Զավեշտալի դեպքեր Ղուրբանի կյանքից (մաս 2)
Զավեշտալի դեպքեր Ղուրբանի կյանքից (մաս 1)
ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երևանում ես և Մհեր Մկրտչյանը հարևաններ էինք։ Ես բնակվում է Կոմիտասի 46 շենքում, իսկ ինքը՝ Կոմիտասի 48 շենքում։ Հիմա այնտեղ բնակվում է եղբայրը՝ Ալբերտ Մկրտչյանը, իսկ ինքը հետագայում տեղափոխվեց ուրիշ տեղ։ Մի խոսքով, Ֆրունզի հետ և ընկերներ էինք, և հարևաններ։ Մի օր ժամադրություն ունեի սիրածս աղջկա՝ ներկայիս տիկնոջս՝ Էլմիրայի հետ։ Պետք է հանդիպեինք «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, «Երևան» ռեստորանում։ Ամառային գեղեցիկ օր էր, փողոցը՝ մարդաշատ, իսկ մենք նստել էինք բացօթյա սեղանի շուրջ։
Մի օր առաջ գնացի Ֆրունզենց տուն, ասացի, որ ժամադրություն ունեմ սիրածս աղջկա հետ և խնդրեցի, որ մոտավորապես ժամը 4-ին գա անցնի մեր կողքով և ինձ ջերմ-ջերմ բարևի, որ ընկերուհիս տեսնի, թե ինչ շրջապատ ունեմ: Ֆրունզը խնդրանքս չմերժեց։ Նստած զրուցում էինք, երբ փողոցից մեզ մոտեցավ Մհեր Մկրտչյանը և ուրախ-ուրախ բացականչեց. «Վա՜յ, բարև Ղուրբան ջան, բարև Ձեզ, ի՞նչխ եք»։ Այդ պահին ես կտրուկ շուռ եկա դեպի Ֆրունզը ու կոպիտ ձևով պատասխանեցի. «Չհասկացանք, այ Ֆրունզ, դու էլ օրը 3 անգամ տեսնում, երեք անգամ էլ բարև ես տալիս»։
Ֆրունզի ձեռքը մնաց օդի մեջ, բայց իրեն չկորցրեց, քաղաքավարի ներողություն խնդրեց ու հեռացավ։ Ես զգացի, որ հացս ցամաք կերա, քանի որ Ֆրունզը քթի տակ ինձ հայհոյելով հեռացավ։ Բայց թե հետո ինչ եղավ, դա ես ու Ֆրունզը գիտենք, միայն էն, որ ամեն առիթի դեպքում պատմում էր. լսեք, թե Ղուրբանը ինձ ոնց քաշեց։
ՍՈՖԻԿ ՏՈՏԱՅԻ ԿՈՐՑՐԱԾ ԲԱԽՏԸ
ԱՄՆ-ից արհեստական պատրաստված «քաք» էի բերել Երևան։ Հավատացնում եմ, որ բնականից ոչնչով չէր տարբերվում։ Թեք գալարվում և սուր ծայրով վերջանում էր։ Վերցրեցի և այդ քաքը դրեցի մեր կողքի հարևան Սոֆիկ տոտայի դռան շեմին և դռան զանգը տվեցի ու անցա էն կողմը։ Քիչ հետո լսեցի Սոֆիկի անեծքի ձայնը. «Գնացեք քաքեք ձեր հոր գլխին, տեղ չգտաք, եկաք քաքեցիք իմ դռան շեմին, թաղեմ ձեզի»։ Մոտեցա, անմեղ տեսք ընդունեցի ու հարցրեցի, «Էդ ինչ է եղել, Սոֆիկ տոտա»։
Նա թե, ինչ պետք է եղնի. եկել քաքել են դռանս շեմին, ուրիշ տեղ չեն գտել։ Սկսեցի հանգստացնել Սոֆիկին, թե մի նեղվի, քաքը ղսմաթ է։ Նա թե՝ դա երազին է, իրականության մեջ ըդպես չէ։ Ես էլ թե Սոֆիկ տոտա, երազին մեկ-մեկ սուտ կեղնի, իրականն է ճիշտ։ Նա կարծես համոզվեց, հանդարտվեց, մի քիչ կանգնեց և գնաց, որ բերի մաքրի։ Այդ պահին, ես անմիջապես վերցրեցի այդ արհեստական, բայց շատ բնական սարքված քաքը և դրեցի գրպանս։ Երբ Սոֆիկը հետ եկավ, տեսավ քաքը չկա, նորից սկսեց գոռգոռալ ու հայհոյել, թե ի՞նչ եղավ, ո՞վ մաքրեց, ո՞վ տարավ քաքը։
— Քաքն էլ ինձ արժան չգտաք, առեք, տարեք, կերեք, կշտացեք, էս ինչ տեսակ մարդիկ են, աչքի սուրմա թռցնող։
Այստեղ նույնպես խեղճ Սոֆիկի բախտը չբերեց, ղսմաթը ձեռքից տարան։