ԱՆ խոսնակը՝ Արծրունուն, Դանիելյանը՝ խոսնակին. փոխադարձ մեղադրանքներ, կոռեկտության կոչ
Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը (մեկուսարան) ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով, ֆեյսբուքի իր էջում գրել էր ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդի նախագահ Վահան Արծրունին:
- Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժ.հաստատությունների։ Ո՞վ է սրա պատասախանը տալու,- վերջում հարցրել էր Արծրունին:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն արձագանքել էր Վահան Արծրունու գրառմանը:
- Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կովիդ բաժանմունքի հիմնում պետական բյուջեի միջոցների հաշվին, 1-ին հիվանդանոցում մեկուսարանների և փոքրաթիվ մահճակալների օգտագործում կովիդ-կասկածյալ և հաստատված պացիենտների համար)։ Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում, — գրել էր Նիկողոսյանը:
Վերջինիս իր հերթին պատասխանել էր ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ որակելով Ալինա Նիկողոսյանի անդրադարձը հարցերի պատասխաններից մշտապես խուսանավելու և անհաջողություններն այլ մարդկանց վրա բարդելու ևս մեկ դրսևորում:
- Ինչպես նկատեցինք գրառման մեջ չկար գեթ մեկ խոսք թե ինչ խնդիրներից ելնելով նպատակահարմար չեն գտել օգտագործել մեկուսարանը, օրինակ կարելի էր ասել չի համապատասխանում պահանջներին, պետք չէ դեռ․․․ բայց ոչ՝ Պետական կառույցի աշխատակիցն ավելի նպատակահարմար գտավ պարոն Արծրունուն պատասխանել «подножка» բառապաշարով համեմված գրառմամբ․․․ Ինչևիցե պահպանելով կոռեկտության զսպվածության և հարգանքի բոլոր կանոնները տիկին Նիկողոսյանին հորդորում եմ, խնդրում եմ և իհարկե պահանջում եմ այսուհետ մշտապես ԵՊԲՀ ներկայացուցիչների մասին խոսելիս լինի կոռեկտ, զուսպ ու հարգալից՝ դա առաջինը։ Երկրորդը, թե ինչ է արել և անում այս օրերին ԵՊԲՀ-ն, կարծում եմ գնահատական տալու ժամանակը կգա և այդ գնահատականը կտան համապատասխան պատկան կառույցները։ Եվ առհասարակ չեմ կարծում կոռեկտ է, երբ նախարարության խոսնակը գնահատական է տալիս որևէ կառույցի հատկապես ԵՊԲՀ-ի գործունեությանը, այդ գնահատականը տալու համար, հավատացեք բավականին երկար ճանապարհ պետք է անցնեք: Վահան Արծրունու նման տաղանդաշատ անձի մասին խոսելիս կամ առավել ևս գրառումներ անելիս շատ մտածեք ու երկար մտածեք,որ էլ երբևէ չվիրպեք: Եվ ի վերջո, վերջում ամփոփենք այն ինչ ունենք այսօր Հայաստանում՝ ունենք 13130 վարակակիր, մահացել է 200 մարդ, այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 72 մարդ, և ունենք ապաքինված 4014 մարդ․․․ Իրականում չգիտեմ թե ինչ չափորոշիչներով գնահատվում կառույցի աշխատանքը և բնականաբար ինձ իրավունք չվերապահեցի գնահատականներ տալ պարզապես ներկայացրեցի այն ինչ ունենք: Առողջություն, խոհեմություն ու բարոյականություն բոլորին, — գրել է Դանիելյանը:
Շարունակելով թեման՝ Վահան Արծրունին ևս մեկ գրառում է կատարել:
- ԱՆ պաշտոնյա` ինչ ծավալի բուժօգնության մասին է խոսքը կասեք՞: Պատրաստի ռեսուրսը լայն հասկացողություն է: Իմ պատասխանը` ծավալի առանցքում կոնկրետ մարդու կյանք է, և եթե գոնե մեկ կյանք փրկելու միջոցը կա, այդ արդեն դառնում է ռեսուրս: Կյանք փրկելու ռեսուրս: Սա բարձր հումանիստական մոտեցման հարց է, և բժիշկը այդ բարձունքի վրա պետք է գտնվի, երբ խոսում է ծավալների, ռեսուրսի և օրինակ` սորտավորման մասին: Այս հարթության շուրջ մենք իրարամերժ պատկերացումներ ունենք, ու ես կշարունակեմ պնդել` ՀՀ ցանկացած քաղաքացու կյանքը գերագույն արժեք է, և դուք ձեր պաշտոնի և մասնագիտության բերումով այդ արժեքի ներքո պետք է դրսևորվեք և ծառայեք հասարակությանը` օգտագործելով ամբողջ հնարավոր ծավալը և ռեսուրը,- գրել է Արծրունին և առաջարկել կարդալ Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանի գրառմանը: Վերջինս ֆեյսբուքի իր էջում մասնավորապես գրել է:
- ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Vahan Artsruni-ին 3 ժամ առաջ մեղադրում է, որ իրենց մեկուսարանը անտեսված է ԱՆ-ի կողմից: Բայց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Shushan Danielyan-ը 7 րոպե առաջ գրառում է կատարել, որ Առողջապահության նախարարի տեղակալ Артём Смбатян-ը ԱՅՍՕՐ հանդիպել է և քննարկել, ոչ միայն 1 կլինիկական հիվանդանոցի այլ նաև «Միքայելյան» հիվանդանոցի մասնաշենքը կորոնավիրուս ունեցող անձանց բուժման համար օգտագործելու հարցը: Ցավոք որոշ լրատվականներին ձեռնտու է տարածել միայն Վահան Արծրունու գրառումը, քանի որ դա կարելի է օգտագործել Արսեն Թորոսյանի դեմ 🙂 Հետևությունները թոնում եմ ձեզ,- գրել է Աշոտ Սարգսյանը:
Հավելենք, որ Շուշան Դանիելյանը մինչև Ալինա Նիկողոսյանին ուղղված պատասխանը ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։
- Հանդիպման ընթացքում, փոխնախարարը ԵՊԲՀ ղեկավարության հետ քնարկել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու հնարավորության հարցը։ Քննարկվել է նաև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման, ինչպես նաև հիվանդանոցի առանձնացված հատվածում ևս 10 մահճակալի տրամադրման հնարավորությունը՝ Covid վարակ ունեցող անձանց բուժման նպատակով,- գրել էր նա: