Գրասենյակներում օձ նկատելու մասին 33 ահազանգ է ստացվել
Մայիսի 23-29-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 470 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն, հայտնում են ԱԻՆ-ից:
Անցած շաբաթ գրանցվել է 51 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 21 կեղծ ահազանգ:
Անցած շաբաթ գրան փրկարարները 178 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Ավան, Աջափնյակ, Արաբկիր, Շենգավիթ, Էրեբունի, Նոր նորք, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Լոռիում, Կոտայքում, Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին 33 ահազանգ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք:
Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջումը եւ փրկարարական աշխատանքների իրականացումը անտառային տարածքում», «Խոհանոցում առաջացած հրդեհ․ աշխատակիցների եւ երեխաների ավտանգության ապահովում, տարհանում, առաջին օգնություն, հրդեհաշիջում», «Կաթսայատան հրդեհաշիջում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: