ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան. ԱՀ ԱԱԾ

ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան. ԱՀ ԱԱԾ

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է, հայտնում են ԱՀ ԱԱԾ լրատվական բաժնից:

«Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ: Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։ Կոչ ենք անում խուճապի մեջ չընկնել ու պահպանել հանգստություն, զերծ մնալ խուճապ առաջացնող լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- նշված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ԱՀ ոստիկանությունից հայտնել էին, որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է: Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովի ռուսական խաղաղապահ զորակազմը: Նշվում էր, որ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Ավելի վաղ, ըստ times.am-ի տեղեկությունների, այսօր առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։

wp-apeth