Երբ կուսությունից խոսում են քարդաշյանները, իսկ խումարբազության արգելքից՝ Բիլզերյանները

Երբ կուսությունից խոսում են քարդաշյանները, իսկ խումարբազության արգելքից՝ Բիլզերյանները

Նախորդ շաբաթ ազգային ժողովում թեժ քննարկումներ էին: Պատճառը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի ներկայացրած նախագիծն էր, որով նախատեսվում էր Ամենայն հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել օրենքով՝ տրամադրելով այնպիսի արտոնություններ, ինչպիսիք ունեն երկրի նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը: Սրա համար հիմք էր ծառայել ամիսներ առաջ Կաթողիկոսի հետ կապված դեպքը, երբ որոշ ակտիվիստներ, պահանջելով վեհափառի հրաժարականը, ֆիզիկական որոշակի ընդհարում էին ունեցել վերջինիս հետ:
Արդյունքում, սակայն, օրինագիծը չընդունվեց: Երկար բանավեճերից հետո նախագիծը դրվեց քվեարկության և, ստանալով 28 կողմ, 10 ձեռնպահ ձայն, տապալվեց: Քվեարկությունից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց.

«Սա Անկախ Հայաստանի ամնախայտառակ քվեարկությունն էր: Հայ ժողովրդին պետք է հստակ պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորությունն ու սեռական փոքրամասնությունների՝ «գոմիկների» քարոզը՝ երկրորդական դարձնելով եկեղեցու պատասխանատվությունը»:

Տեղի ունեցածը Շարամազանովի վերջերս ծավալած «կոմպանիայի» տրամաբանական շարունակությունն էր: Վերջին շաբաթների ընթացքում նա ամեն կերպ ուզում է հանդես գալ ազգային-պահպանողական գործչի դիրքերից՝ փորձելով ինչ-ինչ քաղաքական դիվիդենտներ շահել: Ժողովրդական լեզվով ասած. «ՀՀԿ-ն կախ է ընկել փրփուրներից»: Երկար ու ձիգ տարիների ընթացքում ունենալով միանձնյա իշխանություն, ունենալով բոլոր հնարավոր լծակները՝ երկիրը կառավարելու համար՝ ՀՀԿ-ն տապալվել է բառի ամենաուղիղ իմաստով: Ծառը ճանաչելի է իր պտղից. այս տարիների ընթացքում երկիրը լքել են հարյուր հազարավոր քաղաքացիներ՝ սա է ՀՀԿ-ի գործունեության ամենամեծ ցուցիչն ու գնահատականը: Ու այսօր, երբ կրկին սպասվում են խորհրդարանական ընտրություններ, ՀՀԿ-ն փորձում է ինչ-որ գաղափարական հենք գտնել՝ ժողովրդի մեջ պետքական երևալու համար:

Ազգային, պահպանողական, քրիստոնեական արժեքների դեմ այսօր կան ծառացած բազմաթիվ մարտահրավերներ: Խնդիրն, իհարկե, արդիական է: Ու չունենալով այլևս որևէ հիմնավոր ասելիք սեփական ժողովրդին՝ ՀՀԿ-ն փորձում է խաղարկել այս թեման: Ճշտի մասին խոսել կարող են բոլորը, սակայն ՀՀԿ-ի պարագայում իրավիճակը նման է մոտավորապես հետևյալին. պատկերացրեք՝ կուսությունից ու հայ կնոջ կերպարից սկսի խոսել Կիմ Քարդաշյանը:
Որոշ ժամանակ առաջ էլ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր օրինագիծ էր պատրաստել՝ ընդդեմ խաղամոլության: Սա էլ նման էր նրան, որ ասենք ղումարի դեմ պայքարից սկսեր խոսալ պոկերի արքա Բեն Դիլզերյանը:

Այո, ճշմարտությունը բարձրաձայնել կարող են բոլորը, սակայն կարևոր է նաև՝ թե ով է բարձրաձայնողը: Ինչքան էլ մենք լինենք սոված, երբեք չենք վերցնի այն պատառ հացը, որը մեկնում է խոլեռայով հիվանդ օգնողի ձեռքը:
Ժողովուրդը, միանշանակ, այնքան միամիտ չէ, որ կուլ տա Շարմազանովի և իր կուսակիցների խայծը, բայց , այնուամենայնիվ, այս ամենում կա մի ցավալի իրողություն: Երբ ռեալ խնդիրների, դրանց արդիականության մասին բարձրաձայնում է մի ուժ, որը անմնացորդ վարկաբեկված է ժողովրդի մեջ, ակամայից վարկաբեկվում է նաև տվյալ թեման: Ու եթե Շարմազանովի խոսքից հետո, իսկապես արժանի մի անձ, ոտքի կանգնի ու ասի այն, ինչ ասում էր կարկառուն հանրապետականը, ակամայից ինքն էլ իր կհայտնվի հարվածի տակ՝ քաղաքական կամ սոցիոլոգիական ինչ որ չգրված կանոնի համաձայն:

Սա բնավ չի նշանակում, որ ազգային-պահպանողական արժեքներից այսօր չպետք է խոսել: Սա ուղղակի փաստում է, որ մենք չունենք մինչ օրս ձևավորված որևէ քաղաքական ուժ, որն իրեն իրավունք կվերապահեր խոսել ազգային, պահպանողական ու քրիստոնեական արժեքների դիրքերից: Այդ մենաշնորհը տարիներ շարունակ սեփականաշնորհել էր ՀՅԴ-ն, սակայն ՀՅԴ-ն ևս սկսեց վերջնականապես հայտնվեց պատմության լուսանցքում՝ երբ ստանձնեց պատասխանատվություն՝ ՀՀԿ-ի հետ միասին կոալիցիա կազմելով:

Սուրբ տեղը երբեք դատարկ չի մնա. ՀՀ քաղաքական դաշտը գտնվում է երկունքի մեջ ու իրական ազգային-պահպանողական քաղաքական ուժի ծնունդն ընդամենը ժամանակի հարց է դարձել:

Վարդան Սրտաշյան

wp-apeth