Միջուկային զենքից մինչեվ գաղափարախոսություն

Միջուկային զենքից մինչեվ գաղափարախոսություն

Մեր տարածաշրջանը եռում է։ Իրանցի գեներալի սպանությունը, այնուհետև դրան հետևած իրադարձությունները՝ ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումը նույն Իրանի կողմից, ինչպես նաև ուղևորատար ինքնաթիռի կործանումը չեն կարող անհետևանք մնալ։ Իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ, շատերն ընդհուպ տեսնում են համաշխարհային նոր պատերազմի վտանգ։

Սրի ու վահանի պայքարում մի օր հաղթելու է սուրը:

Ուզենք, թե չուզենք այդ ամենը տեղի է ունենալու անմիջապես մեր հարևանությամբ ու մենք ուզենք թե չուզենք բախվելու ենք այդ խնդրին։ Բախվելու ենք թեկուզ այն առումով, որ լայնածավալ պատերազմ սկսվելուց հետո հայկական սահմանը կարող են գրոհել հարյուր հազարավոր գաղթականներ։

Սրի ու վահանի պայքարում մի օր հաղթելու է սուրը։ Այս խոսքերն առավել քան արդիական են մեզ համար։ Տարիներ շարունակ հայկական պետությունը աչքի է ընկել իր պաշտպանողական ու զգուշավոր կեցվածքով։ Այսօր արդեն ակնհայտ է, որ պետք է դուրս գալ այդ վիճակից։ Այս պարզ ճշմարտությունը առաջինը գիտակցեց Պաշտպանության նախարարությունը։

Հարձակվողական զինատեսակների գնումը դրան ուղղված առաջին քայլերն էին։ Հարձակվողական ռազմավարության պետք է անցնել ոչ միայն ռազմական ոլորտում։ ՀՀ-ում գործում է ներքին հետախուզություն ու կարելի է ասել բավական լավ կերպով։ ԱԱԾ-ն անգամ պետք է այլևս մտածի արտաքին հետախուզության զարգացման մասին։ ՀՀ-ն պետք է ունենա նաև ագրեսիվ գաղափարական հենք, մենք պետք է տարածաշրջանում իրականացնենք գաղափարական էքսպանսիա։ Այս ամենի համար մենք ունենք բոլոր հնարավորությունները։ Նույնը վերաբերում է աշխարհաքաղաքական խաղերին։ Մենք ունենք այնպիսի քաղաքական հաղթաթղթեր, ինչպիսին, օրինակ Սևրի պայմանագիրն է։ Մենք պետք է նպատակաուղղված կերպով պատրաստվենք Մոսկվայի պայմանագրի 100 ամյա ժամկետի ավարտին ու կրկին նախահարձակ քայլեր իրականացնենք։

Այս ամենը պետք է անենք ոչ թե նրա համար, որ ուզում ենք տարածաշրջանում թելադրող դառնալ, այլ նախևառաջ այն բանի, որ առանց դրա մենք մի օր ծանր պարտվելու ենք։ Ու ավելի լավ է առաջինը մենք հարվածենք, քան թույլ տանք, որ վտանգը գա ու նստի մեր շեմին։

Այս ճշմարտությունը հասկացել են բոլոր ազգերը, բացի մեզանից։ Ռուսական թևավոր խոսքն ասում է՝ եթե կռիվն անխուսափելի է, խփիր առաջինը։ Այժմ մենք ունենք առաջինը խփելու բարոյական իրավունքն անգամ, քանի որ 100 տարի առաջ մեզ բառացիորեն մորթում էին, իսկ մենք սպասում էինք քաղաքակիրթ աշխարհի օգնությանը։

Հայաստանը պետք է ունենա նաև ատոմային զենք, որ ցանկացած թշնամի գիտակցի՝ մեզ հարվածելու պարագայում կստանա անդառնալի վնասներ։ Ատոմային զենք ունենալու մասով ևս մենք ունենք մի շարք նախադրյալներ, սովետական միության տարիներին գրեթե բոլոր միջուկային մասնագետները հայեր էին, այժմ էլ մենք ունենք Մեծամորի ատոմակայան ու մի շարք բարձրակարգ մասնագետներ, որոնք կկարողանան լուծել իրենց առաջ դրված խնդիրը։

Այնպես որ մեր մտքից հանենք զոհի հոգեբանությունը, հանենք գունավոր ակնոցները և կառուցենք այնպիսի պետություն, որն ի վիճակի կլինի պաշտպանել հայերիս ցանկացած ագրեսիայից։ Իսկ դրան հասնելու համար ինքդ պետք է լինես խելացի ագրեսոր։

wpn-zarhing