Հետազոտություն է իրականացվել Գյումրու դարբնոցային մշակույթի և համայնքային ավանդույթների մասին
Ամփոփվել է «Գյումրու դարբնոցային մշակույթի արհեստագործական և համայնքային ավանդույթները» ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ:
Թեև դարբնությունը եղել է Հայաստանում տարածված արհեստներից մեկը, այդուհանդերձ, որպես քաղաքային արհեստ՝ իր լիարժեք արտահայտությունը ձեռք է բերել Գյումրիում։ Ծրագրի հիմնական գաղափարը Գյումրու դարբնության ավանդույթները ներկայացնող և մշակութային ժառանգության արժեք ունեցող ազգագրական նյութի գրանցումն է, պահպանումն ու հանրայնացումը։
Գիտարշավների ընթացքում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողների գրանցած նյութի հիման վրա շարադրվել են դարբնոցային տեխնիկատեխնոլոգիական աշխատանքի և քաղաքային ֆոլկլորում դարբնության ու դարբինների դերի ու տեղի հետ կապված համառոտ պատմություններ, որոնք ամփոփվել են էլեկտրոնային գրքի և շտեմարանի ձևով: Բացի դրանից՝ իրականացվել է Գյումրու դարբնոցային մշակութային ժառանգության նմուշների տեղակայման քարտեզագրում՝ դրանց գտնվելու վայրերի մասին ցանկերով և լուսանկարներով, ինչպես նաև համառոտ տուրիստական ուղեցույց` Գյումրիում դարբնոցային մշակութային ժառանգության ցուցադրմանը նվիրված շրջայցի կազմակերպման վերաբերյալ:
Ծրագրի իրականացումը կարևորվում է Գյումրու արհեստների գույքագրման, արհեստագործների համայնքի արժևորման և գնահատման, ինչպես նաև տեղական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ու կենսունակության շարունակականության ապահովման առումներով: