1 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ. ազատոճայինները հինգ մեդալ նվաճեցին

1 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ. ազատոճայինները հինգ մեդալ նվաճեցին

Ազատոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը հաղթող է ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Եզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Չեբորդաևի հետ և 11:7 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել:

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:1 հաշվով հաղթել էր հունգարացի Գամզաթգաջի Խալիդովին: 1/8 եզրափակչում Հարությունյանը 6:0 հաշվով հաղթանակ էր տոնել Նիկո Մեգերլեի նկատմամբ, քառորդ եզրափակչում 10-0 հաշվով հաղթել էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամմադ Մոկաևին, իսկ Մ23 ԱԱ-ի կիսաեզրափակչում 5:0 հաշվով հաղթանակ էր տարել Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Աիտակունիի նկատմամբ:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը ներկայացված էր 8 ըմբիշով, որից 5-ը դարձան մեդալակիրներ: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը 1 ոսկե, 1 արծաթե և երեք բրոնզե մեդալներով է ավարտել պայքարը Սերբիայում:

Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է Վազգեն Թևանյանը (70 կգ):

Մանվել Խնձրցյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) դարձել են մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։ Մեդալ նվաճելուն մոտ էին նաև 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը և 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը, որոնք, սակայն, պարտվել են բրոնզե մեդալի համար գոտեմարտերում: Այս առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը, որը դուրս է մնացել մեդալի համար պայքարից, 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանն էր, որը սփոփիչ գոտեմարտում 0։4 հաշվով զիջել է մրցակցին:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականը թիմային հաշվարկով երրորդ տեղն է զբաղեցրել:

wp-apeth