Նոր աշխարհ՝ նոր կանոններով (մաս 3)

Նոր աշխարհ՝ նոր կանոններով (մաս 3)

Նախորդ շաբաթ ընդունված օրենքը, որով իշխանություններին հնարավորություն էր տրվում միջամտել մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև հաղորդակցության գաղտնիության իրավունքներին, ընդունվեց ոչ միանշանակ։ Մարդկանց ազատությունների սահմանափակման օրենքն ընդունեց այն քաղաքական ուժը, որն իր գաղափարներով լիբերալ է ու ազատական։ Սա ևս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ նոր աշխարհում լիբերալ գաղափարները նահանջելու են ու մարդիկ զոհաբերելու են իրենց ազատությունները հանուն անվտանգության և ապահովության։

Երևի երբեք էլ չպարզվի՝ սույն համավարակն արհեստական էր, թե բնական, սակայն հետևությունը մեկն է՝ ժամանակակից աշխարհը կանգնել է որակական ու խորքային նոր փոփոխությունների անհրաժեշտության առաջ։ Բայց թե ինչ պետք է փոխել ու ինչպես, քչերը գիտեն։ Այն պետությունները, որոնք ճիշտ կվերլուծեն ստեղծված իրավիճակը, կունենան բավարար կամք՝ փոխվելու ժամանակի պահանջների հրամայականով, գնալու ցավալի ռեֆորմների ու փոփոխությունների, հենց նրանք էլ կլինեն ապագա աշխարհի առաջատարները։

Պետք է հստակ գիտակցել, մեկուսացման իրավիճակը երկար շարունակվել չի կարող։ Հայաստանն էլ չունի այն ռեսուրսները, որ կարողանա երկար պահել մարդկանց իրենց տներում՝ առանց աշխատանքի ու առօրյա հացը վաստակելու հնարավորության։ Կարելի է ենթադրել, որ առաջիկա օրերին մենք ունենալու ենք հիվանդության նոր դեպքերի կրճատում։ Հնարավոր է նաև, որ իշխանությունները այդ ինֆորմացիան կեղծեն՝ երկիրը կրկին բնականոն վիճակի բերելու և սոցիալական բունտից խուսափելու համար։

Արդեն իսկ նկատվում է հիվանդությունների նվազման դինամիկա։ Ընդհանուր տագնապը թուլանում է նաև աշխարհում։ Ստատիստիկան ճշգրիտ գիտություն է։ Արդեն իսկ շատ վերլուծաբաններ հիվանդության համաշխարհային վիճակագրությունը վերլուծելով, հանգում են այն եզրակացության, որ բնակչության մահվան ցուցանիշները նախորդ տարվա համեմատ այնքան էլ չեն փոխվել։ Արդեն իսկ մարդիկ սկսում են ավելի սթափ վերլուծել իրավիճակը, վախը սկսում է նահանջել, հետևաբար կարելի է առաջիկայում սպասել բոլորիս «փրկող» վակցինայի ի հայտ գալուն ու մարդկության փրկությանը։

Այն ձեռք բերելու համար աշխարհում կծախսվեն միլիարդավոր դոլարներ, միլիարդավոր դոլարներ կուղվեն նաև նոր՝ ավելի ապահով աշխարհ կառուցելու միջոցառումներին։ Տեղի ունեցածը կարծես լավ նախավարժանք էր համընդհանուր վերահսկողություն սահմանելուց առաջ։ Եթե մինչ վարակը մարդկանց առաջարկեին զրկվել սեփական ազատություններից՝ ընդհուպ ամեն վայրկյան հսկողության տակ լինելու տեսքով, մարդիկ դա խիստ ծանր կընդունեին, իսկ այժմ խստագույն սահմանափակումները կդիտվեն նորմալ։ Բացի այդ, մարդիկ սկսեցին մասսայականորեն կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք նախկինում այնքան էլ կարևորված չէին։ Այդ տեխնոլոգիաները մտան ամենքիս տուն․ խոսքը վերաբերում է, օրինակ, հեռավար ուսուցմանը։

Կարելի է ասել, որ բավական հաջող այդ մեխանիզմները կիրառվեցին նաև մեզանում։ Դժվար էր մինչ ճգնաժամն անգամ պատկերացնել, որ հնարավոր է նման բան տեղի ունենալ Հայաստանում՝ առավել ևս մեր տներում։ Էականորեն աճեց օնլայն առևտուրը, շատ տնտեսվարողներ ու սննդի կետեր սկսեցին աշխատել առցանց՝ առաքման մեխանիզմներ գործի դնելով։ Էականորեն աճեց էլեկտրոնային վճարային համակարգերից օգտվողների թիվը և այլն։

Միանգամայն բնականոն է, որ ժամանակ առ ժամանակ աշխարհը կանգնում է ճգնաժամերի առաջ։ Ապացուցված է․որ ցանկացած նոր ճգնաժամ՝ նոր հնարավորությունների սկիզբ է։ Դրանք մաքրում են տարիների ընթացքում կուտակված աղբը, մաքրում հասարակության աղտերն ու բերում բարեփոխումների։ Մեզ մնում է լցվել լավատեսությամբ ու հավատով, ինչպես նաև այն գիտակ ուղեղներին, որոնք ընդունակ են վերլուծել իրավիճակն ու ըստ այդմ կանխատեսել ապագան։ Ամենամեծ զենքն այօր ինֆորմացիան է, մենք պետք է կարողանանք լինել ինֆորմացված և ունենանք բավարար կամք ու հմտություն ադապտացվելու նոր աշխարհում ստեղծվող խաղի նոր կանոններին։

Նոր աշխարհ՝ նոր կանոններով (մաս 1)

Նոր աշխարհ՝ նոր կանոններով (մաս 2)

wp-apeth