Ամբողջ կյանքը՝ բանտ. Ուկրաինան՝ ընդդեմ «օրենքով գողերի»

Ամբողջ կյանքը՝ բանտ. Ուկրաինան՝ ընդդեմ «օրենքով գողերի»

Գերագույն Ռադայի պատգամավորները ընդունել են օրենք, որով պատասխանատվության կենթարկվեն բոլոր օրենքով գողերը: Նրանք հիմա գտնվում են նախնական կալանքի կենտրոնի մենախցերում, իսկ դատավճռից հետո նրանց կսպառնա 15 տարվա ազատազրկում: Ռուսական Известия-ի անդրադարձը:

Ձեբակալման սեզոնը համարվում է բացված

Գերագույն Ռադայի պատգամավորները հունիսի 4-ին հաստատեցին քրեական հիերարխիայի դեմ պայքարի մասին օրինագիծը: Օրենքում առաջին անգամ հայտնվեց «օրենքով գող» հասկացությունը: Այդպիսին է ճանաչվում այն անձը, որը հավատարիմ է հանցավոր ավանդույթներին և կանոններին, «վայելում է հեղինակություն» և համակարգում է կազմակերպված հանցավոր խմբերի գործունեությունը:

Կարևորն այն է, որ «օրենքով գող» կոչման համար պատիժ չի սահմանվում: Բայց հանցավոր խմբավորումը ղեկավարելու համար նրանց սպառնում է 12-15 տարվա ազատազրկում՝ գողացված գույքի բռնագրավման հետ միասին: Մի քանի հանցավոր խմբավորումների միության համար` 10-ից 15 տարվա ազատազրկում: Մինչդատական կալանքի կենտրոնում այլ բանտարկյալների վրա ազդեցություն ունենալու համար նախատեսվում է մեկուսացում:

Առաջին անգամ օրենսդրության մեջ մտցվեց նաև «сходка» հասկացությունը

Դրա սահմանումը այն ժողովն է, որի ընթացքում նախագծվում են հանցագործությունները, քննարկում են հանցավոր գործունեության նյութական աջակցությունը կամ համակարգումը, ներառյալ ապօրինի եկամուտների կամ ազդեցության ոլորտների բաշխումը: «Сходка» կազմակերպելու և դրան մասնակցելու համար սպառնում է ազատազրկում 7- 12 տարի ժամկետով:

Առանձին պատիժ է նախատեսվում նաև քաղաքացիական ծառայողների համար, որոնք օգնում են կամ աջակցում կազմակերպված հանցավոր խմբավորումներին ու դատապարտվածներին: Օրենսդիրները չեն մոռացել նաև նրանց մասին, որոնք դիմում են «օրենքով գողին» իրենց «խնդիրները լուծելու» համար. ճնշում գործադրել բիզնեսի մրցակիցների վրա և օգնել առօրյա խնդիրները լուծելու հարցում: Նման արարքի համար սպառնում է 3-7 տարի ազատազրկում:

Հերթ գողի մոտ

Ուկրաինայում կա մոտ 30 օրենքով գող: Նրանք վերահսկում են ոչ միայն ստվերային տնտեսությունները, այլ նաև շփվում են քաղաքական գործիչների հետ:

  • Նրանք ներկա են մեր կյանքի ամեն մի ոլորտում: Նրանց հետ հարաբերություններ ունեն հսկայական թվով պատգամավորներ: Քաղաքական գործիչը հավաքում է օրենքով գողի քարտուղարի համարը և խնդրում հանդիպում: Մաֆիոզը հանդիպում է պատգամավորի, գործարարի, պաշտոնատար անձի հետ և օգնում է լուծել կյանքի կամ բիզնեսի հետ կապված խնդիրները, — ասել է Ուկրաինայի ազգային ոստիկանության պետի նախկին տեղակալ Վյաչեսլավ Աբոսկինը:

Առավել ազդեցիկներից մեկը օրենքով գող Ումկան է (Սերգեյ Օլեյնիկ): Նա ղեկավարում է «արևելյան» կլանը՝ վերահսկելով Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեյի և Խարկովի շրջանները: Նրա կլանը զբաղվում է ածուխի և ծխախոտի ապօրինի տեղափոխմամբ Դոնբասից Ուկրաինա և ներդրումներ է կատարում շինարարական խոշոր ծրագրերում:

Կենտրոնական և Արևմտյան Ուկրաինան վերահսկվում են Նեդելյա օրենքով գողի կլանների կողմից (Անդրեյ Նեդելսկի): Այս խմբավորումը մասնագիտացած է սաթի ապօրինի արդյունահանման, փայտի, ծխախոտի, թմրամիջոցների մաքսանենգ ճանապարհով Եվրոպա տեղափոխման ու Եվրոպայից Ուկրաինա մեքենաների ապօրինի տեղափոխման մեջ:

2015-2016 թվականներին լարվեցին Ուկրաինայի արևելյան և արևմտյան կազմակերպված հանցավոր խմբերի միջև հարաբերությունները: Նեդելյան պահանջեց, որ Ումկան գումար ներդնի իր «ընդհանուր ֆոնդին» (общак), ինչին ի պատասխան, Ումկան ցանկացավ բաժին ստանալ սաթի արդյունահանման և ալկոհոլի արտադրության մեջ: 2017-ին կողմերը հանեցին փոխադարձ պահանջները, բոլորը մնացին իրենց սեփական կարծիքներին: Բայց 2019-ի աշնանը Կիևի հյուրանոցում Նեդելյան ծեծվեց, կոնֆլիկտը կրկին բռնկվեց:

Այլ քրեական հեղինակությունների թվում առանձնանում է Լեռա Սումսկայան (Սերգեյ Լիսենկո): Նա վերահսկում է ազատազրկման վայրերը: Բանտարկյալների ապօրինի գործողություններից ստացված շահույթ, թմրանյութերի ապօրինի շրջանառություն, հեռախոսային խարդախություններ, անշարժ գույքի և գումարի «отжим» մեծահարուստ նորեկներից: Այս ամենը բնութագրում են նրան: Լիսենկոն նաև համարվում է հայրենի Սումիի շրջանի տերը:

  • Լորան վերահսկում է մարզպետին, քաղաքապետին և շրջանի վարչակազմի նախագահներին: Ոստիկանապետը, դատախազը, ԱԱ-ն (Ազգային Անվտանգություն) չեն կարող լուծել այն խնդիրները, որոնք կարող է լուծել նա , — բողոքել է 2013-ին Գերագույն Ռադայի պատգամավոր Գենադի Մոսկալը:

Այս հանցավոր պատերազմներից դուրս է Օդեսայի շրջանը վերահսկող Անտիկը («Անտիմոս Կուհիլավա»): Նա ամուր կապեր է հաստատել Օդեսայի մաքսանենգների և մաքսային ծառայության աշխատակիցների հետ: Մի քանի տարի առաջ իրավապահ մարմինները փորձել են Անտիկին վտարել իր հարազատ Վրաստան: Նրանք նույնիսկ դատապարտել են միգրացիոն ծառայության այն պաշտոնատար անձին, որն ապօրինի կերպով նրան տվել է ուկրաինական անձնագիր, բայց դատարանը չի համարձակվել Անտիկին զրկել այդ փաստաթողթից:

Հեռավար կառավարում SMS-ով

Մի շարք պատգամավորներ քննադատեցին քրեական հիերարխիայի դեմ պայքարի մասին օրինագիծը: Նրանց կարծիքով, հնարավոր է հանցավոր ավանդույթներին հետևելու մեջ մեղադրել նաև տաքսիստին, որը լսում է շանսոն և կասկածելի դաջվածքներով դեռահասներին:

  • Սա վտանգավոր օրինագիծ է: Եթե քաղաքացին որևէ մեկին հանձնարարություն է տալիս և այդ անձը հանցագործություն է կատարում, ապա իրավապահ մարմինները կարող են երկուսին էլ պատասխանատվության ենթարկել: Փաստաթուղթը, որը կարող է «սպանել և բռնաբարել» մարդկանց, արտակարգ լիազորություններ է տալիս ոստիկանությանը, — ասելէ «Գոլոս» խմբակցության խոսնակ Ալեքսանդրա Ուստինովան:

Իրավապահները ասում են, որ դժվար է ապացուցել մաֆիայի մեղքը

  • Քրեական աշխարհի առաջնորդները դադարել են ճանաչել իրենց տեղը քրեական հիերարխիայում, ինչպես նախկինում: Տեղի են ունեցել «сходка»-ներ, որոնց ընթացքում որոշվել է՝ թույլատրվում է ժխտել իր գողի կարգավիճակը, որպեսզի «օրենքով գողը» խուսափի բանտարկությունից,- ասել է է Ուկրաինայի Պետական քրեակատարողական ծառայության նախկին ղեկավար Սերգեյ Ստարենկին:

Անանունության պայմանով քրեական հետաքննության աշխատակիցը բացատրել է, որ հանցագործության անկում չի կարելի ակնկալել:

  • Ուկրաինական բանտերում և նախնական կալանքի կենտրոններում դեռ կան այն մարդիկ, որոնք «հետևում են կարգուկաննին» օրենքով գողերի անունից: Հեղինակությունները կարող են լքել երկիրը, բայց կարող են կառավարել բոլոր գործընթացները ինտերնետի միջոցով: Անցել են այն օրերը, երբ նամակներ են ուղարկվում բանտեր: Հիմա բավական է մի քանի գողերի ստորագրությամբ SMS ուղարկել , — ասել է անանուն աղբյուրը:

Ուկրաինացի քաղաքագետ Անդրեյ Զոլոտարյովը հարցազրույցներից մեկում նշել է, որ 2015-ին երկրում լուծարվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը:

  • Ոստիկանությունն այժմ անձնակազմ չունի մաֆիայի դեմ լուրջ պայքարի համար: Օրենքը բավականին քաղաքական է թվում: Ներքին գործերի ներկայիս նախարար Արսեն Ավակովը ստանում է լրացուցիչ լիազորություններ: Նա կարող է դա օգտագործել կարգը վերականգնելու համար: Նա զբաղեցրել է այդ պաշտոնը վեց տարի: Այս ընթացքում նա չի կարողացել հաստատել իրավապահ մարմինների աշխատանքը և դժվար թե հիմա հաջողվի , — նշել է քաղաքագետը:
wp-apeth