Զավեշտալի դեպքեր Ղուրբանի կյանքից (մաս 1)

ՉԻԲԱՆԸ

Մի անգամ մեր տանը հյուր էր երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը եւ մենք նստած սուրճ էինք խմում։ Խոսելու ընթացքում Ֆլորան ասաց.

— Իմացել եմ, Ղուրբան ջան, լավ սուրճի բաժակ ես նայում, դա ճի՞շտ է:

Ճիշտն ասաց, ես հանկարծակիի եկա և խնդրեցի Ֆլորային, որ շատ մարդ թող չիմանա, բայց ես բաժակը անպայման կնայեմ, չնայած կյանքիս մեջ բաժակ չեմ նայել։

Երբ սկսեցի նայել, տեսա Ֆլորան շատ լուրջ է տրամադրված, ես էլ սկսեցի շատ լուրջ նայել։

Սկսեցի. «Նախ չմոռանամ ասել, Ֆլոր ջան, ճամփա ունիս էրտլու։ Վա՜յ, էս ինչ ղսմթով բաժակ է, փող ունիս ստանալու։ էս ում ես փող տվել պարտքով, սպասելիքներ չունենաս, չի տալու»։ Ասեմ, որ այդ փողի մասին ես նախօրոք գիտեի։ Ասացի, որ վրեդ կռացող կա, վրեդ նաֆս կա, թուղթ ու գիր է արած վրեդ։ Ամեն մի բառը, երբ բերանիցս դուրս էր գալիս, Ֆլորան ապշած նայում էր ինձ, հետո կողքի մարդկանց, և ասում էր, ճիշտ է, ճիշտ է։ Ես ավելի էի ոգևորվում, երբ Ֆլորան ասում էր ճիշտ է։ Ասի. «Ֆլորա ջան, էստեղ մի բան եմ տեսնում, չեմ կռնա չըսեմ»։ Ֆլորան, թե ի՞նչ է, ինչ է։ Ասի, լավ, շատ որ խնդրում ես՝ կսեմ.

— Մի շաբաթ, թե 10 օր հետո, չգիտեմ, ճակատիդ չիբան բդի էղնի:

Ճիշտն ասած Ֆլորան վատ զգաց ու ընկավ մտքերի մեջ և սկսեց իրան-իրան խոսել։ Պատճառը իմացանք, պետք է հեռուստատեսությամբ ելույթ ունենար։ Ինքը իրեն սիրտ տալով ասաց. «Ոչինչ, օրը կփոխեմ»։ Ես բարի մաղթանքներով բաժակը վերջացրի։

Անցավ ուղիղ 10 օր, սիրելի ընթերցող, հրաշք տեղի ունեցավ, Աստված վկա: Այդ իմ գուշակելը. որ Ֆլորայի ճակատին չիբան պիտի էղնի, էդ չարաբաստիկ չիբանը իմ ճակատիս եղավ։ Դա եղավ իմ կյանքի առաջին ու վերջին բաժակ նայելը։

ՊՐՈՖԵՍՈՐԸ

Ֆիզկուլտ ինստիտուտում էի սովորում։ Դեռ Երևան չէինք տեղափոխվել, հանրակացարանում էի մնում։ Սամվել անունով մի ընկեր ունեի, երևանցի տղա էր։ Մի օր եկավ թե՝ Ղուրբան ջան, կլինի, որ էսօր հետդ քնեմ։ Ասի՝ քնի։ Չնայած հեչ հարմար չէր, փոքր, մի տեղանոց մահճակալի վրա երկուսով մի կերպ քնեցինք։ Հաջորդ օրը նորից եկավ, թե՝ Ղուրբան ջան, էսօր էլ քնեմ։ Ճիշտն ասած՝ ուրիշ բան մտքովս անցավ, ասի՝ միայն մի պայմանով մենակ, ոտ ու գլուխ։ Ասաց՝ դրան էլ եմ համաձայն։ էդ օրն էլ լուսացրինք։

Մյուս օրը տեսնեմ ինձանից շուտ է եկել ու դռան մոտ նստել։ Հենց որ տեսա, ճիշտն ասած, ջղայնացա, ասի. «Սամվել ջան, էս նորից ես եկել։ Ախպեր ջան, ասա տեսնեմ, ինչն է պատճառը, որ տուն չես գնում, էլի թողնեմ քնես»։ Իսկ Սամվելենք երկու հարկանի սիրուն սեփական տներ ունեին քաղաքի կենտրոնում։ Նա թե. «Դուրբան ջան, Վաղո պապս ռակով հիվանդ պառկած է, բժիշկները հույս չեն տալիս։ Խոստացել ենք, որ Մոսկվայից պրոֆեսոր պիտի բերենք ու չենք բերել, ինքն էլ բոլորիս տնից վռնդել է, թե գնացեք, մինչև պրոֆեսոր չբերեք, չգաք։ Դե ամեն մեկս մի տեղ գնացել, սպասում ենք պապս մեռնի, որ տուն գնանք»։

Ասի. «Պապդ է ու չմեռավ, ուրեմն ամեն գիշեր պիտի գաս հետս քնե՜ս»։ Սամվելին ուղարկեցի տուն, ասի՝ գնա տուն նախապատրաստի, որ պրոֆեսորը վաղը կգա, ձեր գործը չի: Վեր կացա, հաջորդ օրը, պարապմունքից հետո, մոտեցա մեր բժշկին, սպիտակ խալաթ վերցրեցի, նստեցի տաքսի ու գնացի Սամվելենց տուն։ Հենց տաքսին կանգնեց, տնեցիք խառնվեցին, թե պրոֆեսորը եկավ, բղավեցին, որ բիձեն լսեր։ Մտա հայաթ, տեսնեմ տնեցիք հայաթը ջրչկել, մաքրել էին ու ինձ էին սպասում։ Ասի՝ հիվանդը ո՞ւր է։ Քթների տակ ծիծաղելով ինձ տարան հիվանդի մոտ։ Մտա, ասի. «Բարև, հայրիկ ջան»։ Հայրիկը շատ զարմացավ, թե քեզ նման ջահել պրոֆեսոր կյանքիս մեջ չեմ տեսել։ Մտքիս մեջ ասի՝ քաշվեցի. բայց լավ էր անցավ, պապին հարցրի, թե ինչից սկսվեց հիվանդությունդ։ Պապը թե. «մրսեցի»։ «Հա՜ ասի, մրսելուց կեղնի»։ Երկրորդ հարցս եղավ, թե ինչ բուժումներ ես ստանում։ Պապը թե՝ ամբողջ դեղերը սեղանի վրա է։ Նայեցի, բայց ոչ մի դեղից բան չեմ հասկանում, աչքս ընկավ «անալգինին», ասի. «մենակ էս դեղը կօգտագործես, մնացածը հեչ բան են։ Ես հիմա ռեցեպտ կգրեմ ու ճիշտ դեղեր կօգտագործես, քեզ լրիվ սխալ դեղեր են տվել»։ Պապը թե, ես էդպես էլ գիտեի, որ ճիշտ դեղեր չեն. դրա համար էլ չեմ լավանում»՝ ասաց. «Քեզ Աստված ուղարկեց»։ Ասի. «Հայրիկ ջան, էսօր ինչ ես կերել»:

Որովհետև ես որ տուն մտա, կոտլետի հոտ առա, ես էլ պարապմունքից էի եկել, սոված էի¤։ Պապը թե. «Տղա ջան, արդեն 10 օր է բան չեմ կերել, ինչ ուտում եմ, հետ եմ տալիս»։ Ասի. «Հայրիկ ջան, առողջ մարդն էլ 10 օր հաց չուտի, կմեռնի, դու ո՞նց ես դիմացել»։ Տնեցոնց հարցրի, թե ի՞նչ եք եփել, ինչ կա ուտելու։ Պատասխանեցին, թե պրոֆեսոր ջան, լավ բորշ ունենք։ Ասի՝ դե բերեք, ես ու հայրիկը պիտի հաց ուտենք։ Բա էսենց հիվանդ կպահեն։ Մի-մի աման բորշ բերեցին։ Հարցրեցի, թե խմելու ի՞նչ ունեք։ Էն ժամանակ երկուս ու յոթանասուն արժեքով ժուլիկ օղի կար, փոքր շշերով, ձեզանից շատերը կհիշեն, մի շիշ դրանից բերեցին: Բաժակները լցրեցի, խփեցինք, առողջություն մաղթեցինք, խմեցինք, ու ես ու Վաղո բիձեն բորշը մինչև վերջ կերանք։ Զգացի, որ սոված մնացի, համ էլ կոտլետի հոտ էի առել։ Հարցրեցի. «Ուրիշ բան չունե՛ք ուտելու»։ Պատասխանեցին, թե պրոֆեսոր ջան. կոտլետ էլ ունենք։ Ասի՝ բերեք։ Կոտլետն էլ կերանք, երկուսով էդ մի շիշն էլ խմեցինք։ Վաղո բիձեն ասաց. «Այ բուժումը սա է»։ Ասի. «Հայրիկ ջան, վեր կաց մի քիչ էլ քայլի»։ Բիձեն մի քիչ էլ քայլեց։ Ասի. «Դե էսօր բավական է, գնա պառկի, ես պիտի գնամ»։ Պապը թե՛ չէ, դու էստեղից ոչ մի տեղ էլ չես գնա, կողքս պտի քնես։ Տեսա, որ պրծում չկա, ասի. «Հայրիկ ջան, ուրիշ հիվանդներ էլ կան: Պիտի գնամ նրանց էլ տեսնեմ։ Համաձայնվեց, որ իմացավ էլի հիվանդ կա, բայց ասաց. «Վաղը նորից կգաս» ու ավելացրեց, «ես Սամվելիս ցավը տանեմ, գիտես ինչ տղա է»։ Թողեցի դուրս եկա, հլա հանրակացարան չէի հասել, երբ տղաներից մեկը եկավ, թե Ղուրբրան, փախի։ Ասի. «Ինչո՞ւ»։ «Վաղո բիձեն մեռավ»։ Վախից, անմիջապես նստեցի տաքսի ու գնացի ուղիղ Լենինական։

Մի ամիս էր վախից Երևան չէի գնում, մտածեցի, որ ինստիտուտից արդեն հեռացրին։ Հանկարծ հանդիպեցի ուսանողական ընկերներիցս մեկին։ Ասաց. «Ղուրբան, էս ի՞նչ ես անում ըստեղ։ Սամվելենց տնեցիք ընկած քեզ են ման գալիս, որ տանեն պատիվ տան, իսկ դու եկել պահ ես մտել»։

Զավեշտալի դեպքեր Ղուրբանի կյանքից (մաս 2)

Զավեշտալի դեպքեր Ղուրբանի կյանքից (մաս 3)