Նոր տարուն կյանքը գյումրիում կրկին կա՞նգ է առնելու

Նոր տարուն կյանքը գյումրիում կրկին կա՞նգ է առնելու

Ընթերցողներիցս շատերը երևի թե գիտեն, որ զբաղվում եմ նաև տուրիզմով և Գյումրիի Արաքս հյուրանոցի տնօրենն եմ։ Մեր սիրելի Գյումրին վերջին տարիներին կարելի է ասել անընդհատ կերպարանափոխվում է. անընդհատ վերանորոգվում են փողոցներ, մայթեր, շենքեր և այլն։ Քաղաքը նոր շունչ է ստացել, մարդիկ ևս սկսել են կյանքի նկատմամբ տրամադրվել ավելի լավատեսորեն։

Տուրիզմը, չնայած իր բացասական կողմերին (այդ մասին բազմիցս եմ արտահայտվել հոդվածների տեսքով), ունի նաև շատ դրական կողմեր։ Տուրիզմի ոլորտում ստեղծված յուրաքանչյուր աշխատատեղ մուլտիպլիկատիվ էֆեկտով ստեղծում է նորերը։ Ու քանի որ Գյումրին դարձել է մոդայիկ քաղաք, ամանորին ևս մեծ թվով տուրիստներ են մեզ այցելելու։ Վերջիններիս մեծամասնությունն, իհարկե, ՀՀ քաղաքացիներն են՝ հիմնականում Երևանից։ Այդ մարդիկ, սովորության համաձայն, այս տարի դիմավորելու են ամանորը ոչ թե Ծաղկաձորում կամ Ջերմուկում , այլ՝ հայրաքաղաքում։ Նույն Արաքս հյուրանոցը վաճառում է ամանորյա հանգստի փաթեթներ, որոնց կեսն արդեն իսկ սպառված է։ Սակայն մտահոգիչն այն է, որ հյուրերն այդ օրերին բախվելու են շատ լուրջ խնդրի. համարյա 3 օր քաղաքը կաթվածահար է լինելու՝ նորմալ չեն աշխատելու խանութները, ռեստորանները, սրճարանները, հանրային տրանսպորտը և այլն։ Սա, իսկապես լուրջ խնդիր է և որը հատկապես վառ է արտահայտվելու այս տարի։ Մեր ունեցած տվյալների համաձայն՝ ամանորին Գյումրին հյուրընկալելու է ռեկորդային քանակով հյուրերի։ Քաղաքում համարյա սպառվել են օրավարձով տրվող բնակարանները և առանձնատները, իսկ հյուրանոցները վաճառում են իրենց վերջին համարները։

Նոր տարին խելացնոր կերպով նշելու արատավոր երևույթի մասին խոսել ենք բազմիցս։ Սա մնացուկ է սովետական անցյալից, երբ Սուրբ Ծնունդը մոռացության մատնելու համար հորինվեց տարեթվի փոփոխության օրը նշելու տոնը։

Այժմ, իրապես եկել է ժամանակը, որ մարդիկ հասկանան, որ պետք չէ մի քանի օր կտրվել ամեն բանից ու տրվել ուտել-խմելուն։ Քաղաքն իրավունք չունի դուրս գալ իր բնականոն վիճակից, առավել ևս, որ այդ օրերին բավական լուրջ գումարներ են մտնելու մեր քաղաք։

Արդեն իսկ պատրաստ լինենք, որ ամանորին կյանքը Գյումրիում կանգ չի առնելու, իսկ հին ավանդույթը ամեն անգամ հիշելուց մարդկանց դեմքերին ժպիտ ու հաճելի հիշողություններ կարթնանան։

wpn-zarhing