Սպանության փորձն առավոտյան բացահայտել են
Սեպտեմբերի 4-ի երեկոյան հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կոտայք գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ: Ոչ բժիշկներին, ոչ իրավապահներին նա չի հայտնել, թե որտեղ և ինչ պայմաններում է ստացել մարմնական վնասվածքները, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաև, որ այդ նույն ժամին Մայակովսկի գյուղի 25-ամյա մի բնակիչ կրակոցներ է արձակել Կոտայք գյուղում. հայտնաբերվել է երեք պարկուճ: Կոտայքի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների հետ, պարզել են, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Կոտայք գյուղում, ավտոմեքենայի շարժիչը նորոգելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 25-ամյա երիտասարդն է կրակել, ապա նաև դանակով հարվածներ հասցրել տուժածին: Քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով, այդ թվում` սպանության փորձ, հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում սեպտեմբերի հինգի առավոտյան Մայակովսկի գյուղի 25-ամյա բնակիչն ինքնակամ գնացել է ոստիկանության Կոտայքի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել հանցագործության գործիք ապօրինի ինքնաձիգը` չորս փամփուշտով: Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին և ձերբակալվել: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: