շուկան դարձավ դրա աղբյուրը. այս անգամ, սակայն, ոչ թե Ուհան քաղաքի տխրահռչակ ծովամթերքների ու կենդանիների շուկան, այլ մսի և բանջարեղենի: Եվ չնայած, որ այս շաբաթվա սկզբին հիվանդացածների թիվը 100 հոգուց պակաս էր` փոքր քանակություն, համեմատած այն, ինչ կատարվում է եվրոպական մի շարք երկրներում, Պեկինի իշխանությունները որոշեցին ռիսկի չդիմել և մայրաքաղաքի մի շարք շրջաններում մտցրեցին կարանտին, իսկ որոշ տեղերում՝ ռազմական դրություն, գրում է «Известия»-ն:

Ոչ մի վատ նշան չկար

Նույնիսկ մեկուկեսից երկու ամիս առաջ չինական լրատվական միջոցները ամեն օր հայտնում էին, որ այդ օրը Չինաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել: Ինչ-որ փուլում դեպքերի զրոյական մակարդակին չինացիներն այնքան ընտելացան, որ դադարեցին ամենօրյա ռեժիմով խոսել դրա մասին:

Օրինակ, Պեկինին հաջողվեց ապրել 55 օր անընդմեջ առանց կորոնավիրուսի նոր դեպքերի: Միակ բացառությունը արտասահմանից վերադարձած քաղաքացիներն էին, որոնց անմիջապես ինքնամեկուսացնում էին:

«Անցյալ շաբաթների ընթացքում մարդիկ, իհարկե, հանգստացան. քնած տեղերում դեռ շատերը դիմակներ էին կրում, կենտրոնում մարդիկ սկսեցին շարժվել առանց որևէ պաշտպանական միջոցի: Կրկին մարդաշատ է դարձել հասարակական տրանսպորտը, գրեթե բոլոր գրասենյակները բացվել են, կտրուկ աճել է երթևեկությունը, և մենք այլևս չենք խոսում սոցիալական հեռավորության մասին»,-իր խոսքում նշել է Պեկինի բնակիչ Չժան Լիպինը:

Սակայն, հունիսի 11-ին, անսպասելիորեն վարակված անձ հայտնաբերվեց Չինաստանի մայրաքաղաքում: Մարդ, որը չի թռչում արտասահման և չի շփվել արտերկրից վերադարձած որևէ մեկի հետ: Երբ երկուսը հիվանդացան, պարզվեց, որ վիրուսը եկել է քաղաքի հարավում գտնվող Սինֆադի մեծածախ սննդի շուկայից: Հունիսի 15-ին կորոնավիրուսով վարակված պեկինցիների թիվն արդեն հասել էր 79 մարդու:

Լայնացնել շրջանը

Շաբաթ օրվանից շուկան, որը զբաղեցնում է 107 հա տարածք և ապահովում է մայրաքաղաքի բանջարեղենի, մրգերի, ինչպես նաև մսի, ձկների և ծովամթերքների կարիքների մեծ մասը, փակվել է ախտահանման համար: Անվտանգության նախազգուշական միջոցները չկատարելու համար շուկայի մի քանի ղեկավարներ հեռացվեցին աշխատանքից, իսկ աշխատակիցներից մոտ 10 հազար մարդ ուղարկվեց կորոնավիրուսի թեստավորման:

COVID-19-ի մասսայական թեստավորումներ սկսեցին անցել Սինչժենի մետրոպոլիտենի շրջանում, որտեղ ապրում է առաջին հիվանդը: Բնակչությանը ստուգելու համար տեղի մարզադաշտը անմիջապես վերածվեց հսկայական լաբորատորիայի: Իսկ Պեկինի բոլոր այն բնակիչներին, որոնք մայիսի 30-ից այցելել էին Սինֆադի շուկա, խնդրեցին 14 օր տանը մնալ:

Մինչդեռ, հունիսի 13-ին, քաղաքային իշխանությունները հայտարարեցին, որ վերանայվում են հունիսի 15-ից սկսած տարրական դպրոցները բացելու որոշումները: Եվս մեկ անգամ փակվեցին նաև Պեկինի մշակութային որոշ օբյեկտներ, օրինակ ՝ Ազգային թատրոնը և մայրաքաղաքի Յոնգեգունի ամենաշատ այցելվող տաճարներից մեկը:

Այնուամենայնիվ, չնայած քաղաքային իշխանությունների բավականին արագ արձագանքին նոր բռնկմանը, հիվանդության դեպքերը կարողացան տարածվել մեկ այլ շուկայում: Իսկ հունիսի 15-ի առավոտյան մայրաքաղաքում ավելի քան 20 բնակելի շրջաններ կրկին անցան կարանտինային ռեժիմի:

Ֆենտայի այն տարածքում, որտեղ գտնվում է Սինֆադի շուկան և Պեկինից 140 կմ հեռավորության վրա գտնվող Բաոդինգ քաղաքում մտցվեց ռազմական դրություն: Հարկ է նշել, որ նախկինում ևս համաճարակի ժամանակ սոցիալական սահմանափակումների խիստ պրակտիկ միջոցները բնորոշ են եղել Չինաստանին:

Ահա և ձեր ներմուծված ձուկը

Ինչպես հեռուստատեսությամբ ասաց Պեկինի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի գիտաշխատող Յանգ Պենգը, վիրուսների գենոմի հաջորդականացումը ցույց տվեց, որ Եվրոպան է դրա աղբյուրը (վիրուսի ներկայիս շտամը նույնական չէր տարեսկզբին Ուհան քաղաքում գրանցված շտամին): Ըստ գիտնականների՝ վիրուսը կարող է մտնել ՉԺՀ ներմուծված եվրոպական սառեցված ծովամթերքի կամ մսի միջոցով, որի մակերեսին վիրուսը կարող է ապրել երեք ամիս: Դրա պատճառով Պեկինի բնակիչներին անմիջապես հորդորվեց որոշ ժամանակ ձեռնպահ մնալ ներկրված գյուղատնտեսական և սառեցված արտադրանքներից:

Հետագայում այս վարկածը ավելի շատ կողմնակիցներ ունեցավ: Վիրուսը հայտնաբերվեց խոհանոցային տախտակների վրա, որի վրա մշակվել էր ներմուծված սաղմոն տեսակի ձուկ: Դա անմիջապես հանգեցրեց նրան, որ Պեկինի բոլոր խոշոր սուպերմարկետները մի գիշերում հեռացրեցին այդ ձկները իրենց դարակներից: «Պերսոնա նոն գրատա» արտասահմանյան սաղմոնը հայտնաբերվեց նույնիսկ Չինաստանի այլ քաղաքների գյուղատնտեսական մեծածախ շուկաներում, որոնք գտնվում են մայրաքաղաքից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա:

«Փակ մեծածախ շուկան մատակարարում էր բանջարեղեն, ձուկ, միս մի շարք սուպերմարկետների և փոքր խանութների, և այժմ շատ ծովամթերքներ և այլ սառեցված ապրանքներ իսկապես անհետացել են դարակաշարերից: Բայց վերադարձան «առողջության կոդերը». կրկին թույլ են տալիս մարդկանց գնալ ցանկացած սուպերմարկետ միայն այն ժամանակ, երբ նրանք ցույց են տալիս QR կոդը», — «Известия»-ին ասել է ռուս Սեմյոնը, որը բնակվում է Պեկինում` խոստովանելով, որ ընդհանուր խուճապի պատճառով ինքը որոշել է դադարել ճաշացանկում օգտագործել սաղմոն ձուկ:

Բոլո՞րը դաս քաղեցին

Սահմանափակումները, մի բառ, որի հետ վերջին մի քանի ամիսների ընթացքում ծանոթացել է մոլորակի բնակիչների ճնշող մեծամասնությունը, հարվածել են տնտեսությանը, բայց ծայրաստիճան արդյունավետ են եղել վիրուսի փոխանցման նվազեցման հարցում: Այս մասին հայտնել է Հոնկոնգյան համալսարանի համաճարակաբանության և կենսաբազմաբանության ղեկավար Բեն Քոուլինգը:

«Եթե առաջիկա մի քանի օրվա ընթացքում հիվանդության նոր դեպքեր հայտնաբերվեն, ես ակնկալում եմ, որ ներկայիս սահամանփակումները կընդլայնվեն և դրանք կընդգրկեն ամբողջ Պեկինը: Ես չեմ զարմանա, եթե իշխանությունները որոշեն թեստավորել քաղաքի յուրաքանչյուր բնակչի և կպահպանեն կարանտինը, մինչև վիճակը կրկին չհամարեն անվտանգ», — ասել է համաճարակաբանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ոչ մի երկիր ապահովագրված չէ կորոնավիրուսի երկրորդ ալիքից:

Հավելենք, որ Պեկինի երկու խոշոր օդանավակայանից հունիսի 17-ի առավոտվա դրությամբ չվերթ չեն իրականացրել 1255 ինքնաթիռ: Սա պայմանավորված է քաղաքում կորոնավիրուսի նոր բռնկումով: Քաղաքային իշխանությունները մի շարք կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում իրավիճակը վերահսկելու համար: Քաղաքի մուտքերի ու ելքի մոտ խիստ վերահսկողություն է սահմանված: Մարդկանց թույլ է տրվում դուրս գալ քաղաքից միայն խիստ անհրաժեշտության դեպքում այն էլ վարակված չլինելու փաստաթուղթը ներկայացնելուց հետո: Քաղաքում կրկին փակել են դպրոցներն ու ուսումնական հաստատությունները: Վերջին օրերին մայրաքաղաքում գրանցվել է վարակի 137 նոր դեպք, մահ դեռ չի արձանագրվել:

wp-apeth