«Հայասայի» նախագահը՝ Չեմպիոնների լիգայի, Վրաստանում թիմ ստեղծելու ու այլ թեմաների մասին

«Հայասայի» նախագահը՝ Չեմպիոնների լիգայի, Վրաստանում թիմ ստեղծելու ու այլ թեմաների մասին

Գյումրին ներկայացնող «Հայասան» նորամուտը հայկական ֆուտբոլում նշանավորեց չեմպիոնությամբ ու առաջին փորձից իրավունք ստացավ մասնակցելու կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Թիմը սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին ու մարզումային գործընթացին զուգահեռ ակումբն աշխատում է կազմն ուժեղացնելու ուղղությամբ: Այս ընթացքում հասցրել են մարզչական շտաբը համալրել նոր մասնագետներով, մասնավորապես թիմին են միացել Գյումրու «Շիրակի» նախկին ֆուտբոլիստներ Արտակ Ադամյանը, Ռաֆայել Պալտաջյանը, որոնք վաղուց զբաղված են մարզչական գործունեությամբ,  ինչպես նաև դարպասապահների մարզիչ Հայկ Կիրակոսյանը, որն երկար տարիներ աշխատել է Հայաստանի ազգային հավաքականում: Թիմում են նաև մարզիչներ Սենիկ Առաքելյանն ու Էդգար Մովսիսյանը: Ակումբի նախագահ Արտակ Գյոլեցյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փորձում են համախմբել բոլոր ուժերն Եվրոպայում պատվով ներկայանալու համար:

  • Մեկ տարի առաջ մեր առջև խնդիր դրեցինք, նպատակ ու հասանք դրան: Մեզ հաջողվեց ստեղծել մրցունակ թիմ, որը կարողացավ հաղթել Հայաստանի առաջնությունում:
  • Հեշտ տրվե՞ց չեմպիոնությունը, թե շատ դժվարություններ ստիպված եղաք հաղթահարել:
  • Սկզբում այլ էին պատկերացումները և պետք է խոստովանեմ, որ դրանից մի քանի անգամ դժվար ճանապարահ անցանք: Աղջիկների հետ աշխատելը շատ դժվար է:
  • Ինչպե՞ս հասկանալ «աղջիկների հետ աշխատելը շատ դժվար է»:
  • Սկզբում դժվարությամբ էինք հասկանում միմյանց: Շատ դեպքերում չեն բացվում մինչև վերջ:

  • Մտածելակերպի՞ խնդիր է, թե խոչընդոտող այլ գործոններ կան:
  • Երևի մեզ՝ հայերիս, բնորոշ մտածելակերպի խնդիրն է: Թիմում ունենք լեգեոներ ֆուտբոլիստուհիներ, որոնց հետ այդքան դժվար չէ: Դա էլ երևի պայմանավորված է նրանով, որ ավելի փորձառու են: Նրանցից շատերը հասցրել են հանդես գալ ավելի բարձրակարգ առաջնություններում, նրանց մոտեցումն ավելի պրոֆեսիոնալ է: Պատահական չէ, որ հնարավորության սահմաններում փորձում ենք նման խաղացողներ հրավիրել: Մերոնք մարզվելով ու խաղալով նրանց կողքին մեծ փորձ են ձեռք բերում, վստահություն:
  • Ինչի՞ մասին է խոսքը:
  • Հայ աղջիկները մի փոքր ամաչկոտ են: Ճիշտ է, այն փաստը, որ նրանք ընտրել են ֆուտբոլն ու մարզվում են, արդեն խոսում է այն մասին, որ տարբերվում են իրենց մտածելակերպով ու մոտեցումներով, ավելի վստահ են ու ազատ, սակայն միևնույն է կան որոշակի հարցեր, որոնք ժամանակի ընթացքում պետք է հարթել:
  • Ինչպե՞ս:
  • Հավատացեք ընթացքում շատ խնդիրներ ենք հարթել: Հետևողական աշխատանք է պահանջում: Ակումբի ղեկավար կազմը, մարզչական շտաբը շատ է աշխատում այս ուղղությամբ, խոսում ենք ֆուտբոլիստուհիների հետ, զրուցում ենք, բացատրում, որ հարաբերությունները թիմի ներսում լինի ճիշտ ուղու վրա:

  • Ձեզ պե՞տք էր այս ամենը, չեք փոշմանե՞լ:
  • Ոչ, չեմ փոշմանել:
  • Խորհուրդ կտա՞ք ներդրում անել կանանց ֆուտբոլում:
  • Շատ դժվար կլինի, եթե սկսեք 0-ից: Նոր թիմ ստեղծելը բարդ ու տաժանակիր գործընթաց է, առավել ևս երբ խոսքը Հայաստանի մասին է: Խնդիրներ ինչքան ուզեք՝ սկսած կադրերի պակասից, մտածելակերպից մինչև ենթակառուցվածքներ: Այլ հարց է, երբ կա որոշակի բազա՝ թիմ, որի հիմքի վրա հնարավոր է կառուցել՝ ուժեղացնելով կոնկրետ խաղային դիրքեր, որակներ և զարգացնել այն, ինչ կա:
  • Այս առիթով ասել եք, որ Հայաստանում կանանց մրցունակ թիմ ստեղծելու համար անհրաժեշտ է տարեկան 70-100 միլիոն դրամ: Դա Հայաստանում հաղթելու համար, հետո՞:
  • Սա մոտավորապես այն թիվն է, որը ծախսեցինք անցած մեկ տարվա ընթացքում: Տրանսֆերներով ուժեղացրեցինք կազմը, որ հասնենք մեր նպատակին: Այս տարի դեռ չեմ կարող ասել, թե որքան կծախսենք, որովհետև դեռ չգիտենք, թե քանի թիմ են մասնակցելու առաջնությանը, ինչ ուժ են իրենցից ներկայացնելու: Ինչ վերաբերում է հետոյին, ապա փորձելու ենք նոր բարձունքների հասնել: Գնալով ավելի բարդ է լինելու:
  • Ամեն դեպքում, ինչքան էլ ծախսի ակումբը պարզ է, որ այսօր ծախսածը վերադարձնել գրեթե հնարավոր չէ. տրանսֆերներ չկան, հովանավորները շատ չեն և այսպես շարունակ:
  • Ներկա պահին չենք էլ մտածում այդ մասին: Ավելին ասեմ, եթե ձեր ասած լրացուցիչ գումարները լինեն, կփորձենք ավելի ուժեղացնել ակումբը: Հիմա մեզ համար պարզ է, որ Հայաստանի առաջնությունն ամենաբարձր կետը չէ, որը պետք է փորձենք գրավել: Ուզում ենք ունենալ թիմ, որ Եվրոպայում լավ ֆուտբոլ կխաղա, պատվով կներկայացնի Հայաստանը:
  • Ինքներդ գործարար եք և ձեր գործունեությունը ծավալում եք՝ ակնկալելով եկամուտ: Ստացվում է՝ ֆուտբոլում, լավ, չասենք միայն ծախսում, բայց ակնհայտ է, որ անհամեմատ ավելի շատ ծախսում եք, քան վաստակում: Մինչև եր՞բ ու հանուն ինչի՞:
  • Սիրում եմ ֆուտբոլ մարզաձևը ու որոշեցի հենց ֆուտբոլում ներդրում անել: Ներկա պահին Հայաստանում աղջիկների ֆուտբոլում դաշտը բաց է: Որոշեցի ու արեցի: Այստեղ ավելի հեշտ է փոքր ներդրումներով բարձր մակարդակի թիմ ունենալ: Սա է պատճառը, որ շարունակելու ենք: Ժամանակը ցույց կտա, բայց քանի հնարավորություն ունեմ կանեմ:
  • Ենթակառուցվածքներ չունեք:
  • Մեր ամենամեծ պրոբլեմն է: Երևի տեղյակ եք, որ վաղուց մտածում ենք Արթիկի Քաղաքային մարզադաշտը վերակառուցելու ուղղությամբ, բայց այստեղ ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված: Հարցը նաև Արթիկի համայնքապետարանի ու ֆուտբոլի ֆեդերացիայի տիրույթում է: Հստակություն չկա, թղթի վրա դեռ չկա պայմանավորվածություն: Վերջերս հանդիպեցի Արթիկի քաղաքապետի հետ, զբաղվում են հարցով: Սպասում ենք: Եթե հարցը լուծվի, ապա միանշանակ շահելու է քաղաքը: Ի վերջո, մարզադաշտը ոչ մերն է, ոչ ֆեդերացիայինը:
  • «Հայասայի» հաջորդ քայլը ո՞րն է լինելու:
  • Առջևում Չեմպիոնների լիգայի խաղարկության խաղն է: Արժանի ֆուտբոլ ենք փորձելու խաղալ: Շատ լուրջ թիմերի հետ ենք ընկել վիճակահանության արդյունքներով: Մեր հնարավորության սահմաններում կփորձենք առավելագույնն անել: Ճիշտ է, դժվարություններ կան, բայց դա բնական է: Եղան տրանսֆերներ այս ընթացքում, որոնք չկայացան, բայց արդեն հասցրել ենք որակյալ խաղացողներ հրավիրել: Մոտ օրերս սպասում ենք ևս երկու աֆրիկացի ֆուտբոլիստուհիների: Նրանք Գանայի հավաքականի անդամ են: Սկզբում մտածում էինք հրավիրել հենց եվրագավաթային խաղերի համար, բայց հետո մտափոխվեցինք: Որոշել ենք երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել, որ մնան թիմում: Ցանկանում ենք ստեղծել ոչ թե մեկ կամ երկու խաղի, այլ այսօրվա ու վաղվա մրցունակ, ուժեղ թիմ:

  • Տղաների թիմ կունենա՞ ակումբը: Տեղյակ եմ՝ ի սկզբանե ցանկացել եք ներդրում անել տղամարդկանց ֆուտբոլում:
  • Միայն այն բանից հետո, երբ վստահ կլինեմ, որ ունենք կանանց մի թիմ, որը խաղում է բարձրակարգ ֆուտբոլ ու աչքի է ընկնում իր կայունությամբ: Այսինքն չենք պատրաստվում մի գործը դեռ անավարտ, մյուսը սկսել: Հետո դեռ ենթակառուցվածքների խնդիրը չենք լուծել: Հերթով և միայն դրանից հետո կմտածենք այդ ուղղությամբ: Երևի բարին էլ դա էր, որ չստացվեց: Չհասցրեցինք արտոնագրման հարցը լուծել և ի հայտ եղավ կանանց ֆուտբոլում ներդրում անելու գաղափարը: Տղաների դեպքում անհամեմատ դժվար կլիներ այս կարճ ժամանակում նման արդյունքների հասնել: Եվ ֆինանսական, և մրցակցության տեսանկյունից ավելի լավ է, որ սկսեցինք աղջիկների թիմից: Կարծում եմ՝ այս պահին ավելի լավ է լինենք այստեղ առաջինն ու ամենաուժեղը, քան մեկ այլ տեղ փորձենք պարզապես ներկա ստանալ:
  • Հայաստանում կանանց ֆուտբոլն ու՞ր է գնում:
  • Առաջ է գնում: Դա երևում է: Չգիտեմ, երևի ես այդ ամենի մեջն եմ ու ավելի լավ եմ տեսնում, բայց դա այդպես է:
  • Միթե՞:
  • Տեսեք, արդեն տարբեր տարիքային աղջիկների առաջնություններ են անցկացվում ամբողջ հանրապետությունով մեկ: Դպրոցական երեխաներ են, որոնք ֆուտբոլ են խաղում: Ճիշտ է, նրանցից քչերն են կանոնավոր մարզվող, բայց սրանից է ամեն ինչ սկսվում: Պետք է խաղան, որ մենք էլ նկատենք: Քիչ չեն երեխաները, որոնք արդեն հայտնվել են մեր մարզիչների ուշադրության կենտրոնում: Այս ֆոնին շատ կուզենայի, որ հայկական ակումբներն ավելի մեծ ուշադրություն դարձնեն կանանց թիմերին, ուժեղացնեն, որ առաջնությունն էլ ուժեղ լինի: Դա իր հետ կբերի մրցակցություն, որի պակասն այսօր շատ կա:
  • Համարենք այնպես է, ինչպես Դուք եք տեսնում: Հայաստանից դուրս հայ ֆուտբոլիստուհին ապագայի հույս ունի՞:
  • Մեր ակումբի խաղացողերի հետ ես հաճախ եմ զրուցում այս հարցի շուրջ: Փորձում եմ հասկանալ, արդյոք պատրաստ են լինել տնից հեռու ու խաղալ արտասահմանում: Դեռ բացասական պատասխան չեմ լսել: Մենք պատրաստ ենք ամեն ինչով օգնել մերոնց, որպեսզի տեղափոխվեն ու խաղան ավելի բարձրակարգ թիմերում ու առաջնություններում: Ասեմ, որ արդեն համագործակցության պայմանավորվածություն ունենք վրացական ու ուկրաինական ակումբների հետ: Պատրաստվում ենք խաղացողներ փոխանակել: Մերոնք կգնան դուրս, կլինեն խաղացողներ որոնց մենք կհրավիրենք:
  • Ներկա պահին «Հայասան» ունի՞ խաղացող, որով հետաքրքրված են դրսից, որն իրենց տրանսֆերային արժեք է ներկայացնում:
  • Այո, բայց ասեմ, որ մենք հարցին այլ տեսանկյունից ենք նայում: Մեկ կամ երկուսին ուղարկելով շատ բան չի փոխվի: Օրինակ, իմ մեծ ցանկությունն է, որ շատ հայուհիներ խաղան ավելի բարձրակարգ թիմերում ու իրենց փորձով օգնեն մեր հավաքականին: Չի բացառվում, որ օրինակ ևս մեկ թիմ կստեղծենք Վրաստանում, որտեղ առաջնությունն ավելի ուժեղ է: Դա մեր մոտակա ծրագրերի մեջ է մտնում: Այնտեղ կան մի քանի թիմեր, որոնք պայքարում են չեմպիոնության համար, կա մրցակցություն, իսկ դա օգնում է, որ խաղացողն աճի, զարգանա ու կատարելագործվի: Սա անելու ենք, որպեսզի որքան հնարավոր է շատ հայ խաղացողներ խաղան նման մրցակցային պայմաններում: Հուսով եմ՝ շատ մոտ ապագայում նշածս կյանքի կկոչենք: Ինտենսիվ աշխատում ենք այս ուղղությամբ:

Հաբեթ Հարությունյան

Կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Հայաստանի չեմպիոն «Հայասային» բաժին է հասել բելգիական «Անդերլեխտը»: Նույն խմբում են նաև խորվաթական «Օսիեյկն» ու Մոնտենեգրոյի «Բրեժնիցա Պլեվլյան»: Գյումրին ներկայացնող «Հայասան» պետք է մեկ հանդիպում անցկացնի «Անդերլեխտի» հետ: Բելգիական թիմի արգելքը հաղթահարելու դեպքում թիմը կխաղա «Օսիյեկ» – «Բրեժնիցա» զույգի հաղթողի հետ: Հնարավոր հաջողության դեպքում «Հայասան» ևս մեկ հանդիպում կանցկացնի փլեյ-օֆֆ փուլում և միայն այնտեղ դրական արդյունքի հասնելուց հետո իրավունք կստանա մասնակցել խմբային փուլին: Դեռ հայտնի չէ «Հայասայի» պոտենցիալ մրցակցի անունը փլեյ-օֆֆ փուլում:

wp-apeth