Կրթական նոր հնարավորություն` Շիրակի, Լոռի և Կոտայքի մարզերի 1500 աշակերտի և 150 ուսուցչի համար

Կրթական նոր հնարավորություն` Շիրակի, Լոռի և Կոտայքի մարզերի 1500 աշակերտի և 150 ուսուցչի համար

«Այբ» կրթական հիմնադրամը «Քան» ակադեմիայի հարթակի միջոցով ապահովելու է հայալեզու բարձրորակ անվճար կրթության հասանելիություն Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի միջին և ավագ դպրոցների շուրջ 1500 աշակերտի, բնագիտական առարկաների ու մաթեմատիկայի 150 ուսուցչի համար:

Հեռավար և առկա աշխատարանների ընթացքում աշակերտներն ու ուսուցիչները կծանոթանան հայալեզու կրթական ռեսուրսների հետ աշխատելու նոր գործիքներին, որոնք ուսումնառությունը և ուսուցումը կդարձնեն առավել դյուրին: Ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես գյուղական համայնքների դպրոցների և Արցախից տեղահանված աշակերտներն ու ուսուցիչները։ Արդեն բաց է գրանցումը վերոնշյալ մարզերի աշակերտների ու գիտության (կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա) և մաթեմատիկայի ուսուցիչների համար։ Գրանցվելու համար պետք է հետևել հղումներին՝ աշակերտներ, ուսուցիչներ։

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի գիտության և մաթեմատիկայի ոլորտի առարկաների ուսուցիչների համար կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ և աշխատարաններ, իսկ աշակերտների շրջանում խրախուսվելու է առցանց հարթակների օգտագործումը՝ որպես կրթության լրացուցիչ միջոց։ Ծրագիրը նախատեսում է ապահովել նաև ուսուցիչներին շարունակական մենթորությամբ և օժանդակությամբ. «Քան» ակադեմիայի ուսուցիչների համայնքի ակտիվ անդամների մասնակցությամբ վեբինարների միջոցով տեղի կունենա փորձի փոխանակում և ծրագրում ընդգրկված մարզերի ուսուցիչների ներգրավում «Քան» համայնքում։

«Քան» ակադեմիան համաշխարհային կրթական հարթակ է, որի առաքելությունը բոլորի համար և ամենուրեք բարձրորակ կրթություն ապահովելն է։ «Քան» ակադեմիայի հայկական հարթակի հիմնադրումից ի վեր ավելի քան 35 000 տեսադաս, 40 000 վարժություն ու հոդված են տեղայնացվել տարբեր առարկաներից՝ մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, հումանիտար գիտություններ, համակարգչային գիտություն, ծրագրավորում և այլն։

wp-apeth

Նման նյութեր