Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է… հայերի համար

Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է… հայերի համար

Կրկին կանգնած ենք նոր տարվա շեմին, կրկին եկել է պահը գիտակցելու, որ անվերադարձ գլորվեց ևս մեկ տարի։ Ավանդույթի համաձայն, այս անգամ ևս կփորձենք ամփոփել անցած տարին՝ հասկանալու համար ձեռքբերումները, բացթողումները և ապագայի անելիքները։ 2019 թվականը, վերջապես, հնարավորություն ստեղծեց մեր երկրի նորաթուխ իշխանություններին լիիրավ կերպով լծվել երկրի կառավարման գործին։ Թե ինչքանով դա նրանց մոտ ստացվեց՝ դժվար է ասել։ Բացթողումներ ու թերացումներ, բնականաբար, նրանք ունեցան։ Շատերը անգամ սկսեցին տարածել այն արատավոր միտքը, թե երկրում բան չի փոխվել։

Տարին մենք ավարտեցինք տնտեսական աճի լուրջ ցուցանիշներով՝ միջազգային մամուլում արժանանալով «Կովկասյան վագր» բնորոշմանը, սակայն արի ու տես, որ շարքային շատ քաղաքացիներ իրենց մաշկի վրա էականորեն չզգացին հեղափոխական փոփոխություններ։ Շատերի համար նոր իշխանությունները դարձան թշնամի, երբ ազգային ժողովի ու այլ կարևոր ամբիոններից սկսվեց ժամանակակից ազատական արժեքների քարոզը կամ ազգային արժեքների ու ավանդույթների քարկոծումը։ Շարքը կարելի է երկար ձգձգել, կարելի է երկար խոսել նոր իշխանությունների թույլ կողմերի մասին։ Սակայն, ևս մեկ անգամ կրկնում ենք՝ իր մեծագույն ֆունկցիան մերօրյա իշխանությունները կատարել են՝ նախկին ռեժիմի տապալում և իրական ժողովրդավարական կառավարման համակարգի հաստատում։ Դժվար է կարծել, որ հետայսու ընտրություններ անցկացվելու պարագայում դրանք կարող են կեղծվել։ Անշուշտ որոշակի առումով հնարավոր է վարչական ռեսուրսի օգտագործում գործողների կողմից, սակայն մեծ հաշվով պետք է փաստել, որ երկրում հաստատվել է ժողովրդի իշխանություն։ Ներկայիս իշխանությունները կարող են թերանալ շատ հարցերում, սակայն ժողովրդավարական սկզբունքներով ընտրություններ չանցկացնել նրանք չեն կարող, այլապես կվերածվեն իրենց իսկ կողմից սպանված հրեշին։ Եթե անգամ գործող իշխանություններից դժգոհությունները հասնեն իրենց գագաթնակետին՝ բոլորիս արդար հնարավորություն է ընձեռված ձևավորել նոր իշխանություն։ Այս հնարավորությունն արդեն իսկ կարելի է որակել հեղափոխական։
Բայց այնպես չէ, որ ամեն ինչ վատ է։ Միգուցե նորանշանակ շատ պաշտոնյաներ այնքան էլ փորձառու չեն, սակայն նրանց մեծամասնությունը իրապես ուզում է երկրում բարեփոխումներ իրականացնել։ Իսկ ցանկությունը, արդեն իսկ, մեծ նախապայման է։

Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենանք՝ ամեն ինչ կարող է փոխվել։ Հայաստանում իսկապես կարելի է հասնել մեծ հաջողությունների։ Մեկնարկային պայմանները, իհարկե, շատ դեպքերում սարսափեցնող են, սակայն կյանքը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք հավատացել են իրենց ուժերին, Հայաստանում հասել են լուրջ բարձունքների։ Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է հենց հայերի համար, քանի որ միայն հայերը կարող են անտեսել այն խոչընդոտները, որոնք առաջ են գալիս մեր երկրում արարող մարդկանց առաջ։ Մեր երկիրը լայն հնարավորությունների երկիր է նաև, քանի որ բռնել ենք փոփոխությունների հեղափոխական ճանապարհը։ Մեր երկիրը լայն հնարավորությունների երկիր է, քանի որ ունի Աստծո հովանավորչությունը, կարողացել է դարեր շարունակ անցնել արհավիրքների ու ցեղասպանության միջով։
Մեր երկիրը դառնալու է տարածաշրջանի ու աշխարհի առաջատարը, քանի որ մենք այդպես ենք ուզում։ Չենք փորձի տարին ամփոփել թվերով ու կանխատեսումներով։ Մի բան է ակնհայտ. մեզ պետք է միայն հավատ՝ սեփական ուժերի և վառ ապագայի նկատմամբ։ Մնացած ամեն բան հերթականությամբ մեզ կտրվի։ Գտնենք մեր երազների Հայաստանը ու շարժվենք մեր երազին ընդառաջ։ Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է՝
Հայերի համար…

wpn-zarhing