Շիրակի մարզում կմեկնարկեն աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրեր

Շիրակի մարզում կմեկնարկեն աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրեր

Շիրակի մարզի ուսհաստատություններում կներդրվի աշխատանքի վրա հիմնված ուսուցում (ԱՀՈՒ), որի շրջանակում նախատեսվում է պատրաստել տեքստիլ ու ագրոբիզնես ոլորտների՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ: Այդ նպատակով անցկացվել է ֆորմալ և ոչ ֆորմալ (կարճաժամկետ) կրթական ծրագրերի պիլոտավորման նախապատրաստական աշխատանքներին ուղղված երկօրյա աշխատաժողով։

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը: Նա կարևորել է ԱՀՈՒ մոդելի ներդրումը Շիրակի մարզի չորս ՄԿՈՒ հաստատություններում՝ շեշտելով գործատուների հետ կրթական ծրագրերի իրականացումը՝ ըստ աշխատաշուկայի պահանջների: Վարչության պետի հավաստմամբ՝ սեպտեմբերից նախատեսվում է 4 մասնագիտությամբ ֆորմալ, իսկ մինչև հունիս՝ 8 մասնագիտությամբ ոչ ֆորմալ ԱՀՈՒ փորձարարական ծրագրերի մեկնարկը։ Արտակ Աղբալյանը շնորհակալություն է հայտնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, Եվրոպական միությանը և «People in Need» կազմակերպությանը՝ ՄԿՈՒ հաստատություններին մեթոդական և նյութատեխնիկական աջակցություն տրամադրելու համար:

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելով մշակված կարճաժամկետ կրթական ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը, պետական և մասնավոր ոլորտների արդյունավետ համագործակցությունը՝ նպաստելով կրթության որակի բարելավմանը, աշխատաշուկայի կարիքների բավարարմանը և գործազրկության մակարդակի նվազմանը։

Հավելենք, որ ավելի վաղ եռակողմ համագործակցության 9 հուշագրեր են ստորագրվել «People in Need»-ի, Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի և «Բանդիվան Կաթ»-ի, Ամասիայի պանրագործարանի, «Կումայրի կարպետ»-ի, Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի ու Աշոցքի պանրագործարանի և «Գրին Բրոդերս»-ի, Արթիկի պետական քոլեջի և «ՉԵԽ-ԱՐՄ-ԻՆՎԵՍՏ»-ի, «Վոլյում գրուպ» ու «Գրին ֆուդ» ընկերությունների, ինչպես նաև Մարալիկի արհեստագործական ուսումնարանի և «ԱՆԻԻ ՃՇՇ»-ի միջև։

Հուշագրերը ստորագրվել են «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «People in Need» չեխական կազմակերպությունը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth