Տոկիո-2020. Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ
Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի 17 մարզիկներից 4-ը վերադարձան մեդալներով: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեցին արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ:
Հայ օլիմպիականներից առաջինը պատվո հարթակին կանգնեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը Տոկիոյում ելույթ ունեցավ հենացատկ և նժույգթափեր վարժություններում: Հենացատկի որակավորման փուլը հաղթահարելով 14.866 միավորով՝ Դավթյանը եզրափակչում վաստակեց 14.733 միավոր (առաջին ցատկ՝ 14.800 միավոր, երկրորդ՝ 14.666)՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի։ Ուշագրավ է, որ Հայաստանն Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցումներում վերջին անգամ մրցանակակիր էր ունեցել 41 տարի առաջ. 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը՝ լեգենդար Ալբերտ Ազարյանի որդին: Նժույգթափեր վարժության որակավորման փուլում Դավթյանը կարիերայի լավագույն արդյունքը գրանցեց՝ ստանալով 14.566 միավոր (Եվրոպայի առաջնությունում նա չեմպիոն էր դարձել 14.266 միավորով), ինչը, սակայն, բավարար չէր եզրափակիչ դուրս գալու համար։
Հաջորդիվ արծաթե մեդալ նվաճեցին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ)։ Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում 1:5 հաշվով զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին: Փորձառու ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության էր հասել ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության էր մատնել իրանցի Սարավի Մոհամադհադիին՝ 4:
Ծանրամարտի 109 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալ նվաճեց երկամարտի 423 կգ արդյունքով (195 կգ + 228 կգ): Պոկում վարժությունում նա հաջողությամբ կատարեց 2 մոտեցում՝ բարձրացնելով 190 կգ և 195 կգ: Հատկանշական է, որ երկրորդ ցուցանիշն այս վարժության համար օլիմպիական ռեկորդ է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը անհաջող հանդես եկավ՝ հրելով միայն 228 կգ կշռող ծանրաձողը: Այս քաշային կարգում երկամարտի 430 կգ (193 կգ + 237 կգ) արդյունքով չեմպիոն է դարձավ ուզբեկ Ակբար Դյուրաևը։
Տոկիոյում Հայաստանի վերջին մեդալակիրը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր։ 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Բաչկովը պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել էր Ռայան Ալստոնին (Անտիգուա և Բարբուդա), 1/8 եզրափակչում պարտության էր մատնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին, իսկ քառորդ եզրափակչում՝ ուզբեկ Էլնուր Աբդուրաիմովին:
Ընդհանուր առմամբ, հայ մարզիկները Տոկիոյում մեդալների համար պայքարեցին 8 մարզաձևում: Մեր մյուս օլիմպիակաները գրանցել են հետևյալ արդյունքները.
Ըմբշամարտ
Հայաստանի 17 օլիմպիականներից 6-ը ըմբիշ էին, որոնցից մեդալակիր դարձավ միայն Արթուր Ալեքսանյանը: Հունահռոմեական ոճի ըմբիշներից Կարապետ Չալյանը (77 կգ) պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում, իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ) և Արմեն Մելիքյանը (60 կգ) պայքարից դուրս մնացին քառորդ եզրափակիչ փուլից։ Ազատոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) պարտվեցին մեկնարկում՝ զիջելով համապատասխանաբար Էրդենեբատ Բեկբայարին (Մոնղոլիա) և Հաջիմուրադ Ռաշիդովին (Ռուսաստանի Օլիմպիական կոմիտե)։
- Բռնցքամարտ
Բացի Հովհաննես Բաչկովից՝ բռնցքամարտի մրցումներում Հայաստանն ուներ ևս 2 ներկայացուցիչ: Նրանցից Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) մեկնարկային մենամարտում պարտվեց Ջալալ Յաֆային (Մեծ Բրիտանիա), իսկ Արման Դարչինյանը (75 կգ), պայքարը սկսելով 1/8 եզրափակչից, հաղթեց սլովակ Անդրեյ Շեմեզին, ապա քառորդ եզրափակչում պարտվեց ֆիլիպինցի Էմիլ Մարսիալին և զրկվեց մեդալ նվաճելու հնարավորությունից:
- Լող
32-դ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում էր 2 լողորդ՝ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը։ Արթուր Բարսեղյանը հանդես եկավ 100 մետր և 50 մետր ազատ ոճերում: 50 մետր ազատ ոճի որակավորման փուլի 5-րդ մրցահերթում Բարսեղյանը 23.14 վայրկյան արդյունքով զբաղեցրեց 3-րդ, իսկ ընդհանուր 73 լողորդների պայքարում՝ 43-րդ տեղը, իսկ 100 մետր ազատ ոճի 4-րդ լողահերթում նա 49.78 վայրկյան արդյունքով 2-րդն էր, ընդհանուր պայքարում՝ 38-րդը: Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճի 2-րդ լողահերթում գրանցեց 59.18 վայրկյան արդյունք և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 45-րդը տեղը։ Որակավորման փուլի արգելքը հաղթահարում են 1-16-րդ տեղերը զբաղեցրած լողորդները:
- Հրաձգություն
Էլմիրա Կարապետյանը 10մ ատրճանակ մրցաձևում զբաղեցրեց 18-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլը:
- Ձյուդո
Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) մեկնարկում՝ 1/16 եզրափակչում, պարտվեց Ժանսայ Սմագուլովին (Ղազախստան) և դուրս մնաց մեդալային պայքարից:
- Ծանրամարտ
Ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգում Իզաբելլա Յայլյանը երկամարտի 205 կգ արդյունքով (95 կգ + 110 կգ) զբաղեցրեց 7-րդ տեղը:
- Աթլետիկա
Եռացատկորդ Լևոն Աղասյանը B խմբում 16.42 մետր արդյունքով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը և դուրս մնաց մեդալային պայքարից:
Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց 69-րդ հորիզոնականը: Առաջատարն ԱՄՆ-ն է, որի մարզիկները նվաճել են 113 մեդալ (39 ոսկե, 41 արծաթե և 33 բրոնզե):
Հավելենք, որօգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը Տոկիոյում կայանալու են արդեն Պարալիմպիկ խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է պարաթլետ Ստասիկ Նազարյանը: