Ուժային կառույցների բարեփոխման խնդիրը

Ուժային կառույցների բարեփոխման խնդիրը

Գիշերվա կեսին մայրս արթնացրեց, թե. «Այ բալա, վարը մարդ կա, տունը գող է մտե, հըլը զարթնի»: Տան երկրորդ հարկից սկսեցինք ականջ դնել, թե ինչ է կատարվում ներքևում: Մեկ էլ շրըըըըխկ. գողը մթության մեջ տեղաշարժվելիս, չնկատելով դիմացը դրված աթոռը, խախտում է տան անդորրը չարագույժ «շուխուռով»: Ինչ թաքցնեմ, լեղաճաք էղա, բայց դե տան տղամարդն իրավունք չունի ցույց տալու իր վախը: Գոռալով սկսեցի խոսել մորս հետ, այնպես, որ գողը լսեր իմ «առնական ձայնը». «Մա ջան, հըլը տապոռը տու, իջնիմ տեսնիմ ով է տուն մտել. մորթեմ գամ»: Խեղճ մայրս լուրջ ընդունեց ասածս, մոտեցավ ինձ ու ականջիցս շշնջաց. «Տղա ջան, տապոռի անուն մի տու, վարն է, մեկ էլ տեսար ինքը ձեռն առավ»:

Մեր գողը հասկանալով, որ «վառել է», դուրս եկավ տանից ու կանգնեց ուղիղ բալկոնի տակ, դե իսկ այնտեղ կանգնած էր մայրս՝ ում դուրս էին հանել սենյակից՝ անվտանգության նկատառումներով. վերջինս իրեն չկորցրեց, վերցրեց ձեռքի տակ ընկած գորգ թափ տալու հարմարանքն ու «առռըհա» սրա գլխին: Գողը փախավ… Որոշ ժամանակ զգուշանում էի իջնել ներքև՝ մտածելով, թե ներքևում կարող է դեռ մարդ լինի: Բայց դե երեսս պնդելով ու տան տիրոջ համառությամբ իջա: Ամեն ինչ նորմալ էր, մենակ թե գողն իր հետ տարել էր կոշիկներս, մեկ էլ «վիշնյովկայով» լցված գեղեցիկ գրաֆինը: Մայրս խիստ վախեցած էր, որոշեց զանգել ոստիկանություն. ժամը գիշերվա 4-ն էր: Ոստիկանության հերթապան լսեց եղածն ու պատասխանեց հետևյալը.

  • Քուր ջան, մենք հմի սպես հեչ բան էլ չենք կռնա էնենք, եկուց արի դիմում գրե, գուկանք կնայենք:
  • Այ ախպեր ջան, ան ու հմի գողը հետ գուկա մեզի կսպանե, ես ինչղ հմի էրթամ քնիմ, սպասեմ եկուցվան, թե եպ պտի գամ դիմում գրեմ:
  • Ձևն ըդպես է քուր ջան, ինչ էնեմ…

Այս պատմությունը տեղի է ունեցել մոտ 10 տարի առաջ ու կրկին անգամ այն հիշեցի, երբ ընկերս պատմեց բոլորովին վերջերս տեղի ունեցած մի դեպք. 58 թաղամասում՝ եկեղեցու հարևանությամբ, մի լակոտ պոկում է կնոջ պայուսակը ձեռքերից ու փախչում: Կինը սկսում է գոռալով հետևից վազել. ընկերոջս կողքն անտարբեր կանգնած է լինում համազգեստավոր մի ոստիկան: Միամիտ հարցին, թե ինչու չես հետապնդում գողին, հնչում է նույնքան միամիտ պատասխան. «գրավոր դիմում չունինք»:

Այժմ կուզենամ անդրադառնալ ոստիկանություն-քաղաքացի՝ սովետից մնացած հարաբերություններին: ԽՍՀՄ փլուզումից հետո օրգանների աշխատելաոճում, սկզբնական ժամանակաշրջանում, կարելի է ասել, ոչինչ չփոխվեց: Մարդկանց վերաբերմունքը ոստիկանությանը ևս խիստ հակասական էր: Ինչ-որ գործ սկսելու համար դիմում գրելու ավանդույթը, շարքային քաղաքացիների մոտ, եղել է տաբուի պես մի բան, իսկ այն մարդիկ, ովքեր համարձակվել են «գրել», անվանվել են «կլյավուզնիկներ» կամ «գործ տվողներ»: Իր խորը հետքն այս ամենում թողել են սովետից մնացած «գողական պանյատները» ու ժողովրդի մենթալիտետը: Ժամանակի ընթացքում որոշ փոփոխություններ ոստիկանական համակարգում եղան. կարելի է ասել, որ վերջիններիս գործելաոճից դուրս եկավ ծեծի միջոցով խոստովանություններ կորզելու պրակտիկան, իսկ օրենքը, կարծես, սկսեց գործել: Սակայն դիմում գրելը դեռ մնացել է արդիական: Ուժայինները՝ ոչ միայն ոստիկանությունն, ինչ որ հետաքննություն սկսելու համար ունեն գրավոր հիմքի կարիք: Այս մոտեցումը պետք է վերացնել: Օրգանի աշխատողները չպետք է նստեն իրենց կաբինետներում ու սպասեն ինչ-որ դիմումի, այլ հենց իրենք պետք է գնան հանցագործության հետքերով:

Բերեմ ևս մի թարմ օրինակ: Վերջին մեկ ամսվա ընթացքում աղմկահարույց բացահայտումներ սկսեց անել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը՝ կապված Սպիտակի երկրաշարժի պատճառով բնակարան կորցրածների բնակբաշխման գործընթացի խարդախությունների հետ: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում ամեն օր սկսեց մեկական բացահայտում անել, թե ինչպես մեկ հասցեի դիմաց մարդիկ մի քանի անգամ ստացել են տարբեր բնակարաններ: Բացահայտումները վերաբերում էին մի թեմայի, որը խիստ զգայուն է բոլորիս համար: Տարիներ շարունակ հազարավոր մարդիկ են տանջվել խարխուլ ու խոնավ տնակներում, դրանցում սերունդ է մեծացել՝ բազմաթիվ հիվանդություններով. մարդիկ սպասել են, թե երբ է պետությունն իրենց փոխհատուցելու, փոխարենը, որոշ անբարեխիղճ պաշտոնյաներ բնակարան տալու գործընթացը դարձրել էին բիզնես: Այս երևույթը նույնքան դատապարտելի է, որքան բանակից «տուշոնկա» գողանալը: Ու նմանատիպ հանցագործությունների մասին հրապարակային հաղորդումները դատախազության կամ ոստիկանության կողմից սկզբնական շրջանում մնում էին անարձագանք: Մի քանի օր անց լրատվամիջոցները սկսեցին անդրադառնալ խնդրին, ֆեյսբուքում հասարակական բուռն արձագանք գրանցվեց, ինչից հետո միայն Խաչատրյանին հրավիրեցին դատախազություն և հորդորեցին դիմում գրել:

Օրինակները բազմաթիվ են. փոփոխություններ ոստիկանական համակարգում պետք է իրականացվեն օր առաջ՝ նախ այն պատճառով, որ վերջին շրջանում մեծացել է հանցագործությունների թիվը, ինչպես նաև նրա, որ «թավշյա» հեղափոխությունից հետո կարիք կա բացահայտելու մեծ թվով հանցագործություններ, որոնք տեղի են ունեցել նախորդ ռեժիմների օրոք: Զուգահեռ պետք է աշխատել փոխել մարդկանց մտածելակերպը, վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ՝ հանրային ընկալման մեջ նրանց բացասական կերպարը դրականի վերածելով:

Այդ ժամանակ միայն մարդիկ կհասկանան, որ ոստիկանությունը ժողովրդի պաշտպանն է նույնքան, ինչքան պաշտպանության բանակը, իսկ հանցագործությունը բացահայտելու համար ոստիկանություն դիմելը չի լինի ամոթ բան կամ ինչպես փողոցային ժարգոնով են ասում՝ «զապադլո» գործ:

Վարդան Սրտաշյան

wp-apeth