Երեխան արդեն դպրոց է գնում. ի՞նչ պետք է անի ծնողը
Երեխայի համար չափազանց կարևոր է ընտանիքում տիրող բարեհամբույր և հարգալից վերաբերմունքը հատկապես այն ժամանակ, երբ նա առաջին քայլերն է անում դեպի դպրոց։ Եթե նա զգա, որ իրեն սիրում, հասկանում և աջակցում են, կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ուսման սկիզբը սթրես է երեխայի կյանքում՝ նրա կյանք են մտնում բոլորովին անծանոթ մարդիկ, նոր փոխհարաբերություններ են ձևավորվում, նոր կանոններ և պարտականություններ։ Այստեղ ծնողների խնդիրն է առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծել երեխայի ադապտացիայի համար։ Շատ հաճախ հենց ծնողների վարքագծից է կախված լինում, թե երեխան ինչպես կսովորի դպրոցում և թե նրա մեջ ինչպիսի վերաբերմունք կձևավորվի դպրոցի հանդեպ։ Հոգեբաններն առանձնացնում են մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն հեշտացնել առաջին դասարանցու կյանքը դպրոց գնալուց հետո.
1. Հետևեք երեխայի ծանրաբեռնվածությանը՝ չափազանց շատ մի պահանջեք, մի հարձակվեք երեխայի վրա կշտամբանքներով, եթե նրա մոտ չի ստացվել գերազանց պատասխանել դասերը կամ գրատախտակի մոտ կանգնած՝ նա շփոթվել է։ Դրա փոխարեն հարկ է մտածել՝ արդյո՞ք շատ ծանրաբեռվնած չէ նրա օրը կամ շաբաթը։ Ուսումը պետք է ճիշտ կերպով համակցել հանգստի հետ, այդ պատճառով էլ լավ կլինի, որ հանգստյան օրերին երեխան լիարժեք լիցքաթափվի՝ կարելի է նրան տանել կրկես, թանգարաններ և այլն։ Կարևոր է նաև երեխայի սնունդը, այն պետք է լինի սննդարար, միևնույն ժամանակ և օգտակար։
2. Երեխային դիտարկեք հոգեբանի կամ մանկավարժի աչքերով՝ ինչպե՞ս է նա իրեն պահում հանրային վայրերում, ինչպե՞ս է արձագանքում տարբեր իրավիճակներին, ինչպե՞ս է կառավարում էմոցիաները։ 6-7 տարեկան հասակում երեխան արդեն պետք է կարողանա ճիշտ արտահայտել իր զգացմունքները, կառավարել ցանկությունները, հասկանալ՝ ինչ է նշանակում արգելքը և պատասխանատվության զգացումը։
3. Եղեք համբերատար։ Եթե երեխան հոգնել է և այլևս չի կարողանում շարունակել տնային առաջադրանքը, մի ստիպեք։ Թող նա մի քանի րոպե հանգստ նոր շարունակի։
4. Վերլուծեք։ Երեխաները հաճախ են կրկնօրինակում ծնողների վարքագիծը, նրանց խոսելաձևը: Եթե երեխան ոչ օրինակելի վարքի համար դիտողություն է ստացել, ուրեմն ժամանակն է ինքնավերլուծության միջոցով հասկանալ, արդյո՞ք նման պահվածքը կրկնօրինակման արդյունք չէ։
5. Հարգեք երեխայի անձնական տարածքը։ Դպրոց գնալուն պես երեխայի մոտ նոր կյանք է սկսում, նա մտնում է նոր շրջապատ և աստիճանաբար ոտք է դնում կյանքի նոր փուլ, որտեղ հին վարքաձևերը տեղ չունեն։ Ծնողը պետք է հասկանա, որ երեխային չի կարելի դիտողություն անել հասակակիցների մոտ։ Որքան ավելի մեծանում է երեխան, այնքան ծնողն ավելի պետք է հարգի նրա ինքնուրույնությունը՝ առանց նրա թույլտվության չփորփրի հեռախոսը, պայուսակը, հուշատետրը։
6. Երեխային սովորեցրեք հաղթել։ Դպրոցական կյանքին պատրաստվելու ևս մեկ կարևոր պայման է երեխայի հաջողության ապրումը։ Ծնողը պետք է կարողանա երեխայի համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ նա իրեն հաջողակ զգա, և ամենակարևորը՝ գովեստի խոսքերը պարտադիր են։
Հիշե՛ք՝ դժվարությունները հաղթահարելու հմտությունները երեխայի մոտ ձևավորվում են մանկուց և դրա հիմնասյունը դնում են ծնողները։ Առաջին դասարանցին պետք է պատրաստ լինի ուսման դժվարություններին և ճիշտ վերաբերմունք ձևավորի հնարավոր անհաջողությունների հանդեպ։ Ծնողը կարող է երեխային ընդգրկել տնային գործերում և նրան հանձնարարել այնպիսի առաջադրանքներ, որոնք որոշակի դժվարություններ են պարունակում, դրանք էլ երեխային կսովորեցնեն գործի դնել միտքն ու կամքը և հաղթահարել խնդիրները։