Դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
2021 թ. հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողներին ու մասնակիցներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։
Կրթաթոշակ կստանան 2021 թ. հուլիսի 14-24-ը կայացած «Մաթեմատիկա» առարկայի միջազգային 62-րդ, հուլիսի 17-25-ը տեղի ունեցած «Ֆիզիկա» առարկայի միջազգային 51-րդ, հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը կայացած «Քիմիա» առարկայի միջազգային 53-րդ, հուլիսի 18-23-ը տեղի ունեցած «Կենսաբանություն» առարկայի միջազգային 32-րդ և օգոստոսի 10-16-ը կայացած «Աշխարհագրություն» առարկայի միջազգային 17-րդ օլիմպիադաների մեդալակիրները և մասնակիցները։
Կրթաթոշակ կտրամադրվի 1 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալակիրների, ինչպես նաև օլիմպիադաների 8 մասնակիցների։
Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.
1․ Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
● եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։
2․ Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։
3․ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝
● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։