Նախորդը չավարտված, հաջորդից դուրս մնացինք. Կամպանյայի ձախողված «կամպանիան»

Նախորդը չավարտված, հաջորդից դուրս մնացինք. Կամպանյայի ձախողված «կամպանիան»

Խաղը ցույց տվեց, որ վիճակահանությունը բարեհաճ էր գտնվել ինչպես Հայաստանի, այնպես էլ Կիպրոսի չեմպիոնի համար: Եթե կիպրոսցիներին կարող էր խանագրել խաղային պրակտիկայի լուրջ պակասն ու արտագնա խաղի գործոնը, ապա հայկական կողմը դեռ անելիքներ ուներ սեփական խաղը կառուցելու ու հասկանալու հարցում և այստեղ շատ բան էր կախված գլխավոր մարզչից: Համոզվելու համար, որ Դավիդ Կամպանյան իր «կամպանիայի» հետ տապալեց գրեթե ամեն ինչ, ինչ հնարավոր էր, բավական է միայն նայել թվերին: Մյուս կողմից թվերը ոչ միշտ են արտացոլում իրական պատկերը, որի գորշ գույները իր համար սիրելի դրոշակների տեսքով նույնիսկ ինքը՝ իսպանացին էր կարծես փորձել թաքցնել:

Ինչ կար Կամպանյայի մտքին

Հայաստանի չեմպիոնն այսօր իր տրամադրության տակ ունի բավականին որակյալ խաղացողներ, որոնք ի զորու են հարցեր լուծել խաղադաշտում, այլ հարց է թե որքանով են նրանք պատրաստ աշխատանքը կատարելուն և ինչպես են մարզիչները պատրաստվում առավելագույնը քաղել նրանց որակներից: Մարզավիճակի և պատրաստվածության մասով թերևս հենց մարզիչն է ավելի լավ տիրապետում իրավիճակին: Կողքից միշտ հեշտ է քննադատել, սակայն կան տարրական բաներ, որոնք ի սկզբանե պարզ է բոլորին և ոչինչ պետք չէ հնարել՝ թեմայի շուրջ ծավալվելու համար:

Շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, թե ինչպես է Կամպանյան ցանկանում հասնել հաջողության: Շատ պարզ: Ձգել մինչև վերջ ընդհուպ մինչև բախտը որոնել հետխաղային հարվածաշարում: Մեկ էլ տեսար այնտեղ էլ բախտդ կբերի; բոլորն ուրախ են ու երջանիկ, դու էլ քո աղքատիկ ռեզյումեում կավելացնես տող, որի մասին տարի ու կես առաջ երազել անգամ չէիր կարող:

Ովքեր էին դա կյանքի կոչելու

Կազմի հետ կապված, որն ընտրել էր իսպանացին և որով պատրաստվում էր կյանքի կոչել իր մտահղացումները, հարցերը շատ են: Միթե Նարսինգի կարիքը կար նրա ընտրած մարտավարությունում: Ինչու սահմանափակել, օրինակ, Ալեմաոյի ուժեղ կողմը: Վերջինս պարզապես հնարավորություն չուներ անելու այն, ինչ կարող է: Նրա դեմքի արտահայտությունից թերևս ամեն ինչ պարզ էր: Վակուլենկոյի հետ կապված մանյովրն էլ ի վերջո չարկատակ խաղաց: Պաշտպանվելիս նա վերածվում էր կենտրոնական պաշտպանի Խիմենեսի և Հումանեսի միջև, իսկ երբ գնդակը հայտնվում էր արարատցիների մոտ, վերջինս առաջ էր գնում՝ հագեցնելով կենտրոնը Ի դեպ, մրցակցի գրոհները կենտրոնից նա էր դիմավորում, գոլային դրվագում նա այնտեղ չէր, փոխարենը փոխանցում կատարողին փորձեց դիմավորել Հումանեսը, իսկ Վակուլենկոն ու Մենեզեսը չհասցրեցին փակել գոտին:  Մեծ հաշվով, եթե դու մտադիր ես գնդակը զիջել մրցակցին և միևնույն ժամանակ ճնշում չգործադրել նրա վրա, ապա ինչպես ես պատրաստվում հաղթել խաղում: Ինչպես ես պատրաստվում հաղթել, երբ քո խաղացողների ուժեղ կողմերը պարզապես չես օգտագործում և ամեն կերպ փորձում ես սահմանափակել նրանց գործողությունները: Ի վերջո, ինչպես հաղթես, երբ նույնիսկ գոլային պահ ի զորու չէ ստեղծել թիմը, երբ դարպասին չես հարվածում: Ինչպես հաղթես, երբ հրահանգել ես խաղացողներիդ առաջ չգնալ: Ինչպես հաղթես, երբ հնարավորություն կա առաջ գնալու, չես գնում: Ինչպես հաղթես, երբ նույնիսկ խաղի ընթացքը քեզ ոչինչ չի հուշում, որ ավելին կարելի է քաղել, պետք էր միայն համարձակություն ու վճռականություն: Կարճ ասած՝ Կամպանյայի նախընտրած հակաֆուտբոլը թույլ չտվեց Հայաստանի չեմպիոնին անգամ պայքարել բաղձալի ուղեգրի համար, մինչդեռ պետք էր ու բոլորն երևի հասկացան, որ նույնիսկ կարելի էր դա անել:

Ինչ պետք էր անել

Ցանկացած որոշում, պետք է ինչ-որ կերպ արդարացված լինի, իսկ երեկվա խաղում դա չերևաց: Նույնիսկ, եթե սկզբում պարզ չէր թե մրցակցին ինչպես է խաղալու ու ինչպես է կառուցելու իր խաղն ու մարտավարությունը, ապա գոնե քո սեփական խաղի հետ կապված պետք էր հստակություն: Եթե ուզում ես հաղթել, ապա ինչպես և ում միջոցով: Եթե ուզում ես մի կերպ ձգել, ապա ինչպես և ում միջոցով: Եթե գնդակը զիջելու ես, ապա ինչպես ես ճնշելու և ում միջոցով և այսպես շարունակ:  Բոլոր դեպքերն ենթադրում են հստակ լուծումներ ու կատարողներ: Հաշվի առնելով այն, որ իսպանացին հրաժարվել էր և՛ նախաձեռնողական խաղից, և՛ագրեսիվ գործողություններից, և՛ մրցակցին ճնշելու մտքից ու շեշտը դրել էր բախտի գործոնի վրա, դժվար է ասել, թե ինչ ծավալի աշխատանքի էին այս պահին պատրաստ «Արարատ-Արմենիայի» խաղացողները, հետևաբար «ինչ պետք էր անելու» հետ կապված կարելի է միայն ենթադրություններ անել՝ հիմվելով լավագույն օրինակների վրա, որոնց ականտես ենք եղել «Արմենիայի» խաղերում: Գրեթե կասկած չկա, որ նույն Վարդան Մինասյանը կփորձեր առավելագույնը քաղել ստեղծված իրավիճակում: Վերջինիս օրոք ֆուտբոլիստները հստակ հասկանում էին, թե ինչ է իրենցից ուզում մարզիչը և ինչ գիծ են նրանք առաջ տանում: Ու այստեղ ամենևին տեղին չէ խոսել նոր մարզչի, նրա նոր մտահղացումների, նոր թիմի ստեղծելու, կառուցելու և այլ շաբլոնային բաների մասին: Շատ բան պետք չէր, պարզ ու հասարակ գործողություններ՝ հասանելի սեփական խաղացողներին: Կամպանյայի օրոք թիմն ընդամենը մեկ գոլ է խփել անցած մի քանի խաղերում և սա շատ բանի մասին է խոսում:

Հաբեթ Հարությունյան

wp-apeth