Եվրոպայի լիգա. «Ստյաուա» — «Շիրակ». խաղին ընդառաջ
Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Գյումրու «Շիրակը» Բուխարեստում մրցելու է ռումինական առաջատար թիմերից մեկի՝ «Ստյաուայի» հետ: Թիմ, որը ժամանակին հասցրել է նույնիսկ Եվրոպայում ճանաչվել լավագույնը, սակայն դա վաղուց է եղել և օրվա հետ որևէ աղերս չունի: «Ստյաուան» շարունակում է ղեկավարել սկանդալային Ջիջի Բիկալին՝ իր ոչ ստանդարտ, երբեմն միայն իրեն հասկանալի գործողություններով:
«Ստյաուան» խնդիրներ ունի
Համավարակն իր ազդեցությունը թողել է նաև շիրակցիների առաջիկա մրցակցի վրա: Մոտ երկու շաբաթ թիմի խաղացողներից մի քանիսի թեստերը դրական պատասխան տվեցին, այս ընթացքում ակումբը հասցրել է կազմը համալրել ընդամենը երեք նորեկով, իսկ նորանշանակ գլխավոր մարզիչ Տոնի Պետրեան առիթը բաց չի թողնում խոսլեու այն մասին, որ կազմն ուժեղացման ու ամրապնդման կարիք ունի:
Հաղթական մեկնարկ
Ռումինիայի առաջնությունը նույնպես մեկնարկել է, կայացել է մեկ տուր: «Ստյաուան» արտագնա խաղում կարողացել է երեք անպատասխան գնդակ ուղարկել «Աստրայի» դարպասը: Առաջին հայացքից Պետրեայի սաները վստահ հաղթանակ են տարել, սակայն խաղը ցույց տվեց, որ խաղային առումով խնդիրներ թիմն ամեն դեպքում ունի: Ճիշտ է, մրցաշրջանը նոր է սկսվել և դեռ շատ անելիք կա, բայց խաղային խնդիրներն ու կադրային բացերն այնքան ակնրև են, որ տեղի փորձագետներն իրենց գրեթե բոլոր հրապարակներում հասցրել են խոսել այդ մասին և նկատել, որ եթե թիմը ցանկանում է ավելին անել, քան անցած մրցաշրջանում, ապա պետք է առաջին հերթին նոր ու որակյալ խաղացողներ հրավիրել: Թույլ օղակներ ունի թիմը:
Խնդիրներ ու բացեր
Այնպես չէ, որ Պետրեան թիմը գլխավորելուց հետո դժգոհում է ընտրություն չունենալու հնարավորությունից, սակայն ակնարկում է, որ նոր խաղացողների կարիք ամեն դեպքում ունի: Եթե կենտրոնական հատվածում, եզրերում և հարձակման գծում այս պահին խնդիրներ կարծես չկան, ապա նույնը չի վերաբերում պաշտպանության կենտրոնին: Բուխարեստում պահանջում են Բիկալիից նոր խաղացողներ ձեռք բերել՝ առաջին հերթին պաշտպանության կենտրոնում առկա բացերը փակելու համար: Խնդիրները կարող են ավելանալ, եթե մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը «Ստյաուայի» առաջատարներով հետաքրքրված ակումբները կարողանան ընդհանուր հայտարարի գալ Բիկալիի հետ: Մասնավորապես խոսքը վերաբերում է հարձակման գծի առաջատարներ Դենիս Մանին ու Ֆլորինել Կոմանին: Խոսակցությունները նշված խաղացողների հնարավոր տեղափոխությունների մասին են շատ են, գումարների մասով էլ տարբեր թվեր են նշվում: Բիկալին բավականին մեծ գումարներ է պահանջում, ընդհուպ մինչև 15 միլիոն եվրո:
Եվրոպայի լիգայի խաղարկությունը՝ լավ հնարավորություն
Վերոհիշյալ խաղացողները, որոնց նկատմամբ հատկապես «Շիրակի» տղաները պետք է շատ ուշադիր գործեն, ճամպրուկային տրամադրություն ունեն, սակայն մյուս կողմից չեն պատրաստվում քայլել խաղադաշտում առաջիկա խաղում: Հաշվետու մրցավեճն ու ընդհանրապես եվրագավաթային կամպանիան նրանց համար ևս մեկ լավ հնարավորություն է աչքի ընկնելու համար: Սա հասկանում են ռումինական ակումբում, սա հասկանում են խաղացողներն ու նրանց գործակալները: Ասել է, թե խաղալու են կրկնակի մոտիվացված:
Նպատակը՝ հաղթել
Իր առաջին ասուլիսում «Ստյաուայի» գլխավոր մարզիչ Պետրեան խոսեց իր առջև դրված առաջադրանքների մասին: Մտադիր են ավելացնել ինչպես խաղային, այնպես էլ ցույց տված արդյունքների առումով, պայքարելու են ամենաբարձր տեղերի համար: Ինչ վերաբերում է «Շիրակի» հետ առաջիկա խաղին, ապա նկատել է, որ հեշտ չի լինելու առավել ևս որ ամեն ինչ վճռվելու է մեկ խաղում: Ընդհանրապես Ռումինիայում կարծում են, որ ավելի բարդ կլիներ, եթե խաղը կայանար Հայաստանում, իսկ այսպես առավելությունն իրենց կողմն է: Ավելին, Ջիջի Բիկալին վստահ է, որ հատկապես «Շիրակի» հետ խաղում իրենք լուրջ խնդիրների չեն բախվի, իսկ նպատակը խմբային փուլը դուրս գալն է:
Խաղը
Կասկածից վեր է, որ «Ստյաուան» կփորձի իր կամքը թելադրել Բուխարեստում: Այլ կերպ չի էլ կարող լինել, ավելի ճիշտ թիմը այլ կերպ խաղալ չի կարող: Որակյալ երիտասարդ տղաներ ունեն առջևի գծում և եթե նույնիսկ շատ բան չստացվի, ապա նրանք ունակ են միայնակ հարցեր լուծել հատկապես կարգով հավասար կամ ավելի թույլ մրցակիցների հետ խաղերում: Այլ հարց է, թե որքան ուժեղ կլինի դիմադրությունը հակառակ կողմից:
«Շիրակը»
Վիճակահանությունը մեղմ ասած բարեհաճ չգտնվեց «Շիրակի» համար: Իրականում խնդիրն այդքան բարդ չէր թվա, եթե խաղը կայանար Գյումրիում: Այն, որ մեծ է ցանկությունը հերոսանալու շիրակցիների մոտ, կասկած չկա, այլ հարց է, թե որքանով է թիմը պատրաստ նման խնդիր լուծելու: Առաջին հերթին պետք է խուսափել ուղիղ տեղում թույլ տված սխալներից, ինչը գալիս է սեփական ուժերի նկատմամբ անվստահությունից և լարվածությունից: Սա պետք է բացառել առաջին հերթին: Ինչ վերաբերում է խաղացողների ֆիզիկական պատրաստվածությանն ու մարզավիճակին, ապա մի փոքր դժվար է կոնկրետ գնահատական տալու համար: Փաստորեն ինչպես «Շիրակը», այնպես էլ «Արարատը», որի խաղացողներն առաջիկա խաղում օգնելու են իրենց նախկին թիմին, անցկացրել են մեկական հանդիպում և տիեզերական տպավորություն չեն թողել: Հուսով ենք՝ այս ընթացքում հասցրել են ավելացնել: Շատ բան կախված կլինի նաև նրանից, թե ինչ ինտենսիվությամբ շիրակցիները գնդակներ կմատակարարեն առաջ դեպի Մորի Կոնեն:
Բացառիկ հնարավորություն
Ի դեպ, հաշվետու խաղը բացառիկ հնարավորություն է նույն Մորի Կոնեի համար տրանսֆերային Եվրոպային ներկայանալու տեսանկյունից: Նույնը կարելի է Ուդոյի համար ասել, որն ամեն գնով ցանկանում է կարիերան արտասահմանում շարունակել: Ղազախական փորձերը կարծես արդեն պատմություն են և պետք է կրկին աշխատել: Այնպես չէ, որ դիմակայության հաղթողի հարցը միայն «Շիրակից» է կախված, բայց այն թե որքանով կիրականանան Բիկալիի ու նրա շրջապատի հույսերը կախված է հենց շիրակցիներից:
Հաբեթ Հարությունյան