ՀՀ բանկային համակարգի 30-ամյա էվոլյուցիան (մաս 1)
Այս օրերին նորից ուրվագծվում են նոր տնտեսական ճագնաժամի նշանները: Կարդալով մամուլի վերլուծական հոդվածները և լսելով հայտնի ու անհայտ տնտեսագետների վերլուծական հարցազրույցները իրազեկվում ենք, որ այն անխուսափելի էր, ուղղակի կորոնավիրուսի համաճարակը այս պրոցեսի համար կատալիզատորի էֆեկտ է ունենում: Այդ ամենը ցավոք սրտի նորից վերագրում են ֆինանսական համակարգին, քանի որ կարելի է մեկ հոգու վրա (տվյալ դեպքում վարկատու կազմակերպությունների) դնել ամբողջ պատասխանատվությունը և կտրելով հրեշի գլուխը` հարցը լուծած համարել:
Մինչ հարցին այլ տեսանկյունից դիտարկելը փորձենք մի փոքր էքսկուրս անել, թե ինչպիսի ճգնաժամների են առերեսվել մեր վարկատու կազմակերպությունները (քանի որ բողոքը հիմնականում բանկերից և վարկային կազմակերպություններից է տանք այդ «չարիքին» Վարկատու Կազմակերպություն անունը) դրամի ներդրվելուց հետո և ինչ զարգացումներ են տեղի ունեցել: Նախկինում գործող մի քանի պետական բանկերը` Բնակսոցբանկ, ՊետԱռ բանկը Արդշինբանկը, վերակազմակերպվեցին սկսեցին աշխատել շուկայում, որ քայլ առ քայլ կանոնակարգվում էր: Դրանց միացան նոր բացվող փոքր կոոպերատիվ (այսպիսի բանկերը դեռևս մնացել էին նախկին համակարգից) կամ առևտրային բանկեր: Տնտեսության աշխուժացման հետ միասին տարբեր տեսակի կազմակերպություններ էլ երևան եկան նաև ոչ ֆինանսական կազմակերպություններ, որոնք սկսեցին ֆինանսական միջոցներ ներգրավել ֆիզիկական անձանցից և լինել վերահսկողությունից դուրս:
Առաջին ճգնաժամը հասունացավ 1997թ-ին՝ ինչպես այդ ոչ բանկային կազմակերպությունների «JMZ», «Մերկուրի Էնթըրփրայզ», «Նորինվեստ», այնպես էլ «Արմենիա» և «Արևելա-Հայկական» բանկերի համար։ Խնդիրն առաջացավ մեծ չափով պարտավորություններ ստանձնելու՝ հիմնականում ֆիզիկական անձանցից, և այդ միջոցները վատ ակտիվների մեջ ներդնելու արդյունքում: Տարբեր տեսակի սխեմաններով և բարձր տոկոսներով գրավիչ պայմաններ առաջարկելով՝ մեծ գումարներ էին հավաքագրվել: Այդ տարիներին նաև փլուզվեցին ռուսական շատ ֆինանսական բուրգեր: Կային կասկածներ, որ այդ գումարների ինչ-որ մաս անհետացան ռուսական այդ բուրգերում («Խապյոռ Ինվեստ», «ՄՄՄ» և այլն): Այդ ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվեցին առաջին խստացումները։ Ավաղ, ֆիզիկական անձանցից շատերը կորցրեցին իրենց գումարները:
Երկրորդ խոշոր ցնցումները եղան 2002-2003թթ: Այդ ժամանակ ավանդներ կարող էին ներգրավել միայն բանկերը, կապիտալի նկատմամբ նորմատիավային պահանջներ էին դրված, ԿԲ-ն իր գործիքակազմով կարողանում էր կատարել գրագետ վերահսկողություն, բայց այս ամենով հանդերձ նոր ռիսկային բանկեր հայտնվեցին․ «Միավորված բանկ», «Կրեդիտ-Երևան բանկ», «Կրեդիտ-սերվիս բանկ», «Էկոնոմինվեստ բանկ»։ Կային բանկեր, որոնք պարտատերերի միջոցները դարձյալ ենթարկելով չկշռադատված ռիսկերի, կատարել էին բարձր ռիսկային գործարքներ և իրենց հաշվետվություններում փորձել էին թաքցնել այդ վտանգները։ ԿԲ-ի վերահսկողական աշխատանքների շնորհիվ դրանց խորացումը չթույլատրվեց և հնարավորինս սեղմ ժամկետներում դադարեցվեց այդ կառույցների գործունեությունը: Այս ցնցումներից հետո ԿԲ-ն էլ ավելի խստացրեց վերահսկողական գործիքակազմը և բարձրացրեց ընդհանուր կապիտալի նկատմամբ պահանջը՝ այն սահմանելով 5 մլրդ դրամ մինչև 2009 թվականը: Միաժամանակ օրենք ընդունվեց վարկային կազմակերպությունների մասին: Սա քայլ էր այն բանկերի համար, որոնք չկարողանալով կապիտալի հարց լուծել, հանդես կգային որպես վարկային կազմակերպություն։ Նման կազմակերպություները ֆիզիկական անձանցից միջոցների ներգրավել հնարավորություն չէին ունենա, ինչն էլ իր հերթին կբացառեր նոր ճգանաժամերի հավանականությունը: Ավելին, վարկային կազմակերպությունների գործունեության ոլորտն այդ ժամանակ դեռ լավ ուսումնասիրված չէր։ Թեպետ, այդ ժամանակահատվածում գոյություն ունեին այլ կազմակերպություններ, որոնք փաստացի կատարում էին այդ գործառույթը «փոխառության» անվան տակ:
Մինչ դրանց մասին խոսելը, շեղվեմ այդ կազմակերպություններից և նշեմ, որ աչքի առջև ունենալով այնպիսի դեպքեր, երբ ԿԲ վերահսկողության դաշտում աշխատող և շուկայում երկար ժամանակ գործող բանկերը բախվեցին ֆիզիկական անձանց ավանդների հետ վերադարձման գծով խնդիրների, պետության կողմից մշակվեց ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ստեղծման գործընթացը։ Նշված հիմնադրամում հատկացումներ սկսեցին կատարել հենց բանկերը: Դրանով պետությունը բանկերին պարտադրեց ստանձնել պարտականություն՝ հետագայում նմնատիպ խնդիրների առկայության դեպքում վճարումներ կատարել հավաքված դրամագլխից: Այստեղ արդեն պետությունը ստիպված չի լինի մասնավորի ռիսկերի համար պատասխան տալ, այլ առաջին քայլով կմեղմվի ֆիզիկական անձանց մանր (մինչ 2 մլն ՀՀ դրամ) ավանդներով առաջացած պահանջը: Այս պահին գործող օրենքով այդ գումարը կզգուշանայի անվանել մանր գումար, քանի որ ներկայումս գործում է դրամային արտահայտությամբ մեկ անձի համար 10 մլն ՀՀ դրամ հատուցման ենթակա ավանդի սահմանաչափը:
2002թ-ից սկսած, երբ արդեն գործում էր վարկային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքը, մի շարք կազմակերպություններ իրենց ազատ դրամական միջոցները «փոխառության» անվան տակ տեղաբաշխում էին վարկերի տեսքով, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացնում բանկերի և այդ պահին քիչ թե շատ գործող վարկային կազմակերպությունների մոտ: Դրանք հիմնադրամներ էին և գործում էին զարգացող երկրներում լայն տարածում գտած միկրովարկավորման սխեմաներով․ վարկի գումարը չէր գերազանցում 200 հազ․ՀՀ դրամը և հիմնականում տրամադրվում էր ի սկզբանե ձևավորված խմբերի: Փորձը հաջող ստացվելուց հետո, նոր գործիքակազմ էր առաջանում, որն էլ հենց հիմնական դժգոհության առիթ դարձավ: ՀՀ օրենսդրության պահանջների խախտումը բացառելու համար այս կազմակերպությունները պետական գրանցում ստացան։ Արդյունքում ՀՀ վարկային շուկայում առաջացան երկու տեսակի պաշտանապես լիցենզավորված կառույցներ, որոնք սպասարկում էին տնտեսության և ֆիզիկական անձանց վարկային պահանջները։ Հաշվի առնելով այն, որ վարկային կազմակերպություն գրանցելու համար անհրաժեշտ նվազագույն կապիտալի գումարը հարաբերականորեն փոքր էր (առ այսօր ԿԲ-ն փոփոխություն չի իրականացրել նվազագույն կապիտալի մասով) և վարկային կազմակերպության գործունեությունը գործարար տեսանկյունից գրավիչ էր, ՀՀ-ում սկսեցին գրանցվել բազմաթիվ վարկային կազմակերպություններ։ 2020թ-ի հունվարի 1-ի դրությամբ շուկայում գործում է գրանցված 43 վարկային կազմակերպություն: Եթե վարկային կազմակերպությունների քանակը «անձրևի և սնկերի» ուղիղ համեմատական վիճակն էր բնորոշում, ապա բանկերի մոտ՝ դա հակառակն է:
Մենք արդեն խոսել էինք, որ ԿԲ-ը տարեցտարի խստացնում էր բանկերի ազատ գործելու հնարավորությունները: 2008թ.-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո, չնայած նրան, որ բանկային համակարգը կարողացավ դիմակայել այդ ցնցմանը, ԿԲ-ն ևս մեկ անգամ բարձրացրեց բանկերի ընդհանուր կապիտալի չափը՝ այն սահմանելով 30 մլրդ դրամ: Այս պահանջի կատարման համար բանկերին տրվեց ութ տարի ժամանակ: Շուկայում գործող բանկերը կամ պետք է ապահովեին այս պահանջը, կամ բռնեին 2002թ-ի ուղին․ դառնային վարկային կազմակերպություն կամ էլ լուծարվեին: Չնայած կային նաև մեկ այլ տարբերակներ` միացում, կլանում: Արդյունքում այսօր ունենք 17 բանկ՝ 21-ի փոխարեն: Այդ ընթացքում միացումներին և կլանումներին մասնակցեցին նաև վարկային կազմակերպությունները, որոնք հիմնականում կլանվողի դերում էին: Բայց սա միակ պահանջը չէր: Արդեն նշել էինք, որ ավանդների երաշխավորման հիմնադրամին պետք էր գումարներ հատկացնել, ավելացավ նաև ֆինանսական հաշտարարի ինստիտուտը։ Նշված կառույցի գործունեության համար բացի բանկերից պետք է վճարեին նաև ֆինանսական հատվածի բոլոր կառույցները՝ կախված իրենց ակտիվների մեծությունից: Ֆինանսական կառույցների կողմից հաշտարարին փոխանցված գումարներն անվերադարձ են։ Ֆինանսական համակարգի գործունեության թափանցիկությունն ապահովելու համար ներկայումս առկա են մի շարք այլ գործիքներ, որոնք հաճախորդներին հնարավորինս իրազեկված են դարձնում իրենց իրավունքների մասով: Պետք չէ անդրադառնալ բոլոր տեսակի նորմատիվային սահմանափակումներին, դրանք հասանելի են համացանցի բոլոր իրավական հարթակներում: Այս ամենը թվարկեցի, որպեսզի ընթերցողի մոտ ինչ-որ պատկերացում կազմվի այն մասին, որ ֆինանսական կառույցները ավելի զգոն և ազնիվ աշխատելու համար պետք է նաև լրացուցիչ ծախսեր կատարեն: Այս ամենը ենթադրաբար բերում է տոկոսադրույքների բարձրացմանը։ Շնորհիվ նպատակային վարկավորման դաշտում պետական անմիջական աջակցության և մրցակցության արդյունքում ՀՀ-ում տեղի ունեցավ վարկերի տոկոսադրույքների անկում: Օրինակ՝ եթե 2008թ․ հիփոթեքային վարկի միջին տոկոսադրույքը 14% էր, ապա այսօր այն կազմում է 11%՝ առանց պետական աջակցության ծրագրերի։
Բանկերը, մրցակցային պայքարում դիմակայելու և ներդրողներին շահույթ ապահովելու նպատակով, սկսեցին ավելացնել վարկային պորտֆելը։ Արդյունքում այսօրվա մեր շուկայում ակտիվների ծավալով 3-րդ բանկը («Արդշինբանկ») գերազանցում է բոլոր վարկային կազմակերպությունների ակտիվների միասին վերցրած գումարին (721 մլրդ. ընդդեմ 705 մլրդ.): Ակտիվների ծավալով ՀՀ շուկայի 4 խոշոր բանկերի կողմից կառավարվող ակտիվների գումարը գերազանցում է ՀՀ շուկայի մնացած բոլոր բանկերի տրամադրության տակ գտնվող ակտիվների գումարին (տվյալները վերցված են 2019թ.-ի հրապարկված հաշվետվություններից): Հարաբերակցությունը հետևյալն է 2,9 տրիլիոն ընդդեմ 2,8 տրիլիոն:
Այս ամենը միայն բանկերով և վարկային կազմակերպություններով չէր կարող տեղի ունենալ: Սրան նպաստել է ոչ միայն տնտեսության բնականոն զարգացումը, այլ նաև տարբեր տեսակի վարկային պրոդուկտների միջոցով մարդկանց գերծանրաբեռնվածությունը: Վերը նշված 4 բանկերից 3-ի ակտիվներն առավել արագ են աճել վերջին 4 տարում՝ 2015-2019թթ-ին: Առաջատարինը 88 տոկոս, երկրորդինը 155 տոկոս, իսկ երրորդինը՝ 80 տոկոս: Միաժամանակ զուտ ակտիվների ցուցանիշով միայն 4-րդ-ի տվյալներն են բարձր, իսկ մնացած բոլոր բանկերի պարագայում այս ցուցանիշը կազմում է 10 տոկոս և պակաս: Նմանատիպ թռիչքային աճեր գրանցվել են նաև վարկային կազմակերպություններում: Այս բոլորին նպաստել է սպառողական և հիպոթեքային վարկավորման բումը: Այս բուռն աճին մասնակիորեն խանգարեց 2015թ-ի միջանկյալ ճգնաժամը՝ պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցներով։ Նշված հանգամանքը մեծ ազդեցություն ունեցավ մեր ընդհանուր տնտեսության վրա, չնայած որ այն չխանգարեց ՀՀ 4 խոշոր բանկերին միջինում ապահովել 100 տոկոսանոց աճ: Այս խոշորացումն ունի ինչպես դրական կողմեր, այն է՝ ֆինանսապես առավել կայուն և բազմազան ծառայությունների մատուցման հնարավորություն, այնպես էլ բացասական՝ ֆինանսական անկման դեպքում այս խոշոր կառույցներն ուղղակիորեն կվնասեն նաև ամբողջ տնտեսությանը։
Այս ամենը եզրափակելով՝ կուզենայի զուգահեռներ տանել 2003-2008թթ-ին ԱՄՆ-ի վարկավորման պրոցեսի և 2015թ-ից սկսած մեր զարգացումների միջև: Համեմատելով այս երկու զարգացումները նկատում ես, որ միակ տարբերությունը Հայաստանի շուկայում արժեթղթավորման բացակայությունն է: Մարդկային ագահությունը իր տեղում է և այն, որ կարելի է ծախսել «դեռևս չաշխատածը» մեզ էլ խորթ չէ: Այնպես որ միայն «վարկատու կառույցներին» մեղադրել այս խորացած խնդրի համար սխալ է: Այստեղ անհրաժեշտ է համակարգային լուծումներ, ինչու չէ նաև կրթական մակարդակում: Շատ եմ լսել, որ արդեն դպրոցների ավագ դասարաններում կա անհրաժեշտություն տարրական տնտեսական գիտելիքներ սերմանելու, երեխաներին նախապատրաստելով ապագային: Դա կօգնի գրագետ օգտվել պարտքով, հատկապես տոկոսով, պարտքային միջոցներից ու վաշխառուական մոտեցումներն էլ կամաց-կամաց դուրս կգան մեր ֆինանսական ընկերություններից: Իսկ ինչ վերաբերում է գերշահույթներին ֆինանսական համակարգում, դա կարող է մի քանի վաշխառուական ընկերություններում լինի, ոչ բոլորում: Հաշվետվությունները հրապարակային են և լավագույնը 15 տոկոս եկամտաբերության մասին է խոսքը: Ու դա գերշահույթ ՉԷ։
Շարունակությունը՝ ՀՀ բանկային համակարգի 30-ամյա էվոլյուցիան (մաս 2)