Զգույշ, քաղաքը փակվում է. Ինչու են Ադրբեջանում խստացրել կարանտինը
Ադրբեջանը խստացրել է կարանտինային միջոցառումները: Անցյալ հանգստյան օրերին խոշոր քաղաքների՝ Բաքվի, Գյանջայի, Սումգայիթի, Լանկարանի բնակիչների տեղաշարժը սահմանափակվել էր, նրանց արգելվում էր նույնիսկ խանութ գնալ և շան հետ քայլել: Պատճառը կորոնավիրուսային հիվանդության հաստատված նոր դեպքերի աճն է, գրել է «Известия»-ն:
Հունիսի սկզբին համաճարակաբանական իրավիճակը սկսեց վատթարանալ Ադրբեջանում: Եթե մայիսին օրական կտրվածքով արձանագրվում էր 30-60 նոր դեպք, ապա հունիսին՝ 200 կամ ավելի: Վերջին ռեկորդը սահմանվեց հունիսի 7-ին, երբ օրվա ընթացքում 379 մարդ հիվանդացավ: Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 7,5 հազարը, մահացել է 88 մարդ: Ծանր վիճակում է 72 մարդ, 3131 հիվանդ շարունակում է բուժումը:
- Վերջին օրերի պատկերը, անկեղծ, ճնշող է: Վերջին 2-3 օրվա ընթացքում վարակվածների թիվը գերազանցում է ապաքինվածների թիվը: Եթե այդ դինամիկան կտրուկ աճի, մենք ստիպված կլինենք խստացնել ռեժիմը: Մենք կձեռնարկենք խստագույն պատժիչ միջոցներ կարգը խախտողների դեմ, որպեսզի իրավիճակը վերահսկելի լինի, — ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա նաև նկատել է, որ երկրում կա բավարար հիվանդանոցային մահճակալներ. 22 հիվանդանոց կորոնավիրուսով հիվանդների տրամադրության տակ է:
Վարակվածների թվում է նաև երկրի պետական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Սարվար Ալիևը: Վերջինս կարծում է՝ վարակվել է, երբ գնացել է բանկ գումարի ետևից: Սկզբնապես չի հավատացել այս հիվանդությանը: Հիմա բոլորին հորդորում է պահպանել կարանտինի կանոնները, դիմակներ կրել, օգտագործել ախտահանիչ միջոցներ, ավելի հաճախ ձեռքերը լվանալ, սոցիալական հեռավորություն պահպանել:
Վարակի դեպքեր արձանագրվում են նաև բուժաշխատողների մոտ: Վարակվածների հետ շփվող բժիշկներին արգելվում է հանդիպել հարազատներին և ընկերներին, տրանսպորտային միջոցներից օգտվել: Նրանք ապրում են հյուրանոցներում, սպասարկող ավտոբուսը բժիշկներին բերում և տանում է: Մասնավորապես թոքաբան Իսմայիլզադեն մեկ ամսվա ընթացքում չի տեսել որդուն: Կցանկանար լինել նրանց փոխարեն, որոնք դժգոհում են տնային ձանձրույթից:
Մահացու հուղարկավորություններ
Կարանտինային առաջին միջոցառումները Ադրբեջանում սկսեցին կիրառել վաղ գարնանը: Մարտի 24-ից 65-ից բարձր մարդկանց արգելվեց տնից դուրս գալ: Մնացած ադրբեջանցիները պարտավոր էին ստանալ անցագիր` SMS ուղարկելով սահմանված համարին: Թույլատրվում էր տնից դուրս գալ բժշկական օգնություն ստանալու, սնունդ կամ դեղամիջոց գնելու, բանկ կամ փոստ գնալու և մերձավոր ազգականի թաղմանը մասնակցելու համար: Իշխանությունները արգելեցին նաև զանգվածային միջոցառումները: Փակ զբոսայգիներ և հանգստի վայրեր, ռեստորաններ և սրճարաններ, բոլոր առևտրի օբյեկտները, բացառությամբ մթերային խանութների և դեղատների: Բաքվի մետրոն դադարեց աշխատել: Միայն հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներն ու բեռնատարներն, այն էլ հատուկ թույլտվությամբ կարող են մուտք գործել Բաքու: Նման միջոցառումներից հետո խնդիրը, այնուամենայնիվ, չհեշտացավ: Պաշտոնյաները որպես հիմնական պատճառ նշում են թաղման արարողությունները: Դրանց մասնակցում են շատ տարեցներ, նրանք չեն պաշտպանում հեռավորությունը, անտեսում են անձնական պաշտպանության միջոցները:
Առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների գլխավոր մասնագետ Իսաևը բացատրել է, որ մեծ քաղաքներում ոստիկանությունը վերահսկում է նման արարողությունները, բայց չի կարող դրանք վերահսկել մարզերում:
- Ոչ մի ոստիկան չի կարող մոտենալ հարազատին կորցրած անձի և չի կարող արգելել հրաժեշտ տալ: Եվ բացի այդ, թաղամասերում մարդիկ կարծում են, որ բոլորը պարտավոր են սեղան բացել իրենց հարազատների հիշատակի համար: Նա, ով դա չի անում, դատապարտված է, — նշել է Իսաևը:
Մեկ այլ պատճառ էլ նշում է Ադրբեջանի կառավարությանն առընթեր գործադիր շտաբի պետ Ռամին Բայրամլին: Նրա խոսքով ՝ ադրբեջանցիները անտեսում են դիմակները, ձեռնոցները, սոցիալական հեռավորությունը:
- Դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում կորոնավիրուսային վարակի առկայությանը: Բայց ես վստահ եմ, որ բոլորն անպայման ականատես կլինեն, որ իր շրջապատից որևէ մեկը հիվանդանալու է, — ասել է Բայրամլին:
Հունիսի սկզբին իշխանությունները խստացրեցին կարանտինային միջոցառումները: Հունիսի 2-ին երկրի բնակիչներին պարտադրվեց ամենուրեք դիմակներ կրել: Կանոնն անտեսելու դեպքում կկիրառվի տուգանք: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ պատիժը կկազմի 50-ից 200 մանաթ (30-120 դոլար): Հունիսի առաջին հանգստյան օրերին խիստ կարանտինային ռեժիմ է մտցվել Բաքվում, Սումգայիթում, Լանկարանում, Գյանջայում և Աբշերոնում: Քաղաքացիներին ամբողջովին արգելված էր տնից դուրս գալ, նույնիսկ թույլ չէին տալիս քայլել շան հետ, օգտվել սեփական մեքենայից: Փակեցին բոլոր խանութները, դեղատները, բանկերը, փոստային բաժանմունքները: Միայն հիվանդանոցներն ու շտապօգնության կայանները, ուժային կառույցները, կոմունալ ծառայություններն ու շտապ օգնությունը շարունակեցին աշխատանքը: Պաշտոնյաներին և իրավաբանական անձանց նույնիսկ սպառնում էր վարչական կալանք՝ կարանտինը խախտելու համար: Քննարկվում է, որ հաջորդ հանգստյան օրերին` հունիսի 13-14-ը, նման սահմանափակումներ կներդրվեն:
ИМЭМО հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիշտինը կանխատեսել է, որ տարվա արդյունքներով Ադրբեջանում կգրանցվի տնտեսական մեծ անկում՝ պայմանավորված նավթի գների հետ: Ածխաջրածիններին բաժին է ընկնում արտահանման 90 տոկոսը, իսկ դրանց գինը նվազել է: Կովկասագետ Նուրլան Գասիմովն իր հերթին կարծում է, որ տեղի ունեցածը կազդի սոցիալ-քաղաքական կայունության վրա:
- Իշխանությունների վարկանիշն ընկնում է, որպեսզի իրավիճակն ինչ-որ կերպ շտկեն պետական ապարատում որոշակի քայլերի են դիմել: Կարանտինի ընթացքում կոռուպցիոն կապերով գերաճած շրջանների մի շարք ղեկավարներ կորցրեցին իրենց պաշտոնները: Վստահ չեմ, որ դա կօգնի: Հավանաբար, աշնանը երկրում բողոքի ցույցեր են տեղի ունենալու: Կարծում եմ՝ դրանք կլինեն վերջին տարիների ամենամասշտաբայինները, — ընդգծել է փորձագետը: