«Սասնա ծռերը»՝ խոսուն լռությամբ

«Սասնա ծռերը»՝ խոսուն լռությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ  Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի սաները բեմադրել են «Սասնա ծռեր» մնջախաղային ներկայացումը (ղեկավար՝ Գևորգ Պողոսյան):

Այն կրել է «Երեխաները երեխաների համար» խորագիրը և տեղի է ունեցել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Միջոցառումը  բարեգործական էր, և ստացված հասույթն ուղղվելու է կրթահամալիրում ինտերակտիվ սենյակի տեխնիկական հագեցմանը:

Լսողության խանգարում ունեցող  երեխաները հանդիսատեսին են փոխանցել հայկական էպոսի խորհուրդը` խոսուն լռությամբ: Ներկայացումը ներառում էր կրթության, մշակույթի, որոշակիորեն նաև սպորտային տարրեր: Էպոսի ուսումնասիրությունից մինչև բեմադրություն ընթացքի նպատակն էր դրա բովանդակությունը երեխաներին ներկայացնելը:

«Մեր սաները մասնագետների և սուրդո թարգմանիչների օգնությամբ ուսումնասիրել են էպոսը, ծանոթացել հերոսներին, բացահայտել էպոսի բովանդակության խորքերը: Յուրաքանչյուր աշակերտ ընտրել է իրեն հոգեհարազատ դերը, և Գևորգ Պողոսյանի, Նելլի  Միքայելյանի ջանքերով բեմականացվել է ներկայացումը»,- ասել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանը:

Նշենք, որ կրթահամալիրի սաների մասնակցությամբ պայմանականորեն ձևավորված մնջախաղի թատրոնն անվանվել է «Ժեստ»:

wp-apeth