Բաքվի դիվերսիայի հետևանքով վիրավորված ծառայողը վիրահատվել է

Բաքվի դիվերսիայի հետևանքով վիրավորված ծառայողը վիրահատվել է

Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի դեմ մարտի 5-ի առավոտյան իրականացրած դիվերսիայի հետևանքով Արցախի ՆԳՆ ոստիկանության կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայողը վիրահատվել է , այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Արցախի առողջապահության նախարարության այս տեղեկատվությունը հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության 1 ծառայող կրծքավանդակի հրազենային վիրավորումով տեղափոխվել է ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։

Վիրավորին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Հավելենք նաև, որ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատությունները ապահոված են անհրաժեշտ դեղամիջոցներով և արյան պաշարի խնդիր չկա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր. «Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան

Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան

Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին»։

wp-apeth