444 հոգի՝ ծանր, 131 հոգի ծայրահեղ ծանր վիճակում են, որից 39-ը՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի վրա

444 հոգի՝ ծանր, 131 հոգի ծայրահեղ ծանր վիճակում են, որից 39-ը՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի վրա

Կառավարության այսօրվա նիտսի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով մի շարք հարցերի, խոսել է հիվանդանոցների ծանրաբեռնվածության, վարակված քաղաքացիների, հոսպիտալացման կարիք ունեցողների, ինչպես նաև վերակենդանացման տեղերի ծանրաբեռնվածության մասին:

«Պարզապես թվերին անդրադառնալուց առաջ ես ցանկանում եմ վարչապետի միտքը շարունակել և մեկ անգամ հնչեցրել եմ, ցանկանում եմ նորից ասել, դա շատ կարևոր է: Մեզ առաջ հաճախ հարցնում էին, թե որտեղ են այդ վարակման օջախները, և վերլուծությունները իրոք ցույց են տվել, որ շատ մեծ կուտակումներ կան մոտ հասցեների և փողոցների, նույն փողոցում եղած դեպքերի: Եվ այս հարցն այնքանով է կարևոր, որ մենք փաստացի կենտրոնական փողոցներում, աշխատանքի վայրերում մեծ հնարավորություն ունենք՝ վերահսկելու դիմակների կրումը և սոցիալական հեռավորություն պահելը, բայց բակային և նաև, այսպես կոչված, այնպիսի թաղամասերում, որտեղ տնտեսական գործունեությունը մեծ չէ, այսինքն՝ ռուսերեն ասած, «спальный» շրջաններում, որտեղ մարդիկ հիմնականում պարզապես իրենց տներում են գտնվում, շատ դժվար է լինում այդ վերահսկողությունն իրականացնել: Եվ մենք որքան էլ ոստիկանական ուժերը մեծացնենք, այստեղ ես չեմ պատկերացնում այլ գործիք, քան մարդկանց գիտակցության վրա հենվելը: Եվ հաճախ հնչող այդ տեսակետը, որ, օրինակ, փողոցում, մենք հիմա էլ ենք լսում՝ ինչո՞ւ եք պարտադրում փողոցում դիմակ կրել, դա այդքան էլ չի պաշտպանում: Մենք, իհարկե, ապացուցել ենք, որ պաշտպանում է, նաև այլ երկրների փորձով: Բայց երբ ինքներս նայում ենք, օրինակ, զրուցարանում նստած մեր տարեց քաղաքացիների նարդի խաղալուն, ինչքան էլ դա տրիվիալ հնչի, միայն դիմակն է, որ նրանց պաշտպանելու է, ուրիշ ոչինչ չի պաշտպանելու իրենց իրար վարակելուց և հետո ծանր ռեանիմացիայում հայտնվելուց: Մինչև մենք չհասնենք այս պարզ գիտակցմանը երևի մեր ամբողջ ազգաբնակչության մոտ, մենք չենք կարողանալու դիմակայել այս մարտահրավերին: Նույնը վերաբերում է այլ տիպի շփումներին: Ես դա մեկ օրինակ բերեցի, բայց ակնհայտ է, որ մենք հիմա մյուս առումներով ավելի լավ ենք՝ կենտրոնական փողոցներ, տնտեսվարող սուբյեկտներ նաև մեր վարչարարության շնորհիվ, բայց վատ ենք այդ հատվածում: Նաև ուզում եմ նորից հիշեցնել՝ հանրային ուրիշ տարբեր միջոցառումները՝ սգո արարողությունների հավաքները, ուրախության արարողությունների հավաքները նույնիսկ տներում շատ մեծ վտանգ են ներկայացնում դրանց մասնակիցների համար: Ես պարզապես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է նման անտարբերություն ցուցաբերել հենց մեր իսկ ծնողների, մեր հյուրերի ծնողների, մեր ամենահարազատ մարդկանց նկատմամբ: Այս գիտակցումը պետք է մենք ունենանք, որովհետև մահացող քաղաքացիների տարիքասեռային կազմը, հիվանդացությունը ցույց են տալիս, որ դա կարող է լինել ցանկացած մեկիս հարազատը, ցանկացածիս ծնողը, իմ ծնողը, իմ տատիկն ու պապիկը, ովքեր ունեն բարձր զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ և այլ ուղեկցող հիվանդություններ: Այս առումով կարծում եմ երևի պետք է հանրային կոմունիկացիան ավելի ուժեղացնենք, չնայած փորձել ենք անել, բայց դա շարունակական պետք է անենք:

Վերադառնակով թվերին, պարոն վարչապետ՝ առավոտյան 09:00-ի դրությամբ մենք ունենք 143 հոգի, ով կարիք ունի Covid հոսպիտալներում հոսպիտալիզացիայի, որից 25-ը գտնվում են տանը, որոնցից 9-ը թեթև ծանրության է, բայց կարիք ունի հոսպիտալիզացիայի, 16-ը միջին ծանրության է, էլի կարիք ունի հոսպիտալիզացիայի: Բարեբախտաբար, 80 և ավելի ցածր թթվածնի պարունակությամբ քաղաքացիներ, ովքեր համարվում են ծանր, այս պահին տանը չունենք: Սակայն ունենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր գտնվում են այլ բժշկական կենտրոններում, որտեղ նեղ մասնագիտացված կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում չի իրականացվում, և կարիք ունեն տեղափոխման իմ նշած ուղղվածությամբ հիվանդանոցներ: Այս թիվը օրվա ընթացքում հիմնականում տատանվում է: Վերջին օրերին ունեցել ենք մինչև 200, ունեցել ենք ավելի քիչ, բայց իջնելու կամ զրոյանալու միտում չկա: Պատճառը մեծ թվերն են:

Ես երեկ մի հրապարակում էի արել, որ մենք համաճարակաբանական միտումներով ավելի լավ վիճակում ենք, քան կանխատեսել էինք և ավելացրել էի, որ դա չի նշանակում, որ իրավիճակն ավելի բարվոք է, քան առաջ, որովհետև մենք գործ ունենք բացարձակ թվերի հետ: Մեր խնդիրը միայն միտումները չեն, այլև բացարձակ թվերն են, որոնք բերում են հենց այդ ծանրաբեռնվածության: Նույնիսկ վերջին օրերի մահճակալային ֆոնդի ավելացումները՝ օրինակ, մենք հիմա ունենք ռեանիմացիոն 263 մահճակալ, որոնք տրամադրված է միայն կորոնավիրուսին, 2 շաբաթ առաջ դրանք մոտավորապես 200-ն էին: Միևնույն է, ազատ տեղեր պրակտիկորեն չկան, այսինքն՝ հատուկենտ ազատ տեղեր են, և այս հաշվետվությունների կազմման պահին դրանք ազատ են, բայց հիմա որ հրապարակում եմ, վստահ չեմ, որ դրանք ազատ են, թե ոչ, որովհետև դրանք շատ արագ են ծանրաբեռնվում, և մեր բժիշկները փորձում են շատ արագ թեկուզ մի թեթև ծանրացող պացիենտին տանել ռեանիմացիոն բաժանմունքներ, որպեսզի կանխարգելեն վատացումը և ազատ չթողնեն այդ կարևոր ռեսուրսը:

Մյուս թիվն է կարևոր, որն ավելի լավ է ցույց տալիս իրավիճակը՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներն են, 444 հոգի ունենք՝ ծանր վիճակում գտնվող և 131՝ ծայրահեղ ծանր վիճակում, որից 39-ը՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի վրա»,- ասել է նախարարը:

wp-apeth