Դիմակը շատ ավելի էֆեկտիվ է դիմացինին չվարակելու, քան չվարակվելու համար

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ընթացիկ շրջանի հիմնական խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը:
«Երեկ մենք կրկին՝ 665 նոր դեպք ենք հայտնաբերել, և մեզ չի հաջողվում թվերն իջեցնել, և մենք գիտենք դրա պատճառը: Պատճառը հետևյալն է՝ հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում, և մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել՝ հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով:
Գիտեք, որ պարետատունը որոշում է կայացրել, որ քաղաքացիները պետք է իրենց մոտ պարտադիր ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և ես ցանկանում եմ պարզաբանել, թե որն է այս որոշման նպատակը: Եթե, օրինակ, դիմակ չկրելու համար տուգանվելու ընթացքում անձը, քաղաքացին չունի փաստաթուղթ իր մոտ, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պրոցեսն ավելի երկար է տևում, որովհետև անհրաժեշտ է տանել ոստիկանության բաժին, անձը պարզել, որից հետո վարչական արձանագրություն կազմել, իսկ հիմա այդ միջոցը պարտադիր դարձվել է հենց այդ նպատակով, որպեսզի վարչական այս լծակն ավելի արդյունավետ գործի: Ընդ որում, մեր օրենսդրության տրամաբանությամբ՝ եթե քաղաքացին դիմակ չի կրում, և ոստիկանը մոտենում է նրան և արձանագրում, որ չունի նաև փաստաթուղթ, տվյալ դեպքում դա համարվելու է 2 առանձին վարչական իրավախախտում, և համապատասխանաբար 2 առանձին վարչական վարույթով է արձանագրվելու:
Հաջորդ խնդիրը հետևյալն է՝ մենք նաև արձանագրում ենք, համենայնդեպս այս պահին, մենք ունենք համոզվածություն, որ պետական բոլոր մարմինները կամ մարդկանց մեծ հոսք սպասարկող բոլոր մարմինները հերթերի կարգավորման նոր կանոնները կամ հակահամաճարակային կանոնները ներդրել են պատշաճ ձևով: Մենք պետք է արձանագրենք, որ պետական բոլոր այն մարմինները, որոնք գործ ունեն քաղաքացիների հետ, այսինքն՝ ինչ-որ ձևով քաղաքացիների ընդունելություն են իրականացնում, պարտադիր պետք է հերթերը կարգավորեն, ընդ որում՝ ոչ միայն բուն տարածքում, այլև տարածքից դուրս, եթե հերթ է գոյանում տարածքից դուրս՝ գծանշումներով և սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով: Դրա հետ կապված համապատասխան հանձնարարական է ուղարկվել, բայց պետք է նաև վերահսկել, թե ինչքանով է դա տեղի ունենում: Ես կցանկանայի, որ բանկային համակարգն այս առումով ավելի նախանձախնդիր լիներ, որովհետև, ճիշտ է, բանկերի ներսում այդ կանոնը հենց սկզբից էլ պահպանվում է, բայց քանի որ քաղաքացիների մեծ հոսք է լինում, շատ կարևոր է, որ բանկերի դրսի հատվածում էլ լինի: Ընդ որում, մենք գիտենք, տեսել ենք նաև մի շարք շատ լավ օրինակներ, երբ բանկերը փայլուն կերպով լուծել են այդ խնդիրը: Բայց նաև մինչև այժմ էլ, հատկապես մարզային մասնաճյուղերից, մենք ստանում ենք տեղեկատվություն, լուսանկարներ, որ մարդիկ շարունակում են հին ձևերով հերթ կանգնել, այսինքն՝ իրար շատ մոտ հեռավորությամբ, չեմ ցանկանում ասել, որ իրար կիպ կանգնած: Այդ պրոբլեմը կա: Պարոն Գալստյան, կցանկանայի, որ այդ հարցին ուշադրություն դարձնեք:
Հաջորդը՝ «Հայփոստ»-ը, որը, ըստ էության, նույնպես պետական ձեռնարկություն է, և այդ հանձնարարականի շրջանակում պետք է հստակ կատարվեն այդ պայմանները: Մաքսատները, հարկ վճարողների սպասարկման կենտրոնները, ոստիկանության անձնագրային բաժինները և վարորդական իրավունքների թողարկման կետերը, պետհամարանիշերի թողարկման կետերը՝ այդ բոլոր պետական մարմինների ղեկավարները պետք է իմանան — խոսքը ստորաբաժանումների ղեկավարների մասին է — որ իրենք անձնական պատասխանատվություն են կրում այդ տարածքներում հակահամաճարակային կանոնները պահպանելու համար: Բայց, բացի սրանից, մեր վերլուծությունները ցույց են տալիս, և այդ վերլուծությունը կարծես ավելի համոզիչ է դառնում, որ մեր վարակի տարածման հիմնական աղբյուր են հանդիսանում կամ արեալ են հանդիսանում բակերը և մոտ հասցեները: Եվ այստեղ նույնպես մենք պետք է մեծացնենք մեր վարչական ազդեցության միջոցները, ինչքան էլ ռեսուրսները սահմանափակ են, և ձևավորվել են ոստիկանության և պետական այլ մարմինների համատեղ կարգախմբեր, որոնք ամեն օրվա հետ ավելի ու ավելի մեծ մասշտաբով կիրականացնեն այդ վերահսկողական գործառույթները: Շատ կարևոր է արձանագրել, որ շուկայում տեղի է ունեցել դիմակների էական գնանկում, և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կանխատեսում է, որ առաջիկայում այդ գնանկումը կշարունակվի, և, ըստ էության, եթե ճիշտ եմ հասկացել Ձեզ, պարոն Գևորգյան, առաջիկայում քաղաքացիները հնարավորություն կունենան մեկ դիմակը 60-70 դրամով ձեռք բերել այդ ապարատներից: Ճի՞շտ եմ հասկացել:
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյան – Միանշանակ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա գործնականում մենք արդեն միջազգայնորեն գիտականորեն հաստատված հիմնավորում ունենք, որ դիմակի կրումը և սոցիալական հեռավորությունը, ներառված նաև՝ ձեռքերի պարբերական ախտահանմամբ, 95 և ավելի տոկոսով երաշխավորում է: Ընդ որում, շատ կարևոր հանգամանք է պետք ընդգծել՝ դիմակները պաշտպանում են ոչ միայն և ոչ այնքան դիմակ կրողին, որքան դիմացինին: Այսինքն՝ դիմակը շատ ավելի էֆեկտիվ է դիմացինին չվարակելու, քան չվարակվելու համար: Ու քանի որ այս հիվանդության առանձնահատկությունն այն է, որ հիմա մենք վստահ ենք, որ տասնյակ հազարավոր ասիմպտոմ դեպքեր ունենք Հայաստանի Հանրապետությունում, բոլորս բոլորիս պետք է վերաբերվենք որպես վարակակրի: Մենք ինքներս մեզ պետք է վերաբերվենք որպես վարակակրի: Եվ, հետևաբար, դիմակ չկրելու համատեքստը ոչ այնքան այն է, որ ես չեմ վախենում վարակվել, այլ ավելի շատ այն է, որ ես պատրաստ եմ ուրիշներին վարակել: Եվ մեր սիրելի հայրենակիցները պետք է հենց այս համատեքստում դիտարկեն հարցը, որովհետև այս պայմաններում դիմակ չկրելը որոշակի անպատասխանատվության դրսևորում է ոչ այնքան սեփական անձի, որքան դիմացինի նկատմամբ, և սա հանրային համակեցության կանոնների առումով մեծ կարևորություն ունի:
Ցանկանում եմ էլի մի նրբության վրա մեր ուշադրությունը հրավիրել. ցավոք, ամեն օր մենք կորոնավիրուսից մահվան դեպք ենք ունենում. երեկ ունեցել ենք 7 դեպք, ևս 2 քաղաքացի մահացել է այլ պատճառով, բայց հիվանդ է եղել կորոնավիրուսով: Մահացությունների թիվը, ըստ էության, ուղղակի կապի մեջ է ընդհանուր հիվանդությունների թվի հետ, այսինքն՝ ինչքան մեծ է հաստատված դրական դեպքերին թիվը, այնքան մեծ է մահացության թիվը: Եվ, հետևաբար, մեզնից յուրաքանչյուրը, վարակելով և չվարակվելով, անկախ նրանից՝ իրեն անձամբ սպառնում է վիճակի ծանրացում, թե ոչ, որոշակի և շատ կոնկրետ ազդեցություն ունի մահացության ընդհանուր մակարդակի վրա: Եվ այս պրոցեսը, իրոք, շղթայական պրոցես է, որտեղ մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագիծն ունի շատ կարևոր և շրջադարձային նշանակություն: Եվ էլի ցանկանում եմ իմ սեփական օրինակը վկայակոչել: Հիմա հետահայաց վերլուծելով ենթադրվող 14 օրը, որի ընթացքում ես վարակված եմ եղել կորոնավիրուսով՝ պատահել է այնպես, որ այդ ողջ ընթացքում ես առանց դիմակի չեմ շփվել, բացի իմ ընտանիքի անդամներից, ըստ էության, որևէ մեկի հետ կամ շփվել եմ շատ քիչ թվով մարդկանց հետ՝ սոցիալական հեռավորություն պահպանելով: Այդ բոլոր մարդկանց հետ ես շարունակական կապի մեջ եմ եղել, և քանի որ արդեն ինկուբացիոն ենթադրվող շրջանի 14 օրն ավարտվել է, կարող եմ ասել, որ որևէ մեկին այդ ընթացքում չեմ վարակել՝ միայն այդ բանի շնորհիվ, որ դիմակով եմ եղել և դիմակով եմ հարաբերվել նաև աշխատանքային հարաբերությունների ընթացքում»,- ասել է վարչապետը: