Արցախի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում ձեռնարկել Բաքվի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը վերջ դնելու գործուն քայլեր
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման կապակցությամբ՝ կոչ անելով միջազգային հանրությանը, ընդհանրապես, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներգրավված կողմերին, մասնավորապես, վերանայել իրենց մոտեցումները և ձեռնարկել գործուն ու միջազգային իրավունքի նորմերից բխող քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականության, ասվում է ԱՀ ԱԳՆ հայտարարությունում:
«Մարտի 5-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը հատել է շփման գիծը և հարձակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հերթապահ ավտոմեքենայի վրա: Հարձակման արդյունքում ոստիկանության երեք աշխատակից սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Ոստիկանների սպանության նախնական հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս ադրբեջանական կողմի գործողությունները որակել որպես պատերազմական հանցագործություն:
Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումն Արցախի Հանրապետության տարածք և հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության հերթական աղաղակող խախտում է և ցույց է տալիս լարվածության աճ հրահրելու ադրբեջանական կողմի ձգտումը:
Ավելի վաղ՝ մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները նույնպես խախտել էին 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը։ Հատկանշական է, որ այդ հարձակումներն իրագործվել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մարտի 1-ին կայացած շփումներից անմիջապես հետո: Իր գործողություններով Բաքուն բացահայտ կերպով ցուցադրում է բանակցությունների՝ որպես որևէ հարցի լուծում գտնելու միջոցի ժխտում:
Արցախի ժողովրդի համար դիտավորյալ անտանելի կենսապայմաններ ստեղծելու նպատակով ավելի քան 80 օր շարունակվող շրջափակման ֆոնին իրավիճակի կտրուկ սրումը, որը հանգեցրել է զոհերի, հերթական անգամ վկայում է Ադրբեջանի իրական նպատակների և Արցախի էթնիկ զտումն ավարտին հասցնելու մտադրության մասին:
Ակնհայտ է, որ միջազգային հանրության՝ Ադրբեջանի միջազգային-հակաիրավական գործողությունների կանխմանն ուղղված համարժեք միջոցներ չձեռնարկելը այդ երկրի իշխանությունների կողմից ընկալվել է որպես նոր ոճրագործություններ կատարելու քարտ-բլանշ:
Կոչ ենք անում միջազգային հանրությանն ընդհանրապես և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներգրավված կողմերին՝ մասնավորապես, վերանայել իրենց մոտեցումները և ձեռնարկել գործուն ու միջազգային իրավունքի նորմերից բխող քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը»,- նշված է հաղորդագրությունում: