Հուշարձանների պահպանությունը՝ առաջնահերթություն

Հուշարձանների պահպանությունը՝ առաջնահերթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների ու ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչների հետ (հնագետներ, ճարտարապետներ, պատմաբաններ): Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել մշակութային ժառանգության պահպանման խնդիրները, լսել առաջարկները, նշել առաջնահերթությունները, ներկայացնել ընթացիկ աշխատանքները և հետագա անելիքները: Քննարկման առանցքում էին Սրվեղի վանքի, Տավուշի բերդի, Լոռվա բերդի տարածքներում իրականացվող պեղումները:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին և տեղեկացրել, որ նշյալ աշխատանքները Կառավարության ուշադրության կենտրոնում են, և պետք է առաջ գնալ այդ ուղղությամբ՝ համագործակցաբար հաշվի առնելով առկա խնդիրները և հնարավոր լուծումները:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ Սրվեղի վանքի տարածքում պեղումների նախապատրաստական աշխատանքները սկսված են, նախահաշիվն արդեն կազմվել է, և բուն աշխատանքները կմեկնարկեն բարենպաստ եղանակին զուգընթաց: Ներկայացվել է նաև Լոռի բերդում իրականացված աշխատանքների ընթացքը. բացվել է պարսպապատի ամբողջ երկայնքը, սակայն ներքին հատվածը դեռևս կիսատ է մնացել, որն էլ պետք է ավարտին հասցվի:

Տավուշի բերդի վերաբերյալ հնագետները տեղեկացրել են, որ այս փուլում պեղումներն ավարտվել են, և այժմ հարկ է սկսել նախագծման աշխատանքները և ամրակայել բացվածքները: Ըստ մասնագետների՝ Տավուշի բերդում աշխատանքներն իրականացնելիս ամենաբարդ փուլը շինարարությունն է՝ կախված պարիսպների բարձրությունից և վթարային վիճակից:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում՝ ընթացակարգը դյուրին դարձնելու և ՊՈԱԿ-ների հետ ուղիղ աշխատելու ուղղությամբ: Կողմերի համոզմամբ՝ այս ոլորտի զարգացմամբ գիտահեն տուրիզմը կարող է դառնալ ՀՀ տնտեսության խթանման առաջնային ուղղություններից մեկը: Ըստ այդմ՝ առաջարկվել է շահագրգիռ տարբեր կառույցների միջև ամրապնդել կապը՝ պահպանելու գործընթացի հաջորդականությունը՝ պեղում-ամրակայում-տուրիստական գործունեություն: Այս առումով մասնավորապես քննարկվել է Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքի տարածքում պեղումների հետևանքը: Արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանի հավաստմամբ՝ պեղումներից հետո հուշարձանը դառնում է առավել խոցելի, և ամրակայման աշխատանքներն անհրաժեշտություն են:

Հաջորդիվ քննարկվել են նաև Դվին հնավայրի, Մեծամորի, Աղձքի, Շենգավիթ հնավայրի, Արտաշատ քաղաքատեղիի հնագիտական պեղումներին առնչվող հարցեր, բարձրաձայնվել են առկա խնդիրները, առաջարկվել հնարավոր լուծումներ. մասնավորապես՝ Մեծամորում ներդրումների ավելացման և քաղաքային թաղամասի կառույցների ամրակայման, Շենգավիթ հնավայրում ամրակայման, ծածկի, թանգարանացման աշխատանքների, Աղձքում՝ պահպանական գոտու ընդլայնման և այլ հարցեր: Կողմերն առաջնային են համարել նաև հողի կարգը փոփոխելիս հնագիտական մասնագիտական կարծիք ստանալու գործընթացը՝ մշակութային ժառանգության պահպանման հետագա խնդիրներից խուսափելու նպատակով:

«Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերը պետք է իրականացվեն լիարժեք և ամբողջական ծավալով: Սակայն հաշվի առնելով լուրջ ֆինանսական ներդրումների պահանջը՝ աշխատանքները պետք է անել ըստ առաջնահերթության՝ գույքագրելով խնդիրները»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Հանդիպման ավարտին հետագայում ևս հանդիպելու և ընթացիկ խնդիրները քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

wp-apeth