Մեքենան մոտ 20 մետր սահել է ձորը
Մարտի 29-ին, ժամը 00:12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը․ տուժածներ չկան, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Հ․ Ա․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մետր սահել հարակից ձորը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: