Մեռնելու ենք, ուշ թե շուտ, բոլորս

Մեռնելու ենք, ուշ թե շուտ, բոլորս

Տիգրան Մեծից մինչև Կոմիտաս, Մակեդոնացուց մինչև Չինգիս Խան․․․ Նապոլեոն, Հիտլեր, Ստալին ու ոչ այնքան հայտնի գյումրեցի Վաղո․ բոլորիս վերջի գործը մեռնելն է։ Տիեզերական ճշմարտություն է, որ այդ անտեր մահից հետո ոչ հետներս մետաղ ենք տանելու ու ոչ էլ թուղթ, ոչ հետ քցածներս է մեզ օգնելու ու ոչ էլ՝ ստեղծածներս։ Կարևոր չէ՝ հավատում ենք Աստծուն, թե չէ, քրիստոնյա ենք, թե բուդդիստ, անաստված աթեիստ կամ ագնոստիկ, մեկ է, դժվար է ընդունել, որ մահից հետո՝ վերջ, էլ բան չկա։

Քանի դեռ մահը չի նայել մեր աչքերի մեջ, հնարավոր է վախն այնքան էլ մեծ չէ դրա անհայտությունից, բայց հենց մահին մոտենանք՝ կապ չունի՝ հերոս ենք թե նյութապաշտ, ուղեղներս մարմիններիս այնպիսի մի սարսուռ է հաղորդում, որը ահավոր կերպով ստիպում է կառչել կյանքից։ Ոմանք ուժ են գտնում ու կարողանում են հաղթահարել կենդանի մնալու բնազդը՝ կամովին կյանքը զոհաբերելով, ոմանց համար էլ զոհաբերությունը հիմարության պես մի բան է ու ջանում են ապրելիք տարիների քանակը երկարացնել, շատ դեպքերում չգիտակցելով, որ վերջը, մեկ է, մահն է։

Էտ անտեր մահից հետո, էտ դաժան մահի պահին աթեիստից մինչև աստվածապաշտ՝ բոլորն էլ փորձելու են կենդանի մնալ՝ կենդանի մնալ մահից հետո։ Մարմինը հող կդառնա, կգնա, կենդանի մնացողը հոգին է։ Հավատանք սրան, թե չէ, ուրիշ ճար չունենք։

Փարավոնների չորացած մումիաները վկա, ախր դրանցից հզորը չկար, բայց դրանց զմռսած մարմինները այսօր դարձել են թանգարանային էքսպոնատ, մահից հետո կենդանի մնալու միակ ու եզակի հույսը հոգին է։

Աշխարհիկ կյանքում մարմինը բուժողը՝ բժիշկն է, հոգու բժիշկն էլ՝ հոգևորականը։ Մարմնի բժշկի առաքելությունը մարմնի կյանքը միառժամանակ երկարացնելն է, հոգևորականինը՝ հոգին անմահացնելը։ Ոմանք կարող է վիճել սրա հետ, բայց էլի եմ հիշեցնում, այլ ճար չունենք, մահից հետո կենդանի մնալու միակ հույսը մեր հոգին է ու դրան կենդանություն հաղորդող հոգևորականը։

Մեր հարազատի մեռնելուց հետո նրան շքեղ գերեզման ու շիրմաքար դնելով, ծաղիկ ու ծաղկեպսակ պառկացնելով չենք օգնի, դա մեր աչքի հանգստության համար է։ Հույսը մենակ Աստված է։ Մեր հույսը այն Աստվածն է, որին հավատացել են մեր պապերը, որի համար զոհաբերելով սեփական անձերը, եկեղեցի ու վանք, խաչքար ու մատուռ են սարքել։ Ես իմ պապերին, իմ ազգի սրբերին չհավատալու պատճառ չեմ տեսնում։ Ես իմ հավատքին ու կրոնին՝ որպես հոգու փրկության այլընտրանք չեմ տեսնում։ Ու այս եզրակացությանը եկել եմ ամեն անգամ գիտակցելով, որ բոլորիս վերջը մահն է, գիտակցելով, որ այդ մահը կարող է վրա հասնել ցանկացած պահի:

Եթե սա չենք գիտակցում, շատ դժվար է գերի չդառնալ նյութին, աշխատանքին, հաճույքներին ու աշխարհիկ շատ վայելքների: Երբ մեր բարձրաստիճան այրերը, որոնք ժողովրդի կողմից ընտրված լինելով, չեն հասկանում, որ ի պաշտոնե գոնե պետք է հարգեն Հայ առաքելական եկեղեցու ինստիտուտը, հավատքն առ աստված կամ կրոնը, բարդ դրության մեջ ենք հայտնվում:

Այդ բարդ դրության մասին կարելի է անվերջ երկար խոսել: Սակայն փոխարենը խորհուրդ կտայի ուղղակի մի պահ կտրվել առօրյա խելահեղ վազքից ու հասկանալ՝ մեռնելու ենք, ուշ թե շուտ, բոլորս: Ու մահվան պահին, երբ կյանքը թռած կլինի ակնթարթի պես, երբ տակավին չենք էլ կարողանա հասկանալ՝ ինչպես վերջացավ մեզ բաժին հասած ժամանակը, կրկին կուզենանք ապրել: Ապրել մահից հետո՝ կենդանի մնալ հոգով:

Վերջապես պարզ կդառնա, որ կյանքի ոչ մի ձեռքբերում մերը չէր, մերը մենակ հոգին էր, իսկ հոգու միակ Փրկիչը Աստված ու Աստծո կողմից մեզ կարգված հոգևորականը (միակ հույսը դա է մնում): Ու երբ մեռնենք, մեր հոգին փափագելու է ոչ թե հարյուրավոր ծաղկեպսակներ ու մեր հասցեին ուղղված գեղեցիկ խոսքեր, այլ հոգևորականի աղոթք՝ հոգու փրկության համար: Այն հոգևորականի, որին կյանքի ընթացքում վերաբերվել ենք իբրև անպիտան ու խաբեբա մեկին, որին ամեն անգամ վիրավորել, կծել ու նեղել ենք: Մեռնելու ենք, ուշ թե շուտ, բոլորս… մի մոռացեք:

Վարդան Սրտաշյան

wp-apeth