Սարգիս Շահինյանը՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ

Սարգիս Շահինյանը՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ

«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի շարքերը համալրել է 24-ամյա հայ կիսապաշտպան Սարգիս Շահինյանը: Վերջինս «Միկայի» սան է, հանդես է եկել պորտուգալական «Բրագայի» Մ19 թիմում, «Փյունիկում», «Գանձասար-Կապանում», «Արարատում», «Ալաշկերտում» և բուլղարական «Մոնտանայում»։ 24-ամյա կիսապաշտպանը դարձել Հայաստանի կրկնակի գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր։ Սարգիսը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում։ Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Լոռի» ակումբի ֆուտբոլիստ:

Ավելի վաղ չեմպիոնի շարքերը համալրել է նաև 27-ամյա բրազիլացի եզրային պաշտպան Գիլյերմո Անտոնիո դե Սոուզան (Ալեմաո): Ալեմաոն հանդես է եկել պորտուգալական «Մարիտիմո», «Տուրիզենսե», «Լեյշոեշ» և մի շարք այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է պորտուգալական «Օլիվեյրենսե» ակումբի ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ավարտվել էր Վարդան Մինասյանի և ակումբի միջև կնքված պայմանգրի ժամկետը և կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել այն: Մինասյանը թիմը գլխավորում էր 2018 թվականից: «Արարատ-Արմենիան» նրա գլխավորությամբ անցկացրել է 69 խաղ, տարել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի և կրել 14 պարտություն: Երկամյա աշխատանքի ընթացքում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ սուպերգավաթակիր և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Եվրոպա Լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլ:

Վարդան Մինասյանի հեռանալուց հետո թիմը գլխավորել է Վանաձորի «Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան: Իսպանացին նախկինում աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում: 46-ամյա մասնագետը Հայաստան է ժամանել օգնական-վերլուծաբան Ֆրանցիսկո Կոմպանի, ֆիզ. պատրաստության մարզիչ Խորխե Գոմեսի և դարպասապահների մարզիչ Ֆելիքս Ռամիրեզի հետ: Կամպանիայի մարզչական շտաբում իր աշխատանքը կշարունակի նաև մոլդովացի մասնագետ Դենիս Զմեուն:

Այս ընթացքում թիմից հեռացել է Անտոն Կոբյալկոն: 34-ամյա ռուս հարձակվողի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել էր: Վերջինս թիմին միացել էր 2018 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Անտոնը մասնակցել է 65 խաղի և դարձել է 30 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Կոբյալկոն արդեն հասցրել է նոր թիմ տեղափոխվել, նա մրցելույթները կշարունակի Երևանի «Փյունիկում»: «Արարատ-Արմենիայից» հեռացել է նաև թիմի մարզիչներից Արտակ Օսեյանը, որը գլխավորել է Երևանի «Փյունիկը»:

Հեռացողների թվում է նաև պաշտպան Դմիտրի Գուզը: 32-ամյա ռուս պաշտպանի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը նույնպես ավարտվել էր: Գուզը թիմին միացել էր 2018 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Դմիտրին մասնակցել է 60 խաղի և դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Ռուժդի Աշենտեն նույնպես հեռացել է «Արարատ-Արմենիայից». ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել էր: Ռուժդի Աշենտեն թիմին միացել էր 2019 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Ռուժդին մասնակցել է 24 խաղի և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ:

wp-apeth