Փրկարաները 363 կանչի են արձագանքել

Փրկարաները 363 կանչի են արձագանքել

Ապրիլի 26-ից մայիսի 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 363 դեպք, որից 129-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 48 հրդեհի, 3 փլուզման, 1 երկրաշարժի, 8 ինքնասպանության փորձի դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 124 կենցաղային կանչ. տուժել է 78 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ: Արձանագրվել է թունավորման 5 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 15 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 12 տրանսպորտային միջոց: Ավելի մանրամասն:

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 363 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 48 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 27 կեղծ ահազանգ:

Փրկարարները 124 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Նոր Նորք, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Էրեբունի վարչական շրջաններում, Արմավիրում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում 14 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր պատճառներով արգելափակված 12 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 15 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Օդային տագնապի ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը», «Հրդեհաշիջումը եւ տարհանումը հոգեբուժարանում», «Քաղաքացիա­կան պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Հրդեհաշիջումը նախադպրոցական հաստատություններում», «ՀԱԷԿ-ի միջուկային եւ ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները հանրային վայրերի, բանկոմատների, տրանսպորտային միջոցների ախտահանումներ են րականացնում մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանման աշխատանքներ են արվել թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում, ախտահանվել է 1500 օբյեկտ՝ կանգառ, բանկոմատ, տրանսպորտային միջոց եւ այլն:

Այլ կանչեր. Նոր Նորքի փրկարարները կեսգիշերին մոտ ահազանգ են ստացել, որ Գյուլի­քեխյան փողոցում շունը մտել է մթերային խանութ: Փրկարարները շանը դուրս են բերել խանութից։

wp-apeth