13 մլրդ 575 մլն դրամ` Արցախին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին:
Կառավարությունն ընդունել է Արցախի բնակչության 2021թ. նոյեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետբյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ որոշում:
Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, գումարը կազմում է 13 մլրդ 575 մլն դրամ. «Սա թվով 5-րդ նման եղանակով ամեն ամիս կայացվող որոշումն է»:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2022 թվականի բյուջեով նախատեսվել է Արցախին հատկացնել 144 մլրդ դրամ: «Վերջին 1 տարվա ընթացքում արդեն մոտավորապես 120 մլրդ դրամ ենք հատկացրել Արցախին: Նաև կարևոր է քայլ-քայլ, հնարավորինս սահուն ձևով զուտ աջակցության ծրագրերից զարգացման ծրագրերի անցում կատարելը, որպեսզի Արցախում նույնպես հարկերի ձևավորման գեներացման հավաքագրման մեխանիզմն աշխատի: Եվ պետք է արձանագրել, որ աշխատում է. 2020 թվականի պլանավորվածի համեմատ Արցախի կառավարությունը շատ ավելի մեծ հարկային մուտքեր է ունեցել, և սա շատ կարևոր փաստ է: Մենք շարունակելու ենք աջակցել Արցախի Հանրապետությանը՝ սոցիալ-տնտեսական վերականգնման և զարգացման գործում»,-ասել է կառավարության ղեկավարը: