Կայացել է գեղարվեստական խմբերի հաշվետու համերգը

Կայացել է գեղարվեստական խմբերի հաշվետու համերգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության ու մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել կենտրոնի սահմանամերձ-սահմանապահ համայնքներում գործող գեղարվեստական խմբերի հաշվետու համերգը:

Համերգային ծրագրին մասնակցել են Սյունիքի մարզի Մեղրի և Վերիշեն, Վայոց ձորի Արենի համայնքի և Խաչիկ գյուղի, Արմավիրի մարզի Երվանդաշատ, Բագարան, Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Արարատի մարզի Եղեգնավան, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ, Այգեպար համայնքների երգչախմբերը, ժողովրդական երգի և պարի խմբերը, իսկ համերգասրահի նախասրահում ելույթով հանդիսատեսին ողջունել է Գյումրու մանկապատանեկան փողային նվագախումբը: Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Ենոք Ավետիսյանը ևս ելույթ է ունեցել Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքի «Ծովասար» ավանդական երգի-պարի խմբի հետ:

Համերգի ընթացքում կատարմամբ հանդես է եկել նաև վերջերս Մոսկվայում կայացած միջազգային մրցույթ-փառատոնի եռակի ոսկե գավաթակիր, կենտրոնի Ջիվանու անվան աշուղական դպրոցի սան Արմեն Մանիջոյանը:

Գեղարվեստական խմբերի հաշվետու ելույթների վերջում համերգի մասնակիցներին և գեղարվեստական ղեկավարներին իր շնորհակալական խոսքն է ուղղել Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Տիգրան Բալոյանը՝ կարևորելով նրանց կատարած աշխատանքը: Կենտրոնի տնօրենը նաև շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը` կենտրոնին ֆինանսավորելու և աջակցելու համար:

Համերգային ծրագիրը եզրափակվել է ավանդական «Մշո խըռ» և «Յարխուշտա» ռազմապարերով՝ մասնակից գեղարվեստական խմբերի միասնական ելույթով:

wp-apeth

Նման նյութեր