Սյունիքում առաջ են եկել հումանիտար լրջագույն խնդիրներ. ՀՀ ՄԻՊ

Սյունիքում առաջ են եկել հումանիտար լրջագույն խնդիրներ. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակում է արել ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհին մաքսային վերահսկողություն սահմանելուց հետո ստեղծված իրավիճակի մասին և ներկայացրել տեսանյութ:

«Այն բանից հետո, երբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեցի փաստեր, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունն անօրինական է և որ այդ պատճառով Սյունիքում առաջ են եկել մարոդու իրավունքների ոտնահարումներ և հումանիտար լրջագույն խնդիրներ, որոշ լրատվամիջոցներում երեկ արվել են արհեստական հրահրված տարբեր հրապարակումներ, թե իբր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստերը, որ Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերի միջև կապն էականորեն դժվարացել է, իրականությանը չեն համապատասխանում:

Ուստի, մեր միջազգային գործընկերներին մոլորեցումից պաշտպանելու, ինչպես նաև այդ մոլորեցնող հրահրումները կանխելու համար հրապարակում եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից անմիջականորեն ձեռք բերված օբյեկտիվ ապացույցներից մեկի ընդամենը մի մասը՝ կարճ տեսանյութ (Խոտ բնակավայրից վերը նշված բնակավայրերը տանող ճանապարհի հատված):

Այն ցույց է տալիս, թե ինչպես է դժվարացել ՀՀ բնակչության և հատկապես նշված գյուղերի բնակիչների ազատ տեղաշարժը ճանապարհի այս հատվածներով, ու մարդիկ կանգնել են հումանիտար, այդ թվում՝ արտաքին աշխարհից մի քանի բնակավայրի մեկուսացման խնդիրների առաջ: Խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, ադրբեջանական զինված ծառայողների պատճառով առաջ են եկել մարդկանց կյանքի իրավունքի ու անվտանգության սպառնալիքներ:
Ուստի, այս հրապարակումը (տեսանյութ-ապացույցը) ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական, այսպես կոչված, մաքսային կամ սահմանային վերահսկողությունը Գորիս-Կապան ճանապարհին չունի իրավական որևէ հիմք: Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին նրանց տեղակայումներն, առհասարակ, կոպտորեն ոտնահարում են մարդու իրավունքների միջազգային պահանջները: Նրանք պետք է հեռացվեն և վերջ:

Հ.Գ. Տեղական մարմինները, ինչպես նաև Սահմանապահ զորքերի ծառայողները տեղերում զգալի միջոցներ են գործադրում մարդկանց օգնելու համար, ինչի մասին հատուկ մենք հայտարարել էինք, բայց Մարդու իրավունքների պաշտպանի այդ ու այս հայտարարությունների նպատակային նշանակությունը բոլորովին այլ է»,- գրել է Թաթոյանը:

Ավելի վաղ Արման Թաթոյանն եւս մեկ գրառում էր կատարել եւ նշել, որ իր համար ակնհայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն. Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021թ. նոյեմբերի 11-ից հայտարարված ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունը որևէ կապ չունի դրա նպատակների հետ: Ըստ նրա՝ աա հիմնավորվում է ադրբեջանական կոնկրետ քայլերով ու այդ քայլերի հետևանքներով:

«Նախ, փաստերը վկայում են, որ այս ամենի իրական պատճառը, սնուցող աղբյուրը ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի կայուն (established) քաղաքականությունն է:

Դրանից բացի, ակնհայտ է՝ ադրբեջանական իշխանությունները հստակ գիտեն, որ Գորիս-Կապան ճանապարհի արգեկափակումը կամ, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողությունը առաջացնելու է քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարումներ և հումանիտար լուրջ խնդիրներ, այդ թվում՝ առաջ են գալու քաղաքացիական մի շարք բնակավայրերի մեկուսացման խնդիրներ: Եվ նրանք նպատակային անում են այդ քայլերը ու գնալով դրանք ավելի են ընդլայնում:

Ըստ այդմ, հատկապես նոյեմբերի 11-ից Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լուրջ խնդիրներ։

Զգալիորեն դժվարացել է կապը հատկապես Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, ինչպես նաև մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև՝ ադրբեջանական արարքներով հիմնական ճանապարհով երթևեկության արգելքի պատճառով: Էականորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը՝ խաթարելով մարդկանց և գործարար նպատակներով ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը:

Նշված բնակավայրերում առկա են սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման արագ ու արդյունավետ հասանելիության սահմանափակումներ: Մարդիկ կանգնել են ընտանիքի եկամուտը վաստակելու (օրինակ՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի իրացման) խնդրի առաջ:

Խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները: Ստեղծված վիճակը կոպտորեն ոտնահարում է նաև երեխայի շահերը, խախտում է բժշկական առաջնահերթ օգնությունից օգտվելու մարդասիրական բացարձակ իրավունքը: Այս ամենն էլ իր հերթին դարձել է հասարակությունում լարվածություն առաջացնող գործոն:

Ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել Գորիս-Կապան ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք: Նույն վերաբերում է նաև Կապան-Ճակատեն ճանապարհին:
ՀՀ բնակչությունն իր իրավունքների համար այս նույն խնդիրների առաջ էր կանգնել նաև, երբ ադրբեջանական զինված ծառայողները 2021թ. օգոստոսի 25-27-ը երկու տեղից կամայական փակել էին Գորիս-Կապան ճանապարհը:

Նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Նշված իրավունքների խախտումները կոպտորեն ոտնահարում են ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, և դրա ուժով սահմանային ցանկացած գործընթաց դարձնում են անօրինական (unlawful):

Դրանից բացի, ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, ինչը իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների միջազգային չափանիշների տեսանկյունից բացարձակ անթույլատրելի է:

Այս նույն խնդիրները մարդկանց համար առաջացել էին նաև այս տարվա օգոստոսին՝ ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը 2 տեղից փակելով: Սրան պետք է ավելացնել նաև իրավունքների խախտումները մյուս դեպքերը (օրինակ՝ երեխաներով ավտոբուսը կանգնեցնելը և երեխաներին դիմակավորված ծառայողներով ու զենքով ահաբեկելը, քաղաքացիական անձանց զենքով սպառնալը):

Մենք իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները պարբերաբար ենք ուղարկում միջազգային մարմինների, այդ թվում՝ անհատապես այդ մարմինների պաշտոնատար անձանց՝ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ՀՀ մարմիններին:
Մենք պետք է ցույց տանք ադրբեջանական արարքների իրական մոտիվացիան և դրանց առաջացրած իրական հետևանքները մարդկանց համար»,- գրել էր Թաթոյանը:

wp-apeth