Անցած մրցաշրջանի լավագույնները. Մարզական տարին՝ թվերով
Մարզական տարվա առաջին կեսին արդեն շիրակցի մարզիկներն հասցրել էին աչքի ընկել ծանրամարտի, բռնցքամարտի, ըմբշամարտի, սամբոյի, ատլետիկայի, պաուերլիֆտինգի ամենախոոր ստուգատեսներում ու ընդհանուր հաշվով նվաճել 15 մեդալ: Տարվա ավարտին մեդալների թիվն ավելացավ մի քանի անգամ: Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի, ինչպես նաեւ սամբոյի ամենախոշոր մրցաշարերում ընդհանուր հաշվով նվաճեցին 79 մեդալ: Գլխավորը թերեւս Օլիմպիական խաղերն էին: Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ Տոկիոյից չորս մեդալով, երկուսը նվաճեցին շիրակցի մարզիկները:
Օլիմպիական խաղեր
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (անձնական մարզիչներ՝ Ռուդիկ Մկրտչյան, Կարեն Ղազարյան) դարձավ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող խաղերի կիսաեզրափակչում Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սանրը պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից՝ հաղթելով Ռայան Ալստոնին (Անտիգուա և Բարբուդա): 1/8 եզրափակչում պարտության մատնեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին, իսկ քառորդ եզրափակչում՝ Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովին:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (անձնական մարզիչ՝ Գեւորգ Ալեքսանյան) դարձավ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Ոսկե մեդալի համար գոտեմարտում Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոնը 1:5 հաշվով զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին: Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցի սանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից: Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան) հաղթելուց հետո, ուժեղ գտնվեց Ֆինլանդիան ներկայացնող Արվի Սավոլայնենից, իսկ կիսաեզրափակչում պարտության մատնեց իրանցի Սարավի Մոհամադհադիին:
Աշխարհի առաջնություններ
Աշխարհի առաջնություններից (մեծահասակներ, մինչեւ 23 տարեկաններ, երիտասարդներ, պատանիներ) ընդհանուր հաշվով շիրակցի մարզիկները վերադարձել են 12 մեդալով՝ 2 ոսկի, 5 արծաթ, 5 բրոնզ:
- Մեծահասակներ
Մեծահասակների պայքարում նվաճել են 4 մեդալ՝ 2 արծաթ, 2 բրոնզ: Թերեւս ամենանշանակալին Դավիթ Չալոյանի (անձնական մարզիչներ՝ Ռուդիկ Մկրտչյան, Կարեն Ղազարյան) նվաճած արծաթն է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած ստուգատեսում +92 կգ քաշային կարգում Չալոյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն՝ եզրափակչում պարտվելով Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկիին: Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սանը պայքարի մեջ մտավ 1/16 եզրափակիչից՝ պարտության մատնելով ուկրաինացի Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակչում նա հաղթեց Կրիստիան Սալսեդո Կոդասիին Կոլումբիայից, իսկ քառորդ եզրափակիչում գերազանցեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովին: Կիսաեզրափակիչում Չալոյանը ոչ մի հնարավորություն չտվեց ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաևին: Չալոյանից առաջ աշխարհի առաջնության կիսաեզրափակչում պարտություն կրեց Օլիմպիականխաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
- Մրցաշրջան 2021. Շիրակի մարզի մեդալակիր մեծահասակ մարզիկները
Մարզիկ | Մարզաձեւ | ՕԽ | ԱԱ | ԵԱ | ԵԱ, Ս-23 | ԱԳ | ԲԱԱ | ԵԱ-ՓԵ |
---|---|---|---|---|---|---|---|---|
Ալեքսանյան Արթուր | հուն.ըմբ. | 2 | ||||||
Բաչկով Հովհաննես | բռնցքամարտ | 3 | 3 | |||||
Լալայան Վարազդատ | ծանրամարտ | 2 | 3 | 1 | ||||
Չալոյան Դավիթ | բռնցքամարտ | 2 | 3 | |||||
Գասպարյան Սամվել | ծանրամարտ | 1 | ||||||
Մինասյան Գոռ | ծանրամարտ | 3 | 2 | |||||
Մկրտչյան Հակոբ | ծանրամարտ | 3 | ||||||
Հարությունյան Ռաֆիկ | ծանրամարտ | 1 | ||||||
Աղանյան Արա | ծանրամարտ | 2 | ||||||
Հակոբյան Համբարձում | բռնցքամարտ | 2 | ||||||
Մխիթարյան Գրիգոր | սամբո | 2 | ||||||
Մկրտչյան Երվանդ | աթլետիկա | 3 |
Արծաթ ու բրոնզ մեծահասակների Աշխարհի առաջնությունում նվաճեցին նաեւ շիրակցի ծանրորդները: Տաշքենդում կայացած մրցաշարում Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Վարազդատ Լալայանը (անձնական մարզիչ՝ Կարեն Կարապետյան) դարձավ արծաթե մեդալակիր՝ երկամարտի 457 կգ արդյունքով (211+246), իսկ Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Գոռ Մինասյանը (անձնական մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան) բրոնզե մեդալ նվաճեց՝ երկամարտի 448 կգ արդյունքով (243+205): Նշենք, ի տարբերություն ավելի փորձառու ու տիտղոսակիր Գոռ Մինասյանի. որը կարիերայի ընթացքում հասցրել է մեդալներ նվաճել ոչ միայն Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, այլ նաեւ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 22-ամյա Լալայանն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Աշխարհի առաջնությանը:
Եվրոպայի առաջնություններ
Եվրոպայի առաջնություններից (մեծահասակներ, մինչեւ 23 տարեկաններ, երիտասարդներ, պատանիներ, մինչեւ 15 տարեկաններ) ընդհանուր հաշվով շիրակցի մարզիկները վերադարձել են 24 մեդալով՝ 9 ոսկի, 8 արծաթ, 7 բրոնզ:
- Մեծահասակներ
Անցնող տարում ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Սամվել Գասպարյանը (մարզիչ՝ Հարություն Եղոյան), Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Գոռ Մինասյանը (մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիրներ են դարձել Գյումրու Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի սան Հակոբ Մկրտչյանը (մարզիչ՝ Արմեն Մկրտչյան) եւ Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Վարազդատ Լալայանն (մարզիչ՝ Կարեն Կարապետյան):
Օլիմպիական խաղեր, Աշխարհի առաջնություններ
Մրցաշար | Ո | Ա | Բ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Օլիմպիական խաղեր | — | 1 | 1 | 2 | ||||
Աշխարհի առաջնություն | — | 2 | 2 | 4 | ||||
Աշխարհի Ս-23 առաջնություն | — | — | 1 | 1 | ||||
Աշխարհի երիտասարդական առաջնություն | 1 | 3 | 1 | 5 | ||||
Աշխարհի պատանեկան առաջնություն | 1 | — | 1 | 2 | ||||
Ընդամենը աշխարհի առաջնություններում | 2 | 5 | 5 | 12 |
Եվրոպայի առաջնություններ
Մրցաշար | Ո | Ա | Բ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Եվրոպայի առաջնություն | 1 | 1 | 2 | 4 | ||||
Եվրոպայի Ս-23 առաջնություն | 2 | 2 | — | 4 | ||||
Եվրոպայի երիտասարդական առաջնություն | 3 | 2 | 1 | 6 | ||||
Եվրոպայի պատանեկան առաջնություն | 2 | 2 | — | 4 | ||||
Եվրոպայի Ս-15 առաջնություն | 1 | 1 | 4 | 6 | ||||
Ընդամենը Եվրոպայի առաջնություններում | 9 | 8 | 7 | 24 | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ | 11 | 14 | 13 | 38 | ||||
Ծանրամարտի փոքր մեդալներ՝ ԱԱ-ներում | 1 | 4 | 3 | 8 | ||||
Ծանրամարտի փոքր մեդալներ՝ ԵԱ-ներում | 9 | 10 | 5 | 24 | ||||
Ընդամենը ծանրամարտի փոքր մեդալ | 10 | 14 | 8 | 32 |
Միջազգային այլ մրցաշարեր
Մրցաշար | Ո | Ա | Բ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Աշխարհի գավաթ | — | 1 | — | 1 | ||||
Բանակայինների աշխարհի առաջնություն | — | — | 3 | 3 | ||||
Եվրոպայի փոքր երկրների առաջնություն | 1 | 1 | 1 | 3 | ||||
ԱՊՀ երկրների մարզական խաղեր | — | 1 | 1 | 2 | ||||
Ընդամենը | 1 | 3 | 5 | 9 | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ | 22 | 31 | 26 | 79 |
Անցնող տարում զգալի հաջողությունների հասան նաեւ երիտասարդ ու պատանի մարզիկները: Հատուկ պետք է ընդգծել ծանրորդներին: Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավեց առաջին տեղը: Ընդհանուր հաշվով Հայաստանի ընտրանին նվաճեց 13 մեդալ, որոնցից վեցը բաժին հասավ շիրակցի մարզիկներին:
Հայաստանի ընտրանու համար առաջին ոսկե մեդալը նվաճեց գյումրեցի Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան Գառնիկ Չոլակյանը (անձնական մարզիչ՝ Ալեքսան Կարապետյան), իսկ ոսկե ավարտը ռեկորդներով ապահովեց մեկ այլ գյումրեցի՝ +109 կգ քաշային կարգում հանդես եկած Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Վարազդատ Լալայանը (անձնական մարզիչ՝ Կարեն Կարապետյան): Մեդալակիրներ դարձան Գյումրու ծանրամարտի մարզադպրոցի սան Ռաֆիկ Հարությունյանը (անձնական մարզիչ՝ Գագիկ Գրիգորյան), Գյումրու ծանրամարտի մարզադպրոցի սան Գեւորգ Ղահրամանյանը (անձնական մարզիչ Հակոբ Փիլոսյան), Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Արա Աղանյանը (անձնական մարզիչ՝ Հովհաննես Շահնազարյան), Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Գարիկ Կարապետյանը (անձնական մարզիչ՝ Ալեքսան Կարապետյան):
- Մրցաշրջան 2021. Շիրակի մարզի մեդալակիր երիտասարդ մարզիկները
Մարզիկ | Մարզաձեւ | ԱԵԱ | ԱԱ Ս-23 | ԵԵԱ | ԲԱԱ | ԱՊՀ ՄԽ | ||
---|---|---|---|---|---|---|---|---|
Կարապետյան Գարիկ | ծանրամարտ | 1 | 2 | |||||
Գևորգյան Լյովա | ազատ ոճ ըմբ. | 2 | 1 | 3 | ||||
Խաչատրյան Կարեն | հուն. ըմբշամարտ | 2 | ||||||
Խնձրցյան Մանվել | ազատ ոճ ըմբ. | 3 | 3 | 2 | 3 | |||
Չոլակյան Գառնիկ | ծանրամարտ | 1 | ||||||
Ճղրիկյան Հենրիկ | բռնցքամարտ | 1 | ||||||
Ղահրամանյան Գևորգ | ծանրամարտ | 3 | ||||||
Հարությունյան Դավիթ | սամբո | 2 | ||||||
Խաչատրյան Հարություն | բռնցքամարտ | 2 | ||||||
Բաբլումյան Արշակ | բռնցքամարտ | 3 |
Մարզական տարին նշանավորվեց նաեւ նրանով, որ Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող ճանաչվեց Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան, գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը (մարզիչ՝ Ալեքսան Կարապետյան):
- Աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ նվաճեց Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան, գյումրեցի տիտղոսակիր սամբիստ Գրիգոր Մխիթարյանը (մարզիչ՝ Հայկ Ավետիսյան):
- Սամբոյի Աշխարհի պատանեկան առաջնությունում երրորդ տեղը զբաղեցրեց «Հայաստան» ՄՀԿ-ի Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սան Աշիկ Անդրեյանը (մարզիչ՝ Նարեկ Սուքիասյան):
- Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած դեռահասների սամբոյի Եվրոպայի առաջնությունում հաջող գոտեմարտեցին գյումրեցի սամբիստները։ Նրանցից Ալիկ Մեքինյանը (անձնական մարզիչ՝ Երվանդ Գրիգորյան) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ հավաքական թիմի մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Հայկ Ավետիսյանի սաներ Ռոբերտ Սիմոնյանն ու Հայկ Ավետիսյանը դարձան բրոնզե մեդալակիրներ:
- Եվրոպայի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր դարձավ Գյումրու աթլետիկայի մարզադպրոցի սան գյումրեցի ատլետ Երվանդ Մկրտչյանը (մարզիչ՝ Գրիգոր Բարսեղյան):
- Շիրակցի ևս չորս մարզիկ մեդալներ բերեցին ըմբշամարտի միջազգային ստուգատեսներից, մասնավորապես Գյումրու ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոցի սան Լյովա Գևորգյանը (մարզիչ՝ Հակոբ Ավետիսյան) հռչակվեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, իսկ «Սևան» ՄՀԿ-ի Շիրակի մարզի Ազատանի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, ազատանցի Մանվել Խնձրցյանը (մարզիչ՝ Կարապետ Ենգոյան) դարձավ փոխչեմպիոն: Վերջինս բրոնզե մեդալ նվաճեց նաեւ մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունում:
- Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող ճանաչվեց գյումրեցի ազատ ոճային, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Անդրանիկ Ավետիսյանը (մարզիչ՝ Հակոբ Ավետիսյան):
- Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում երրորդ տեղը զբաղեցրեց հունահռոմեական ոճի ըմբիշ, Դինամո մարզական ՀԿ Շիրակի մարզային մասնաճյուղի սան Գրիշա Ոսկանյանը (մարզիչներ՝ Արթուր Ջուհարյան, էդգար խաչատրյան):
- Պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում հավասարը չունեցան և ոսկե մեդալներ են նվաճեցին Մակար Թամրազյանն ու Արա Խաչատրյանը: Վերջիններս ամենաբարձր հորիզոնականներն են զբաղեցրել նաեւ Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած «Աշխարհի մեծ գավաթ» պաուերլիֆթինգի միջազգային առաջնությունում, որին մասնակցել են աշխարհի 6 երկրի ավելի քան 150 մարզիկներ։ Նշված մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրած գյումրեցի մարզիկներն են.
- Մակար Թամրազյան, 67.5 կգ քաշային կարգ, առաջին տեղ (եռամարտ), աշխարհի ռեկորդ (220 ձգում),
- Դավիթ Պետրոսյան, 75 կգ քաշային կարգ, առաջին տեղ` երկու վարժություններում (պառկած սեղմում, ձգում),
- Արա Խաչատրյան, 82.5 կգ քաշային կարգ, առաջին տեղ (եռամարտ),
- Էդգար Հովհաննիսյան, 90 կգ քաշային կարգ, առաջին տեղ (երկամարտ),
- Գևորգ Ալեքսանյան, 100 կգ քաշային կարգ, առաջին տեղ (եռամարտ):
Տարին նշանակալի էր հատկապես շիրակցի բռնցքամարտիկների համար: Շիրակի մարզը ներկայացնող բռնցքամարտիկներից ութն ընթացիկ տարում կարողացել են մեդալներ նվաճել միջազգային ամենահեղինակավոր ստուգատեսներում (օլիմպիական խաղեր, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ, միջազգային առաջնություններ): Ընդհանուր հաշվով նվաճել են 10 մեդալ՝ 2 ոսկի, 3 արծաթ եւ 5 բրոնզ: Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնություններին, ապա շիրակցի բռնցքամարտիկները (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ, դեռահասներ) ընդհանուր հաշվով նվաճել են 39 մեդալ՝ 12 ոսկի, 12 արծաթ, 15 բրոնզ:
- Միջազգային ասպարեզ
Մեծահասակների պայքարում մեդալակիրներ դարձան Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Հովհաննես Բաչկովն ու Դավիթ Չալոյանը (մարզիչներ՝ Ռուդիկ Մկրտչյան, Կարեն Ղազարյան): Վերջինս առաջին փորձից դարձավ Աշխարհի փոխչեմպիոն, մինչդեռ Բաչկովն իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյումրեցի մարզիկը մինչ այդ հասցրել էր աչքի ընկնել Օլիմպիական խաղերում՝ դառնալով Տոկիոյի խաղերի երրորդ մրցանակակիր: Դավիթ Չալոյանն իր հերթին բրոնզ էր հասցրել նվաճել բանակայինների Աշխարհի առաջնությունում:
Բռնցքամարտիկներից ոսկե մեդալ են նվաճել Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Հենրիկ Ճղրիկյանն (մարզիչներ՝ Ռուդիկ Մկրտչյան, Կարեն Ղազարյան) ու Գյումրու համայնքապետարանի բռնցքամարտի մարզադպրոցի սան Սպարտակ Նահապետյանը (մարզիչ՝ Արմեն Բաղդասարյան): Վերջինս հավասարը չի ունեցել մինչեւ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, իսկ Հենրիկը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Գյումրու համայնքապետարանի բռնցքամարտի մարզադպրոցի մեկ այլ սան՝ Լյովա Կիրակոսյանը (մարզիչ՝ Գառնիկ Պողոսյան), մինչեւ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ:
- Մրցաշրջան 2021. Շիրակի մարզի մեդալակիր պատանի մարզիկները
Մարզիկ | Մարզաձեւ | ԱՊԱ | ԵՊԱ | ԵՊԱ Ս-15 | Մարզիչ | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
Լազարյան Ալեքսանդր | ծանրամարտ | 1 | Կ. Կարապետյան | |||||
Մինասյան Ռաֆիկ | ծանրամարտ | 1 | Հ. Շահնազարյան | |||||
Ավետիսյան Անդրանիկ | ազատ ոճ ըմբ. | 1 | Հ. Ավետիսյան | |||||
Պողոսյան Էմմա | ծանրամարտ | 2 | Ա. Ներսիսյան | |||||
Եղոյան Մերուժան | ծանրամարտ | 2 | Պ. Եղիկյան | |||||
Անդրեյան Աշիկ | սամբո | 3 | Ն. Սուքիասյան | |||||
Նահապետյան Սպարտակ | բռնցքամարտ | 1 | Ա. Բաղդասարյան | |||||
Կիրակոսյան Լյովա | բռնցքամարտ | 3 | Գ. Պողոսյան | |||||
Ոսկանյան Գրիշա | հուն. ըմբշամարտ | 3 | Ա. Ջուհարյան | |||||
Մեքինյան Ալիկ | սամբո | 2 | Ե. Գրիգորյան | |||||
Ավետիսյան Հայկ | սամբո | 3 | Հ. Ավետիսյան | |||||
Սիմոնյան Ռոբերտ | սամբո | 3 | Հ. Ավետիսյան |
Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել բռնցքամարտիկ, «Հայաստան» ՄՀԿ Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցի սան Համբարձում Հակոբյանը (մարզիչ՝ Արտավազդ Գևորգյան):
Արթիկի մարզահամալիրի սան Հարություն Խաչատրյանն (մարզիչ՝ Ռուբեն Առաքելյան) ու Ազատանի «Սեւան» ԳՄՀԿ մարզադպրոցի սան Արշակ Բաբլումյանը (մարզիչ՝ Հովհաննես Մկրտչյան) համապատասխանաբար արծաթ ու բրոնզ են նվաճել ԱՊՀ երկրների առաջին միջազգային խաղերում:
- Հայաստանի առաջնություններ
Մեծահասակաների Հայաստանի առաջնությունում շիրակցի բռնցքամարտիկներն ընդհանուր հաշվով նվաճել են 10 մեդալ՝ 4 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ: Հայաստանի երիտասարդական առաջնությունում ընդհանուր հաշվով նվաճել են 8 մեդալ՝ 3 ոսկի, 1 արծաթ, 4 բրոնզ: Պատանիների պայքարում նվաճել են 14 մեդալ՝ 3 ոսկի, 6 արծաթ, 5 բրոնզ, դեռահասների պայքարում՝ 7 մեդալ՝ 2 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ:
Անցնող տարվա Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկվեցին շիրակցի միանգամից հինգ մարզիկ: Լավագույններից լավագույնների թվում են ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդներ Վարազդատ Լալայանը, Գոռ Մինասյանը, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովն ու Դավիթ Չալոյանը: